Յուրաքանչյուր տարի աշխարհով մեկ տասնյակ և հարյուր հազարավոր մարդիկ փորձում են ինքնասպանություն գործել, և նրանց փոքր մասի մոտ դա հաջողվում է:
Կան երկրներ, որտեղ ինքնասպանության դեպքերը գերազանցում են ճանապարհատրանսպորտային պատահարների և սպանությունների դեպքերը:
Սակայն ինքնասպանության փորձը կարող է կանխարգելվել: Նման մտքերով լցված մարդուն իր մտադրությունից հետ պահելու առաջին քայլը նրա վարքագծում կամ պահվածքում որոշ «հուշող»՝ նախազգուշացնող նշաններ նկատելն է, որից հետո նրա հետ անկեղծ զրուց նախաձեռնելը:
Իհարկե, ինքնասպանության մտքեր կամ զգացումներ ունեցող մարդուն զրույցի մեջ «ներքաշելը» հեշտ գործ չէ և պահանջում է շփման, հաղորդակցման և զրույց վարելու լուրջ հմտություններ: Սակայն, փորձել միշտ էլ արժի՝ անկախ ձեզ մոտ այդ հմտությունների առկայության:
Ինչպե՞ս իմանալ, որ ինչ-որ մեկի մոտ առկա են ինքնասպանության մտքեր
Մարդիկ երբեմն կարող են պատկերացնել, որ ինքնասպանությունը հանկարծակի կամ «պահի տակ» իրագործվող քայլ է: Իրականում, մինչև ինքնասպանություն գործելը, տվյալ մարդու մոտ որոշակի ժամանակ ընթանում է իսկական դրամա՝ իր ելևէջներով, ինքնասպանության մղող և հետ քաշող մտքերի և հույզերի պայքարով: Որոշ դեպքերում մարդը կարողանում է «խնամքով» թաքցնել իր մտադրությունը, այլ դեպքերում նրա մոտ ի հայտ են գալիս որոշակի «արտաքին դրսևորումներ»:
Իմացե՛ք ավելին ինքնասպանության մտքերի նախազգուշացնող նշանների մասին:
Ինչպե՞ս կարող եք օգնել
Յուրաքանչյուր մարդ կարող է օգնել հնարավոր ինքնասպանության դեպքի կանխարգելմանը: Եթե դուք ինչ-որ մեկի մոտ նկատում եք ինքնասպանության մտքերի նշաններ կամ կարծում եք, որ նա իրեն արտասովոր կերպով է դրսևորում, փորձեք զրույց սկսել: Ահա նմանատիպ կանխարգելիչ զրույց վարելու փուլերը:
- Հարցրեք, թե ամեն ինչ նորմա՞լ է: Հարցրեք հանդարտ և ընկերական տոնով, սակայն եղեք հնարավորինս սպեցիֆիկ (օրինակ՝ «այսօր կարծես քչախոս ես դարձել, ինչ-որ բա՞ն է պատահել»):
- Լսեք. ձեր զրուցակցի ցանկացած պատասխան ընդունեք լրջորեն և որևէ կերպ մի ընդհատեք նրան: Մի քննադատեք, սակայն ըմբռնումով մոտեցեք նրա ներկայացրած դեպքերը, զգացումներն ու մտքերը: Նպաստեք զրույցի շարունակությանը (օրինակ, հարցրեք՝ «ինչքա՞ն ժամանակ է շարունակվում քո այս վիճակը») և ամեն կերպ ցույց տվեք, որ ամենայն ուշադրությամբ լսում և հասկանում եք ձեր զրուցակցին:
- Աջակցեք գործողությունները. տվեք այսպիսի հարցեր՝ «նախկինում ինչպե՞ս ես հաղթահարել այս վիճակը» կամ «ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ, ի՞նչ կարող եմ անել»: Եթե տվյալ անձի մոտ տրամադրության շեղումները (օրինակ՝ դեպրեսիա) շարունակվում են 2 շաբաթ և ավելի երկար, ապա աջակցեք ու քաջալերեք նրան, որպեսզի դիմի խորհրդատվական կամ բժշկական որևէ ծառայություն:
- Կապի մեջ մնացեք. հիշեք և հաճախակի ու պարբերաբար կապ հաստատեք այդ մարդու հետ: Օրինակ, դուք կարող եք զանգել և ասել՝ «ես քո մասին էի մտածում մեր վերջին զրույցից հետո և կուզեի իմանալ՝ ի՞նչ կա-չկա, ինչո՞վ ես զբաղված»: Համոզվեք, որ ձեր հետաքրքրությունն ու հոգածությունն ազնիվ են, և ոչ թե ձևական:
Ի՞նչ անել, եթե մարդը չի ցանկանում ձեզ հետ խոսել
Եթե ըստ ձեզ ինքնասպանության մտքերով ծանրաբեռնված մարդը չի ցանկանում ձեզ հետ զրուցել կամ զրուցը «փակում է»՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, մի փորձեք նրան հակաճառել, հակադրվել կամ քննադատել: Պարզապես տեղեկացրեք նրան, որ դուք, այնուամենայնիվ, անհանգստացած եք վերջերս նրա վարքագծում նկատվող փոփոխություններից և բնավ անտարբեր չեք նրա վիճակի նկատմամբ:
Առաջարկեք ձեր օգնությունը, եթե կարծում եք, որ ավելի ուշ կարող է ձեր զրույցը ստացվել և հարցրեք, թե արդյոք այդ մարդը ցանկանո՞ւմ է, որ նախատեսված հանդիպմանն այլ մարդիկ ևս ներկա գտնվեն:
Արդյոք իմ հարցով կարո՞ղ եմ նպաստել ինքնասպանության իրագործմանը
Ոչ: Որևէ տվյալ չկա այն մասին, որ եթե դուք ինչ-որ մեկին հարցնեք, թե արդյոք նա ունի՞ ինքնասպանություն գործելու մտքեր, ապա ձեր այս հարցով զրուցակցին կարող եք վնաս պատճառել կամ դրդել իր մտադրության ի կատար ածմանը:
Ընդհակառակը, նման անձը պետք է համոզվի, որ ձեր հարցերով ու հետաքրքրությամբ դուք բաց ու ազատ եք, ումից նա կարող է օգնություն հայցել:
Օգնություն տրամադրող ծառայություններ
Որևէ մեկին ինքնասպանության մտքից հետ կանգնացնելիս հիշեք նաև, որ ձեզ կարող են օգնել՝
- տվյալ մարդուն հարազատ մարդիկ, ում նա վստահում է՝ ընկեր, զուգընկեր, գործընկեր, ընտանիքի անդամ և այլն
- այդ մարդու բժիշկը
- փրկարարներ (զանգեք 911)
- ոստիկաններ (զանգեք 1-02)
- շտապբուժօգնություն (զանգեք 1-03)
- հոգեկան առողջության ծառայություն (խորհրդատու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ կամ հոգեբույժ):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024