Խորխում արյան հայտվնելը՝ արյունախխումը հազալիս թոքերից կամ բրոխային շնչուղիներից եկող արյունային արտադրությունն է։
Արյունային արտադրության չափը կարող է լինել տարբեր՝ սկսած արյան հետքերից (մի քանի կաթիլ) մինչև արյան բավականին մեծ քանակներ։
Եթե ձեր կամ ձեր կողքը գտնվող որևէ մեկի հազն ուղեկցվում է արյան մեծ քանակների դուրս գալով, առավել ևս, եթե առկա է նաև շնչառության խանգարում (հևոց, շնչարգելություն), անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։
Ի՞նչ է արյունախխումը
Արյունախխումը (հեմոպտիս) վերաբերվում է միայն այն դեպքերին, երբ հազալիս արյունը գալիս է թոքերից կամ բրոնխներից։ Եթե արյունը հայտնվում է ձեր թքի մեջ կամ բերանի խոռոչում բերանից, քիթ-ըմպանից կամ կոկորդից սկսված արյունահոսության պատճառով կամ փսխում եք արյունային պարունակություն՝ եկած ձեր ստամոքսից կամ կերակրափողից, դրանք արյունախխում չեն համարվում։
Արյունախխման հիմնական պատճառը թոքերի անոթներից արտահոսքն է կամ դրանց պատերի թափանցելիության բարձրացումը։
Արյունախխման պատճառները
Արյունախխման ամենահաճախ հանդիպող պատճառը բրոնխների վարակն է, որը հայտնի է որպես բրոնխիտ։
Արյունախխման մյուս պատճառներից են՝
- բրոնխոէկտազ՝ հիվանդություն, երբ ախտահարվում են թոքերի օդուղիները
- թոքի քաղցկեղ
- թոքի տուբերկուլոզ
- թոքային էմբոլիա կամ թոքի ինֆարկտ, երբ խցանվում է թոքերն արյունամատակարարող զարկերակը
- թոքաբորբ (պնևմոնիա) կամ թոքերի այլ վարակային հիվանդություններ (օրինակ՝ թոքի թարախակույտ)
- ստորին շնչուղիներում օտար մարմին
- սրտային հիվանդություններից պատճառված թոքային կանգ և այտուց
- հակամակարդիչ դեղերի օգտագործում։
Որոշ դեպքերում արյունախխման պատճառը մնում է անհայտ նույնիսկ գործիքային հետազոտություններից հետո։
Արյունախխման ախտորոշումը
Արյունախխման հսկողությունը և վարումը կազմակերպվում է՝ կախված արյունահոսության առատությունից և հաճախությունից, ինչպես նաև կախված ձեր ընդհանուր վիճակից։ Եթե ձեր վիճակը ծայրահեղ ծանր է, մինչև ախտորոշիչ որևէ հետազոտություն անցկացնելն անհրաժեշտ կլինի նախ կայունացնել ձեր վիճակը՝ կազմակերպելով անհետաձգելի բուժօգնության միջոցառումներ։
Արյունախխման պատճառը գտնելու համար բժիշկը կարող է ձեզ ուղղել հարցեր, որոնք վերաբերվում են ձեր հազի առաջացման պատճառներին, հազի հաճախականությանը, խորխի բնույթին, ուղեկցող ախտանիշներին, նախկինում կրած հիվանդություններին և այլն։
Այնուհետև բժիշկը կզննի ձեզ, կչափի ձեր մարմնի ջերմաստիճանը, կստուգի ձեր արյան ճնշումը, կշոշափի ձեր անոթազարկը (պուլս) և կնշանակի որոշ արյան թեստեր և թոքերի ստուգման գործիքային հետազոտություններ, այդ թվում՝ կրծքավանդակի ռենտգեն, թոքերի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) և, ըստ անհրաժեշտության և ցուցումների՝ նաև բրոնխոսկոպիա։
Արյունախխման բուժումը
Ձեզ առաջարկվող բուժման տեսակը գլխավորապես կախված է լինելու արյունային հազի առաջացման պատճառից։ Օրինակ, եթե այս վիճակի հիմքում ընկած է բակտերիալ վարակը, ձեզ ամենայն հավանականությամբ կնշանակվի որևէ հակաբիոտիկ։
Եթե ձեր հազին ուղեկցող արյան քանակները մեծ են, բժիշկը կարող է առաջարկել արյունահոսությունը դադարեցնող շտապ բրոխոսկոպիական կամ վիրահատական միջամտություն, նույնիսկ եթե հիմնական հիվանդությունն անհայտ է։
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024