Հիսթերիկ անձնային խանգարմամբ մարդկանց բնորոշ է չափազանց հուզականությունը և շրջապատից դրական գնահատական ստանալու և ուշադրության արժանանալու մշտական պահանջը:
Այս անձնային խանգարումը երբեմն կարող է կապված լինել թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահման հետ:
Հիսթերիկ (histrionic) բառը թարգմանաբար նշանակում է թատերական, գերհուզական:
Իմացե՛ք ավելին անձնային խանգարումների մասին:
Հիսթերիկ անձնային խանգարման ախտանիշները
Հիսթերիկ անձնային խանգարմամբ մարդիկ անընդհատ խաղում են որոշակի դեր` այնքան մտնելով նրա մեջ, որ դժվար է հասկանալ, թե որն է նրանց իրական «ես»-ը: Նրանցից ոմանք նույնիսկ դառնում են հաջողված դերասաններ, սակայն ունենում են ծանր և դժվարություններով լի կյանք: Կա շրջանառող կարծիք այն մասին, որ որոշ աչքի ընկնող անհատականություններ նույնպես կարող են ունենալ հիսթերիկ կամ այլ տիպի անձնային խանգարումներ:
Հիսթերիկ անձնային խանգարմամբ մարդկանց հիմնական բնութագրիչներն են՝
- անընդհատ ուշադրության արժանանալու մշտական փնտրտուքի մեջ են
- ծայրաստիճան անհարմարավետ են իրենց զգում բոլոր այն իրավիճակներում, որտեղ ուշադրության կենտրոնում չեն կամ գործողությունները պատասխան ռեակցիա չեն ստանում
- անհամարժեք գայթակղիչ են, ինչը դրսևորվում է հագուկապում, արտաքին տեսքում (գունեղ տարբերվող արտաքին և հագուստներ, վառ արտահայտված, տարօրինակ շպար), վարվելաձևում, միմիկայում (ակտիվ, շարժուն), ժեստիկուլացիայում, շարժուձևում, խոսքերում և այն ամենում, ինչը կարող է չվրիպել շրջապատի ուշադրությունից կամ դրսևորում են պրովոկացիոն սեքսուալ պահվածք
- դրսևորում են ոչ համարժեք, չափազանցեցված, սակայն՝ կարճատև հույզեր, որոնք կարող են անսպասելի կտրուկ փոփոխվել (օրինակ՝ քիչ ծանոթ մարդկանց հետ հանդիպելիս կարող են այնպես ողջունել, կարծես թե վաղուց են ծանոթ, ուրախություն են դրսևորում աննշան առիթով կամ անզուսպ լացում են ամենաչնչին սենտիմենտալ առիթներով)
- չափազանց կենտրոնացած են սեփական ֆիզիկական գրավչության վրա, որ գրավեն այլոց ուշադրությունը (այս գերակայող գաղափարը զբաղեցնում է նրանց ամբողջ ժամանակը)
- խոսում են ընդհանրական՝ առանց հստակ մանրամասնությունների և սահմանափակվում են մակերեսային բնութագրերով
- իրենց պահում են խիստ թատերականացված՝ գերդրսևորվող անկայուն հույզերով լի (արագ և հեշտ անցում են կատարում տրամադրության մի տեսակից մյուսին)
- հիվանդագին են արձագանքում իրենց արտաքին տեսքին կամ գործողություններին ուղղված դիտողություններին կամ քննադատությանը
- այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները տեսնում են ավելի սերտ կամ ինտիմ, քան իրականում է
- խիստ էգոցենտրիկ են և չեն կարող սպասել, համբերել, հետաձգել ցանկությունների բավարարումը և ձգտում են միանգամից ստանալու այն, ինչ ցանկանում են
- անհանդուրժող են դժվարությունների նկատմամբ (սակայն, ի տարբերություն սահմանային անձնային խանգարման` իմպուլսիվության ժամանակ չեն կատարի իրենց և ուրիշների կյանքի համար վտանգավոր արարքներ):
Հիսթերիկ անձնային խանգարման նշանները սովորաբար ի հայտ են գալիս վաղ չափահաս տարիքում:
Բազմաթիվ մարդիկ ունեն վերևում թվարկված նշաններից մեկը կամ մի քանիսը, սակայն կարող են նորմալ կյանքով ապրել, ուստի՝ չունեն հիվանդություն: Հիսթերիկ անձնային խանգարումը վարքագծերի, մտածողության և հույզերի երկարատև շեղում է, որը դժվարություններ է ստեղծում ինչպես տվյալ մարդու, այնպես էլ շրջապատի համար, ինչպես նաև խաթարում է այդ մարդու առօրյա նորմալ գործունեությունը: Անձնային խանգարմամբ մարդիկ դժվարությամբ են փոփոխում իրենց վարքագծերը կամ հարմարվում տարբեր իրավիճակներին: Նրանք դժվարությամբ են այլ մարդկանց հետ դրական փոխհարաբերությունների մեջ մտնում և չեն կարողանում պահպանել կայուն աշխատանքային կապեր:
Ի՞նչն է հիսթերիկ անձնային խանգարման պատճառը
Այս խանգարման պատճառը լիարժեք բացահայտված չէ: Հիսթերիկ անձնային խանգարմամբ մարդկանց ընտանիքներում ավելի հաճախ է հանդիպում որևէ տեսակի անձնային խանգարումը: Որոշակի դեր կարող է խաղալ նաև մանկական հասակում բռնության ենթարկվելը, տրավման կամ անտեսվելը: Սակայն այս խանգարումը կարող է ի հայտ գալ նաև նորմալ և երջանիկ ընտանիքում մեծացած մարդկանց մոտ:
Հիսթերիկ անձնային խանգարման ախտորոշումը
Հիսթերիկ անձնային խանգարումն ախտորոշվում է հոգեբույժի կամ կլինիկական հոգեբանի կողմից, միայն չափահաս այցելուի մոտ: Ախտորոշումը կարող է որոշակի ժամանակ պահանջել՝ մինչև մասնագետները մանրակրկիտ կերպով կծանոթանան տվյալ մարդուն:
Հիսթերիկ անձնային խանգարման բուժումը
Հիսթերիկ անձնային խանգարման հիմնական բուժումը երկարատև հոգեբանական բուժումն է (հոգեթերապիա), ինչպիսիք են հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքաբանական թերապիաները:
Այս խանգարմամբ որոշ մարդիկ կարող են ունենալ այլ խնդիրներ ևս, օրինակ՝ ալկոհոլի և ապօրինի թմրամիջոցների չարաշահում, տագնապ և դեպրեսիա, որոնք իրենց հերթին պահանջում են համապատասխան բուժումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024