Ո՞ւմ է պետք HPV պատվաստանյութը: Քանի՞ դեղաչափ: Ի՞նչ գիտենք կողմնակի ազդեցություններին: Ստացեք այս և այլ հարցերի պատասխանները:
Մարդու պապիլոմավիրուսը, որը նաև կոչվում է ՄՊՎ (HPV), փոխանցվում է սեռական գործունեության միջոցով: ՄՊՎ-ի որոշ շտամներ առաջացնում են սեռական գորրտնուկներ (կոնդիլոմաներ): ՄՊՎ-ի այլ շտամներ կարող են քաղցկեղ առաջացնել:
Դեպերի մեծ մասում օրգանիզմը կարող է հայտնաբերել և հեռացնել ՄՊՎ-ն: Բայց եթե վիրուսը երկար ժամանակ մնա օրգանիզմում, կարող է քաղցկեղ առաջացնել: ՄՊՎ-ի դեմ պատվաստումն օգնում է կանխել քաղցկեղը տղամարդկանց և կանանց մոտ:
Ահա թե ինչ պետք է իմանալ ՄՊՎ պատվաստանյութի մասին:
Ի՞նչ է անում ՄՊՎ պատվաստանյութը
ՄՊՎ պատվաստանյութը պաշտպանում է սեռական օրգանների գորտնուկներից և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի մեծ մասից: Այն պաշտպանում է ՄՊՎ-ի պատճառով հեշտոցի, ամոթույքի (վուլվա), առնանդամի կամ հետանցքի (անուս) քաղցկեղից: ՄՊՎ պատվաստանյութը նաև պաշտպանում է ՄՊՎ-ի կապված բերանի խոռոչի, կոկորդի, գլխի և պարանոցի քաղցկեղներից:
Պատվաստանյութն օրգանիզմին ապահովում է ՄՊՎ-ի որոշ շտամների նկատմամբ իմունային համակարգի պաշտպանունակությամբ: Սա նշանակում է, որ օրգանիզմն ավելի հեշտությամբ է մաքրում վիրուսի այդ շտամները, եթե անձն ավելի ուշ վարակվի դրանցով:
Ո՞ւմ համար է նախատեսված ՄՊՎ պատվաստանյութը և ե՞րբ պետք է այն տրվի
Գարդասիլ 9 պատվաստանյութը հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից (FDA): Այն կարող է տրվել 9 տարեկան և բարձր տարիքի մարդկանց։ Այս պատվաստանյութը կարող է տրվել մյուս պատվաստանյութերի հետ միաժամանակ:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) առաջարկում է ստանդարտ ՄՊՎ պատվաստում 11 կամ 12 տարեկանում: Պատվաստման լավագույն տարիքը նախքան սեռական հարաբերություններ ունենալն է:
Երբ անձը վարակվում է ՄՊՎ-ով, պատվաստանյութը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել: Դա պայմանավորված է նրանով, որ պատվաստանյութի նպատակը նոր վարակի կանխարգելումն է, այլ ոչ թե հին վարա,ի բուժումը: Եթե ա ձը վիրուս ունի, պատվաստանյութը կարող է չօգնել օրգանիզմին, որ հեռացնի վիրուսը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ տարիքում պատվաստանյութի ընդունումը կապված չէ սեռական ակտիվության վաղ սկզբի հետ:
15 տարեկանից փոքր անձինք կարող են պատվաստվել երկու դեղաչափով՝ 6-12 ամիս տարբերությամբ:
Մարդիկ, ովքեր սկսում են պատվաստանյութերի շարքը ավելի ուշ՝ 15-ից 26 տարեկան հասակում, պետք է ստանան պատվաստանյութի երեք դեղաչափ: Այս ներարկումներն առաջարկվում են վեց ամսվա ընթացքում:
CDC-ն առաջարկում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ կատարել մինչև 26 տարեկան բոլոր այն մարդկանց, ովքեր լիովին պատվաստված չեն:
FDA-ն հաստատել է Գարդասիլ 9-ի օգտագործումը 9-ից 45 տարեկան տղամարդկանց և կանանց համար: Եթե դուք 27-ից 45 տարեկան եք, քննարկեք ձեր ռիսկերը ձեր բժշկի հետ: Միասին դուք կարող եք որոշել, թե արդյոք դուք արժի ստանալ ՄՊՎ պատվաստանյութ:
Ո՞վ չպետք է ստանա ՄՊՎ պատվաստանյութ
ՄՊՎ պատվաստանյութ չի տրվում հղիության ընթացքում:
ՄՊՎ պատվաստանյութ խորհուրդ չի տրվում, եթե անձը ալերգիկ ռեակցիա է ունեցել ՄՊՎ առաջին պատվաստումից հետո կամ եթե անձն ունի ծանր, կյանքին սպառնացող ալերգիա:
Նաև չափավոր կամ ծանր հիվանդությամբ մարդիկ ՄՊՎ-ի դեմ պատվաստվելու համար պետք է սպասեն մինչև ինքնազգացողության բարելավումը:
Արդյո՞ք ՄՊՎ պատվաստանյութն առավելություններ ունի, եթե դուք արդեն սեռական ակտիվ եք
Սեռական ակտիվ մարդիկ պետք է խոսեն իրենց բժշկի հետ ՄՊՎ պատվաստանյութ ստանալու առավելությունների մասին:
Մարդկանց մեծ մասը վարակվում է ՄՊՎ-ով սեռական հարաբերություններ ունենալուց անմիջապես հետո: Բայց նույնիսկ եթե դուք ունեք ՄՊՎ-ի մեկ շտամ, դեռ կարող եք օգուտ քաղել պատվաստանյութից: Այն կարող է պաշտպանել ձեզ այլ շտամներից, որոնցով դեռ վարակվել:
Այնուամենայնիվ, պատվաստանյութերից ոչ մեկը չի կարող բուժել գոյություն ունեցող ՄՊՎ վարակը: Պատվաստանյութերը ձեզ պաշտպանում են միայն ՄՊՎ-ի հատուկ շտամներից, որոնցով չեք վարակվել:
Արդյո՞ք ՄՊՎ պատվաստանյութն ունի որևէ առողջական վտանգ կամ կողմնակի ազդեցություն:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՄՊՎ պատվաստանյութն անվտանգ է:
Ընդհանուր առմամբ, կողմնակի ազդեցությունները հակված են թեթև լինելու: ՄՊՎ պատվաստանյութերի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են ներարկման շրջանի ցավը, այտուցը կամ կարմրությունը:
Երբեմն ներարկումից հետո առաջանում է գլխապտույտ կամ ուշագնացություն։ Ներարկումից հետո 15 րոպե նստած մնալը կարող է նվազեցնել ուշագնացության ռիսկը: Նաև կարող են առաջանալ գլխացավեր, սրտխառնոց, փսխում, հոգնածություն կամ թուլություն:
CDC-ն, FDA-ն և այլ երկրների (այդ թվում՝ Հայաստանի) համապատասխան գործակալությունները շարունակաբար վերահսկում են պատվաստանյութերը արտասովոր կամ լուրջ խնդիրների համար:
Արդյո՞ք կանայք, ովքեր ստացել են ՄՊՎ պատվաստանյութ, դեռ պետք է ՊԱՊ թեստ անցնեն
Այո։ ՄՊՎ պատվաստանյութը չի փոխարինում ՊԱՊ թեստերին. Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը կանոնավոր ՊԱՊ թեստերով՝ սկսած 21 տարեկանից, կանխարգելիչ առողջապահական ծառայության կարևոր բաղադրիչն է:
Անմիջապես դիմեք բժշկի, եթե նկատում եք արգանդի վզիկի քաղցկեղի որևէ ախտանիշ: Որոշ ախտանշաններ են սեռական հարաբերությունից հետո հեշտոցային արյունահոսությունը, դաշտանների միջև կամ դաշտանադադարից հետո արյունահոսությունները, կոնքային կամ սեռական հարաբերությանն ուղեկցող ցավը:
Իմացե՛ք ավելին արգանդի վզիկի քաղցկեղի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024