Արգանդի պարանոցի քաղցկեղ
29-06-2018
2 րոպե

Արգանդի պարանոցի քաղցկեղը կնոջ արգանդի պարանոցում կամ վզիկում զարգացող չարորակ նորագոյացություն է:
Արգանդի պարանոցը հանդիսանում է արգանդի ստորին նեղ հատվածը, որի միջոցով արգանդը միանում է հեշտոցին: Արգանդի պարանոցը հեշտոցի հետ միասին ձևավորում է պտղի ծննդյան ուղին։
Կնոջ կյանքի ընթացքում նրա արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջները ենթարկվում են տարաբնույթ լուրջ ազդեցությունների և փոփոխությունների: Հազվադեպ նման փոփոխությունները ստանում են քաղցկեղային բնույթ:
Նորմայում բջիջների աճը և բազմացումն ընթանում է կարգավորված, սակայն դրանց գենետիկ փոփոխությունը կարող են այս գործընթացը դարձնել շեղված և անկառավարելի: Նման դեպքերում բջիջների անսահմանափակ աճը բերում է ուռուցքի առաջացման, որը կոչվում է «տումոր»: Ուռուցքները կարող են լինել բարորակ (ոչ քաղցկեղային) կամ մալիգնանտ (քաղցկեղ):
Արգանդի պարանոցի պոլիպները, կիստաները և սեռական գորտնուկները հանդիսանում են բարորակ ուռուցքի տեսակներ:
Հակառակ վերոնշյալին, մալիգնանտ ուռուցքները կազմված են քաղցկեղային բջիջներից, որոնք բուժման բացակայության (որոշ դեպքերում՝ նաև բուժման առկայության) պայմաններում անկառավարելի կերպով բազմանում են, տարածվում հարակից հյուսվածքներ և դուրս գալիս օրգանի սահմաններից՝ դառնալով ինվազիվ (ներաճող) քաղցկեղ:
Ըստ քաղցկեղային բջջի տեսակի (հյուսվածքաբանորեն) պարանոցի քաղցկեղները լինում են երկու տեսակի՝
- տափակ բջջային կարցինոմա, որը սկիզբ է առնում արգանդի պարանոցի մաշկանման էպիթելիալ բջիջներից և հանդիսանում է պարանոցի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակը (մինչև 80%)
- ադենոկարցինոմա, որը զարգանում է գեղձային բջիջներից և ավելի հազվադեպ հանդիպող քաղցկեղ է (մինչև 20%):
Արգանդի պարանոցի քաղցկեղը զարգացման վաղ փուլերում կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի: Եթե գանգատներն ի հայտ են գալիս, դրանք հիմնականում վերաբերվում են անսովոր հեշտոցային արյունահոսությանը, որը կարող է ի հայտ գալ սեռական հարաբերությունից հետո, միջդաշտանային շրջանում կամ դաշտանադադարից հետո:
Ոչ նորմալ հեշտոցային արյունահոսությունը դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ առկա է արգանդի պարանոցի քաղցկեղ, բայց դա նաև չի նշանակում, որ դուք կարող եք չանհանգստացնել ձեր բժշկին:
Եթե բժիշկը կասկածում է արգանդի պարանոցի քաղցկեղի առկայություն, նա ձեզ ուղեգրում է հատուկ հետազոտությունների:
Պարանոցի քաղցկեղն այն սակավաթիվ չարորակ հիվանդություններից է, որի սքրինինգով կարելի է հայտնաբերել նախաքաղցկեղային շեղումներ: Այս նպատակին է ծառայում պապ թեստը, որի շնորհիվ հայտնաբերում են նախաքաղցկեղային բջիջներ: Պապ թեստը թույլ է տալիս նաև կասկածել քաղցկեղի առկայությունն իր զարգացման ամենավաղ շրջաններում:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021