Հիստերոսկոպիան ախտորոշիչ միջամտություն է, որը թույլ է տալիս բժշկին զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում՝ կատարել բուժական միջամտություններ փոքր էնդոսկոպի՝ հիստերոսկոպի օգնությամբ:
Հիստերոսկոպիան օգտագործվում է արգանդի հետ կապված խնդիրներն ախտորոշելիս կամ բուժելիս: Հիստերոսկոպիայի մասին որոշ տեղեկություններ իմանալը նշանակում է, որ դուք ավելի լավ եք նախապատրաստված այս միջոցառմանը:
Ինչո՞ւ է հիստերոսկոպիան իրականացվում
Բժիշկը կարող է ձեզ հիստերոսկոպիա նշանակել, որ ուսուսմնասիրի արգանդի հետ կապված այնպիսի առողջական խնդիրները, ինչպիսիք են առատ դաշտանները, ոչ նորմալ արյունահոսությունները, ֆիբրոիդները (արգանդի միոմա), պոլիպները կամ անպտղությունը: Ավելին, արգանդի հետ կապված որոշ վիճակներ կարող են բուժվել հիստերոսկոպիայի ընթացքում:
Ինչպե՞ս նախապատրաստվել հիստերոսկոպիային
Ձեզ նշանակած այցից առաջ առնվազն 6 ժամվա ընթացքում դուք պետք է որևէ սնունդ կամ հեղուկ չընդունեք: Եթե ընդունում եք դեղեր, ապա տեղեկացրեք ձեր բժշկին, որ ճշտեք, թե շարունակելու եք դրանք ստանալ: Ձեր բժիշկը նաև կարող է խնդրել, որ մինչև միջամտությունը սովորական ցավազրկողներ խմեք:
Ազատորեն տվեք հարցեր ձեր բժշկին, որ առաջարկված հիստերոսկոպիային ձեր համաձայնությունը լինի տեղեկացված:
Ի՞նչ է կատարվում հիստերոսկոպիայի ընթացքում
Մինչև միջամտությունը, ձեզ կապահովեն տեղային, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանուր անզգայացմամբ (անեսթեզիա): Ձեզ կխնդրեն պառկել հավանաբար ձեզ ծանոթ ներզննման դիրքով (մեջքի վրա, ոտքերը բարձրացրած և միմյանցից հեռացված):
Այնուհետև բժիշկը ազատ ծայրին տեսախցիկ ունեցող փոքր խողովակը (հիստերոսկոպ) ներմուծում է ձեր հեշտոցով, անցնում արգանդի պարանոցով, հասնում արգանդի խոռոչ և զննում այն: Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է վերցնել և լաբորատոր թեստի համար ուղարկել ձեր արգանդի լորձաթաղանթի փոքր նմուշ (բիոպսիա): Նույն կերպ, բժիշկը կարող է հիստերոսկոպիայի ընթացքում կատարել որոշ պարզ բուժական միջամտություններ, օրինակ՝ փոքր պոլիպների հեռացում, տարբեր ներարգանդային միջոցների տեղադրում կամ հակաբեղմնավորիչ միջոցների իմպլանտացիա:
Հիստերոսկոպիայից հետո
Հիստերոսկոպիայից հետո բուժանձնակազմը ձեզ կվերահսկի այնքան ժամանակ, քանի դեռ անզգայացնող դեղերի ազդեցությունները չեն վերացել և ձեր ինքնազգացողությունը չի վերականգնվել: Այս դեղերի ազդեցության թուլացման հետ կարող եք զգալ որոշ ցավեր, որի դեպքում բժիշկը կարող է նշանակել ցավազրկողներ:
Ձեզ հավանաբար տուն կուղարկեն նույն օրը, սակայն կարիք կզգացվի, որ ավտոմեքենան վարի ձեզ ուղեկցող անձը:
Բժիշկը նաև ձեզ ցուցում կտա, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում դուք՝
- խուսափեք ավտոմեքենա վարելուց
- որևէ ծանր գործ չկատարեք
- ծանր վարժանքներ չկատարեք
- զերծ մնաք սեռական հարաբերությունից (48 ժամվա ընթացքում):
Միջամտությունից հետո հնարավոր արյունային արտադրուկների համար դուք պետք է օգտագործեք ոչ թե տամպոն, այլ՝ միջադիր:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել
Հիստերոսկոպիան սովորաբար անվտանգ միջամտություն է: Բազմաթիվ կանանց մոտ առաջիկա 2-7 օրվա ընթացքում կարող է ի հայտ գալ դաշտանին նմանվող արյունահոսություն: Դուք կարող եք նաև զգալ որոշակի անհարմարավետություն կամ թույլ կծկանքանման ցավեր` նման դաշտանին:
Այնուամենայնիվ, եթե ունեք ջերմություն, ուժեղ ցավեր, անսովոր հեշտոցային արտադրուկ կամ առատ արյունահոսություն, անհապաղ տեղեկացրեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024