Լսե՞լ եք երբևէ ծննդաբերության խթանման մասին, որը նաև կոչվում է ծննդաբերության դրդում կամ ինդուկցիա: Իմացեք ծննդաբերության խթանման լավ պատճառների մասին և այն, թե ինչու դա ցուցված չէ բոլորին:
Բնությունը վերահսկում է ծննդաբերական գործընթացի մեծ մասը, բայց երբեմն առաջանում է կողմնակի օգնության անհրաժեշտություն: Բժիշկները կարող են որոշել, որ որոշ մարդկանց համար ավելի լավ է ծննդաբերել մինչև ծննդաբերության ինքնաբուխ մեկնարկը: Այդ ժամանակ նրանք կարող են առաջարկել ծննդաբերության խթանում (ինդուկցիա)։
Ինչո՞ւ կարող եմ ինդուկցիայի կարիք ունենալ
Ծննդաբերության ինդուկցիան, որը նաև կոչվում է ինդուկցված (խթանված) ծննդաբերություն, նախատեսում է արհեստականորեն արգանդի կծկանքներ հրահրելը՝ նախքան ծննդաբերությունն իր ընթացքով ինքնաբուխ կսկսվի: Այն երբեմն օգտագործվում է հեշտոցային ծննդաբերության համար: Ժամանակից շուտ ծննդաբերությունը խթանելու հիմնական պատճառը բժշկի հիմնավոր մտահոգությունն է, որ ունեք ձեր կամ ձեր երեխայի առողջության համար վտանգ ներկայացնող որևէ խնդիր կամ իրավիճակ:
Ձեր բժշկական թիմը կարող է առաջարկել ծննդաբերության խթանում, եթե ունեք հետևյալը:
- Դիաբետ. սա կարող է լինել դիաբետ, որը առաջացել է հղիության ընթացքում և կոչվում է գեստացիոն դիաբետ կամ դիաբետ, որն ունեցել եք դեռևս հղիությունից առաջ: Դեղորայքով վերահսկվող դիաբետը լուրջ ցուցում է 39 շաբաթականում ծննդալուծման մասին մտածելու համար:
- Բարձր արյան ճնշում, որը նույնպես կարող է զարգանալ հղիության ընթացքում կամ առկա լինել մինչև հղիանալը:
- Առողջական խնդիրներ, ինչպիսիք են երիկամային հիվանդությունը, սրտային հիվանդությունը կամ գիրությունը:
- Վարակ արգանդում, որը կարող է վնաս պատճառել ինչպես ձեր չծնված երեխային, այնպես էլ հենց ձեզ:
- Գիրություն, երբ ձեր մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ) 30 կամ ավելի բարձր է:
Ծննդաբերության խթանման այլ պատճառները ներառում են հետևյալը:
- Ծննդաբերություն, որն ինքնուրույն չի սկսում երեխայի ծննդաբերության ժամկետից մեկ կամ երկու շաբաթ անց: Վերջին դաշտանի օրվանից հաշված 42 շաբաթական հղիությունը կոչվում է ժամկետանց:
- Ծննդաբերություն, որը չի սկսվում պտղաջրերի արտահոսքից հետո: Սա կոչվում է պտղաթաղանթների (թաղանթների) վաղաժամ պատռվածք և պտղաջրերի մինչծննդաբերական արտահոսք:
- Չծնված երեխայի հետ կապված խնդիրներ, ինչպիսին է դանդաղած աճը: Սա կոչվում է պտղի աճի սահմանափակում (ռեստրիկցիա):
- Չծնված երեխայի շուրջ շատ քիչ պտղաջրերի (ամնիոտիկ հեղուկի) առկայություն: Սա կոչվում է սակավաջրություն (օլիգոհիդրամնիոս):
- Ընկերքի (պլացենտայի) հետ կապված խնդիրներ, օրինակ՝ ընկերքի անջատում արգանդի ներքին պատից ծննդաբերությունից առաջ: Սա կոչվում է ընկերքի վաղաժամ շերտազատում:
Կարո՞ղ եմ սպասել՝ մինչը ծննդաբերությունը սկսվի ինքնուրույն
Երբեմն ծննդաբերության խթանումը լավագույն ընտրությունն է: Դա ճիշտ է, երբ լուրջ մտահոգություն կա ձեր կամ ձեր երեխայի առողջության մասին: Ինդուկցիան նաև կարող է ցուցված լինել, եթե ծննդաբերության ժամկետից անցել է երկու շաբաթ:
Ինչո՞ւ է երկու շաբաթյա ժամկենտանց հղիությունը մտահոգիչ: Երբ հղիությունը տևում է ավելի քան 42 շաբաթ, երեխայի շուրջ պտղաջրերը (ամնիոտիկ հեղուկը) կարող է ավելի քիչ լինել: Եվ ավելի մեծ ռիսկ կա, որ կունենաք միջինից մեծ երեխա: Սա կոչվում է պտղի մակրոսոմիա: Ծննդաբերության ժամանակ դա կարող է հանգեցնել երեխայի ծննդաբերական վնասվածքների:
Կա նաև կեսարյան հատման, մեռելածնության և երեխայի սեփական արտաթորանքների՝ իր շնչուղիներիում հայտնվելու ռիսկ, որը կոչվում է մեկոնիումի ասպիրացիա:
Կարո՞ղ եմ բժշկից ծննդաբերության խթանում խնդրել
Ծննդաբերության խթանում առաջարկելը, երբ դրա բժշկական ցուցումը չկա, կոչվում է ընտրողական ինդուկցիա: Կանայք, ովքեր ապրում են ծննդատներից հեռու, կարող են ցանկանալ, որ անցնեն խթանված ծննդաբերություն: Նույնը նաև կարող են առաջարկել նրանք, ովքեր ունեն արագընթաց ծննդաբերության պատմություն: Նրանց համար ընտրողական ինդուկցիա նախատեսելը կարող է օգնել, որ խուսափեն բժշկական օգնությունից դուրս մնացած ծննդաբերությունից:
Ընտրողական ինդուկցիայից առաջ բժիշկը համոզվում է, որ երեխայի հղիության տարիքը առնվազն 39 շաբաթական կամ ավելի բարձր է: Սա նվազեցնում է երեխայի առողջական խնդիրների ռիսկը:
Ցածր ռիսկային հղիություններ ունեցող կանայք կարող են ընտրել ծննդաբերության ինդուկցիա 39-40 շաբաթականում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում ծննդաբերությունը նվազեցնում է մի շարք ռիսկեր: Ռիսկերից են մահացած պտուղը (մեռալածնություն), մեծ երեխա ունենալը և հղիության ընթացքում բարձր արյան ճնշումը: Կարևոր է, որ դուք և ձեր բժիշկը միասին որոշեք 39-ից 40 շաբաթականում ծննդաբերության խթանման հարցը:
Կարո՞ղ եմ որևէ բան անել, որ ինքնուրույն սկսեմ ծննդաբերությունը
Դա հավանական չէ:
Ոչ մի ապացույց չկա, որ դուք կարող եք ինչ-որ բան անել ծննդաբերությունն արագացնելու համար: Ո՛չ ֆիզիկական վարժանքները, ո՛չ էլ սեռական հարաբերությունը ծննդաբերություն չեն հրահրում: Մի՛ օգտագործեք բուսական հավելումներ. դրանք կարող են վնասել ձեր երեխային:
Որո՞նք են ռիսկերը
Ծննդաբերության խթանումը ցուցված չէ բոլոր հղի կանանց: Այն չի կարող տարբերակ չլինել, եթե ենթարկվել եք կեսարյան հատման՝ ուղղահայաց կտրվածքով կամ արգանդի լուրջ վիրահատության: Ծննդաբերության խթանումը նաև կարող է ցուցված չլինել, եթե ընկերքն արգելափակում է արգանդի վզիկը, որը կոչվում է առաջադիր ընկերք, կամ եթե պորտալարն ընկնում է հեշտոցով երեխայից առաջ, որը կոչվում է պորտալարի արտանկում (պրոլափս):
Մյուս պատճառն այն է, երբ երեխան արգանդում որոշակի դիրքերում է: Դրանք ներառում են պտղի հետույքով ներքև պառկած դիրքը, որը կոչվում է հետույքային առաջադրություն կամ միջաձիգ պառկած (թեք) դիրքը:
Ծննդաբերության խթանումը պարունակում է որոշակի ռիսկեր: Ահա դրանցից մի քանիսը:
- Անհաջող խթանում. ինդուկցիան կարող է ձախողվել, եթե խթանման համապատասխան մեթոդները չհանգեցնեն հեշտոցային ծննդաբերության 24 կամ ավելի ժամ հետո: Դրանից հետո կարող է առաջ գալ կեսարյան հատման հարցը:
- Պտղի մոտ դանդաղասրտություն (բրադիկարդիա). ծննդաբերությունը խթանելու համար օգտագործվող դեղամիջոցները կարող են առաջացնել արգանդի չափազանց ուժեղ կամ ոչ սովորական բնույթի կծկանքներ: Սա կարող է թուլացնել երեխայի թթվածնի մատակարարումը (պտղի ներարգանդային հիպօքսիա կամ դիսթրես) և նվազեցնել կամ փոխել երեխայի սրտի հաճախականությունը:
- Վարակ. ծննդաբերության խթանման որոշ մեթոդներ, ինչպիսին է պտղաթաղանթների պատռումը, կարող է մեծացնել վարակի ռիսկն ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար:
- Արգանդի պատռվածք. սա խիստ հազվադեպ, բայց ծանր բարդություն է: Արգանդը կարող է պատռվել ավելի վաղ կատարված կեսարյան հատումից կամ արգանդի խոշոր վիրահատությունից հետո առաջացած սպիական գծի երկայնքով: Արգանդի պատռվածքը պահանջում է անհետաձգելի կեսարյան հատում` կյանքին սպառնացող բարդությունները, առաջին հերթին՝ արյունահոսությունը կանխելու համար: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի հեռացնել արգանդը:
- Արյունահոսություն ծննդաբերությունից հետո. ծննդաբերության խթանումը մեծացնում է այն բանի ռիսկը, որ արգանդի մկանները չեն կծկվի այնպես, ինչպես պետք էր ծննդաբերությունից հետո: Այս վիճակը, որը կոչվում է արգանդի ատոնիա, կարող է երեխայի ծնվելուց հետո հանգեցնել լուրջ արյունահոսության (հետծննդյան հիպոտոնիկ կամ ատոնիկ արյունահոսություն):
Ծննդաբերություն խթանումը ծանրակշիռ որոշում պահանջող հարց է: Քննարկեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե որ տարբերակն է լավագույնը ձեզ և ձեր երեխայի համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2024
Վերջին վերանայում՝ 17-06-2024