Ներարգանդային միջոցը (ՆԱՄ) բեղմնականխման խիստ արդյունավետ և հուսալի փոքր հարմարանք է, որի ազդեցությունը շարունակվում է մինչև 5 տարի:
Որպես երկարաժամկետ և դարձելի բեղմնականխման խիստ արդյունավետ միջոց, ներարգանդային պարույրը (ՆԱՊ) ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում բավականին ընդունված և տարածված եղանակ է։ Արևմտյան երկրներում ՆԱՊ-ի փոխարեն ավելի հաճախ օգտագործում են «ներարգանդային միջոց» (ՆԱՄ) անվանումը:
Ի՞նչ է ներարգանդային պարույրը
ՆԱՊ-ը փոքր հարմարանք է, որը տեղադրվում է ձեր արգանդի մեջ, որպեսզի կանխարգելվի անցանկալի հղիությունը:
ՆԱՊ-ը պլաստիկ նյութից և մետաղալարից պատրաստված փոքր ճկուն սարք է, որը բժիշկը (մանկաբարձ կամ գինեկոլոգ) տեղադրում է կնոջ արգանդի խոռոչում։ ՆԱՊ-ն ունի երկու թելիկ (բեղիկներ), որոնք կախված են մնում հեշտոցում (շոշափելով դրանք, կինը կարող է ճշտել` ՆԱՊ-ը տեղում է, թե ոչ)։
ՆԱՊ-ի հակաբեղմնավորիչ ազդեցության արդյունավետությունը կազմում է 98-99 %։
Ժամկետը լրանալիս կամ կնոջ ցանկության դեպքում այն ցանկացած ժամանակ կարող է բժշկի կողմից հեռացվել:
Ներարգանդային պարույրի տեսակները
Կան ՆԱՊ-ի երկու տեսակներ՝
- հորմոնային ՆԱՊ. պատրաստված է պլաստիկից, որը ազատում է հորմոն
- պղնձե ՆԱՊ. պատրաստված է պղնձից և պլաստիկից և չի ազատում հորմոն:
Հորմոնային ՆԱՊ-ը դանդաղորեն արտազատում է պրոգեստերոնային արհեստական հորմոն, որը կոչվում է «լեվոնորգեստրել» (պրոգեստին):
Պղինձ պարունակող ՆԱՊ-երը ևս լինում են տարբեր տեսակների, օրինակ՝
- TCu-380A տեսակի, որն ունի 12 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն
- TT380R տեսակի, որն ունի 10 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն
- MLCu-375 տեսակի, որն ունի 5 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն:
Ինչպե՞ս է ՆԱՊ-ն ազդում
Հորմոնային ՆԱՊ-ն ազատում է պրոգեստերոնային հորմոն, որը՝
- խտացնում կամ թանձրացնում է արգանդամուտքի՝ պարանոցի լորձը (դարձնում է այն ավելի մածուցիկ)՝ դժվարացնելով սերմնահեղուկի (սպերմա) ներթափանցումը դեպի արգանդ
- բարակացնում է արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում)՝ դժվարացնելով բեղմնավորված ձվաբջջի պահումը (ներդրումն արգանդի պատին):
Սա նման է պրոգեստոգեն պարունակող մինի-հաբերի կամ հակաբեղմնավորիչ իմպլանտների ազդեցությանը:
Պղինձ պարունակող ՆԱՊ-ը դրսևորում է հետևյալ ազդեցությունները՝
- սահմանափակում է սպերմայի շարժունակությունը և վնասում այն՝ այդպիսով կանխարգելելով սպերմատոզոիդների՝ ձվաբջջին հասնելը
- փոփոխում է արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) այնպես, որ բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում ներդրվել արգանդի պատին և զարգանալ:
Պղինձը սպերմայի վրա թողնում է նաև թունավոր ազդեցություն (գործում է որպես սպերմասպան), ուստի պղնձե ՆԱՊ-ը կարող է նաև օգտագործվել չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո մինչև 5 օրվա ընթացքում որպես անհետաձգելի բեղմնականխման միջոց:
Ինչքա՞ն արդյունավետ է ՆԱՊ-ը
Ճիշտ տեղադրված ՆԱՊ-ը համարվում է երկարաժամկետ և դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Եթե 100 կին օգտագորում է ՆԱՊ մեկ տարվա ընթացքում, ապա նրանից ավելի պակաս, քան 1 հոգին կարող է հղիանալ:
Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ՆԱՊ-ը ձեզ չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ուստի այս նպատակի համար ձեր զուգընկերը կամ դուք պետք է օգտագործեք պահպանակ:
ՆԱՊ-ի առավելությունները և թերությունները
ՆԱՊ-ի երկու տեսակներն էլ բեղմնականխման այլ մեթոդների նկատմամբ ունեն որոշ առավելություններ, որոնցից են՝
- բեղմնականխման համար խիստ արդյունավետ են
- ավելի հեշտ է օգտագործելը և պահպանելը
- երկարատև ազդող են և ունեն ցածր ծախսատարություն
- անմիջապես դարձելի են, եթե դուք ցանկանում եք հղիանալ:
Հորմոնային ՆԱՊ-ը նաև դաշտանները դարձնում է ավելի սակավարյուն և ավելի քիչ ցավոտ: Երբեմն այն դադարեցնում է դաշտանը:
ՆԱՊ-ի հիմնական թերություններն են՝
- առկա է ներդնելուց հետո որոշ խնդիրների, օրինակ՝ վարակի փոքր ռիսկ
- կարող են իրենց ճիշտ դիրքից տեղաշարժվել (օրինակ՝ ինքնաբերաբար դուրս ընկնել)
- հորմոնային ՆԱՊ-ը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ անկանոն դաշտան և ցավոտ կրծքագեղձեր
- պղնձե ՆԱՊ-ը կարող է դաշտանները դարձնել ավելի առատ (մենոռագիա) և ավելի ցավոտ (դիսմենոռեա)
- թեև հղիանալու հավանականությունը չնչին է, սակայն այս դեպքում ավելի մեծ է արտարգանդային հղիություն ունենալու ռիսկը:
ՆԱՊ-ի հեռացումը
ՆԱՊ-ն ապահովում է անցանկալի հղիացումից երկար տարիների պաշտպանություն, սակայն կարող է ժամանակից շուտ հեռացվել: Սա արագ միջամտություն է, որի ժամանակ բժիշկը քաշում է պարույրի թելիկից և արգանդից հեռացնում ՆԱՊ-ը: Որոշ կանանց մոտ ՆԱՊ-ի հեռացումը կարող է առաջացնել ժամանակավոր անհարմարավետության զգացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024