Արտամարմնային կամ in vitro (փորձանոթում) բեղմնավորումը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի ամենաարդյունավետ տեսակն է, որն օգնում է կնոջ հղիանալուն:
Սա այն մեթոդն է, երբ ձվաբջջի բեղմնավորումը սպերմատոզոիդով տեղի է ունենում կնոջ մարմնից դուրս՝ լաբորատորիայում: Սա շատ բարդ և մեծ մասնագիտական հմտություն պահանջող միջամտություն է, որը համառոտ կարելի է նկարագրել այսպես. նախքան կնոջ ձվազատումը նրա ձվաբջիջը դուրս է բերվում ձվարանի ֆոլիկուլից, տղամարդու սպերմատոզոիդով բեղմնավորվում է փորձանոթում և որոշ ժամանակ անց 6-8 բջիջ մեծությամբ սաղմը վերադարձվում է արգանդ։
Ե՞րբ կարող է ձեզ առաջարկվել in vitro բեղմնավորում
Դուք կարող եք քննարկել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդի նպատակահարմարությունը բազմաթիվ պատճառներով, այդ թվում, եթե՝
- ձեր զուգընկերն ունի սպերմատոզոիդների ցածր քանակ (օլիգոսպերմիա)
- դուք ունեք ձվազատման հետ կապված խնդիրներ, օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- դուք ունեք ֆալոպյան փողերի հետ կապված խնդիրներ (օրինակ՝ արգանդափողի անանցանելիություն, որը վիրահատական շտկման ենթակա չէ)
- դուք կամ ձեր զուգընկերը ստերիլիզացիա եք անցել (արհեստական ամլություն)
- դուք ունեք էնդոմետրիոզ
- դուք ցանկանում եք խուսափել ձեր երեխաներին ժառանգվող գենետիկական հիվանդություններ փոխանցելուց և, այդ նպատակով, ցանկանում եք օգտագործել դոնորական ձվաբջիջ կամ սպերմատոզոիդ:
Որոշ մարդիկ կարող են որոշել, որ օգտագործեն դոնորական սպերմատոզոիդներ կամ ձվաջիջներ: Նման իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ առկա է որևէ լուրջ գենետիկ հիվանդություն երեխային փոխանցելու ռիսկ:
Քաղցկեղ ունեցող մարդիկ երբեմն կարող են որոշել քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա անցնելուց առաջ պահպանել իրենց առողջ ձվաբջիջները կամ սպերմատոզոիդները սառեցված վիճակում, քանի որ այս բուժումները կարող են անդառնալի վնասել նրանց պտղաբերությանը:
Ի՞նչ է տեղի ունենում in vitro բեղմնավորման ժամանակ
Շատ պարզեցված ներկայացնելիս, ԱՄԲ-ի դեպքում կնոջ ձվաբջիջը դուրս է բերվում նրա ձվարանից և զուգընկերոջ կամ դոնորի սպերմատոզիդով բեղմնավորումը տեղի է ունենում լաբորատորիայում՝ կնոջ մարմնից դուրս («փորձանոթի մեջ»), որից «ծնված» սաղմը վերադարձվում է կնոջ արգանդ:
ԱՄԲ մեկ ցիկլի սովորական փուլերը ներառում են հետևյալը:
- Կնոջ բնական դաշտանային ցիկլը «անջատվում է» օրական ներարկումների կամ քթային սփրեյի միջոցով:
- Կնոջը ներարկում են պտղաբերության հորմոններ, որի միջոցով ձվարանները խթանվում են և արտադրում մեկի փոխարեն մի քանի ձվաբջիջներ:
- Երբ ձվաբջիջները հասունանում են, գերձայնային (սոնոգրաֆիկ) հսկողության պայմաններում և թույլ սեդացիայի ներքո դրանք արգանդափողից հավաքվում են բարակ ասեղի միջոցով:
- Լաբորատոր պայմաններում ձվաբջիջները բեղմնավորվում են կնոջ զուգընկերոջ (կամ դոնորի) սպերմատոզոիդներով:
- Բեղմնավորված ձվաբջիջները (պտղաձուն) մի քանի օրվա ընթացքում աճեցվում են հատուկ ինկուբատորում:
- Մեկ կամ երկու առողջ սաղմերը տեղափոխվում են կնոջ արգանդ՝ օգտագործելով հեշտոցով և պարանոցով ներմուծված բարակ խողովակ:
- Եթե սաղմը հաջող կերպով ներդրվում է արգանդի պատի մեջ (կոչվում է իմպլանտացիա), կինը դառնում է հղի: Նա պետք է սպասի երկու շաբաթ, որից հետո հանձնի հղիության թեստ:
- Եթե այս միջոցառումից հետո մնում են առողջ սաղմեր, դրանք կարող են սառեցվել և պահպանվել ըստ անհրաժեշտության ապագայում օգտագործելու համար:
ԱՄԲ անցնող կանայք հաճախ անցնում են վերոնշյալ մեկից ավելի ցիկլեր:
Կան ԱՄԲ-ի բազմաթիվ տարբերակներ: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Հաջող արտամարմնային բեղմնավորման շանսերը
Միջին հաշվարկով, յուրաքանչյուր անգամ, երբ կինն անցնում է ԱՄԲ մեկ ցիկլ, ունի հղիանալու և երեխա բերելու շուրջ 20%-ոց շանս (հինգից մեկը): Այս հավանականությունը ավելի բարձր է մինչև 35 տարեկան երիտասարդ և ավելի ցածր՝ ավելի մեծ տարիքով կանանց համար: Հաջող ելքի հավանականությունը տարիքի հետ նվազում է և 44 տարեկանում դառնում 10% (տասից մեկը):
Որոշ կանանց համար այս մեթոդը հաջող ելք է գրանցում մինչև 5 ցիկլերի կրկնության դեպքում, մինչդեռ մյուսները կարող են նույն փորձերով երբեք չհղիանալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024