Հավանաբար լսել եք, որ կանանց մոտ Կեգելի վարժություններն ամրապնդում են կոնքի հատակի մկանները: Զարմանալի թող չթվա, սակայն նույն վարժությունները կարող են օգտակար լինել նաև տղամարդկանց համար, մասնավորապես, միզապարկի գործունեության կառավարման և, հնարավոր է, սեռական գործունեության բարելավման հարցերում: Ահա թե ինչ է պետք իմանալ տղամարդկանց համար Կեգելի վարժությունները ճիշտ կատարելու մասին:
Տղամարդկանց մոտ Կեգելի վարժությունները կարող են ամրապնդել կոնքահատակի մկանները, որոնք պահում-օժանդակում են միզապարկն ու հաստ աղիքի վերջնամասը և ազդում են սեռական գործունեության վրա:
Սովորելու դեպքում տղամարդկանց համար նախատեսված Կեգելի վարժությունները կարող են կատարվել գրեթե ցանկացած ժամանակ:
Նախքան Կեգելի վարժությունները սկսելը, պարզեք, թե ինչպես ճիշտ տեղորոշել մարզման ենթակա մկանները և հասկանալ ճիշտ մեթոդաբանությունը:
Տղամարդկանց համար Կեգելի վարժությունների օգուտները
Բազմաթիվ գործոններ կարող են թուլացնել ձեր կոնքի հատակի մկանները, այդ թվում՝ շագանակագեղձի վիրահատական հեռացում (ռադիկալ պրոստատէկտոմիա) և այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շաքարային դիաբետը և գերակտիվ միզապարկը:
Դուք կարող եք օգուտ քաղել Կեգելի վարժություններից, եթե՝
- ունեք անմիզապահություն կամ անկղապահություն
- միզելուց հետո կաթոցներ, սովորաբար, երբ դուրս եք գալիս զուգարանից:
Ինչպե՞ս կատարել Կեգելի վարժությունները տղամարդկանց համար
Սկսելու համար հետևեք այս քայլերին:
- Գտեք ճիշտ մկանները. ձեր կոնքի հատակի մկանները պարզելու համար դադարեցրեք միզարձակումը հոսքի միջնամասում կամ ձգեք այն մկանները, որոնք թույնլ չեն տալիս, որ աղիքային գազերը հեռանան: Այս հնարքների ժամանակ օգտագործվում են ձեր կոնքի հատակի մկանները: Երբ նույնականացնեք ձեր կոնքի հատակի մկանները, կարող եք վարժությունները կատարել ցանկացած դիրքում, թեև սկզբում ամենահեշտը պառկած վիճակում կատարելն է:
- Կատարելագործեք ձեր տեխնիկան․ ձգեք ձեր կոնքի հատակի մկանները, պահեք կծկված վիճակում երեք վայրկյան, ապա թուլացրեք երեք վայրկյան: Փորձեք մի քանի անգամ անընդմեջ: Երբ ձեր մկանները ուժեղանում են, փորձեք կատարել Կեգելի վարժությունները նստած, կանգնած կամ քայլելիս:
- Պահպանեք ձեր ուշադրությունը․ լավագույն արդյունքների համար կենտրոնացեք միայն ձեր կոնքի հատակի մկանները ձգելու վրա: Ուշադրություն դարձրեք, որ ձեր որովայնի, ազդրերի կամ հետույքի մկանները չլարվեն: Խուսափեք ձեր շունչը պահելուց։ Դրա փոխարեն, վարժությունների ժամանակ շնչեք ազատորեն։
- Կրկնեք օրական 3 անգամ․ նպատակ դրեք կատարել 10 կրկնություններից կազմված օրական առնվազն երեք վարժանքներ:
Երբ անել ձեր Կեգելները
Կեգելի վարժությունները դարձրեք ձեր առօրյայի մի մասը: Օրինակ՝
- ամեն անգամ, երբ սովորական գործ եք անում, օրինակ՝ ատամները մաքրելիս
- կատարեք ևս մեկ վարժանք (10 կրկնություններից) միզելուց հետո՝ մեզի վերջին մի քանի կաթիլներից ազատվելու համար
- կծկեք ձեր կոնքի հատակի մկանները որովայնի վրա ճնշում գործադրող ցանկացած գործողությունից անմիջապես առաջ և ընթացքում, ինչպիսիք են փռշտալը, հազալը, ծիծաղը կամ ծանրություն բարձրացնելը:
Երբ Կեգելների հետ կապված խնդիրներ ունեք
Եթե դուք դժվարանում եք կատարել Կեգելի վարժությունները, մի ամաչեք օգնություն խնդրել: Ձեր բժիշկը կամ մեկ այլ բուժաշխատողը կարող է ձեզ կարևոր խորհուրդ տալ, թե ինչպես սովորեք մեկուսացնել և ամրապնդել ճիշտ մկանները: Նրանք նաև կարող են օգնել ձեզ կենսաբանական հետադարձ պատասխանի վարժանքների հարցում:
Ե՞րբ ակնկալել արդյունքները
Եթե կանոնավոր կերպով կատարում եք ձեր Կեգելի վարժությունները, կարող եք ակնկալել արդյունքները, ինչպիսին է ավելի հազվադեպ մեզի ակամա արտահոսքը, մի քանի շաբաթից մինչև մի քանի ամվա ընթացքում: Շարունակական օգուտների համար Կեգելի վարժությունները դարձրեք ձեր առօրյայի մշտական մաս:
Իմացե՛ք ավելին կանանց մոտ Կեգելի վարժությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2024
Վերջին վերանայում՝ 27-05-2024