Առողջական խնդիրներ
Երիկամային ցավ

2 րոպե
Երիկամների շրջանի ցավը կարող է առաջանալ առողջական տարբեր խնդիրների ժամանակ:
Սա նշանակում է, որ այս շրջանի ցավերի առկայության դեպքում դուք պետք է դիմեք ձեր բժշկին, որ բացահայտվի ցավերի պատճառը: Երիկամային ցավերը կարող են ի հայտ գալ պիելոնեֆրիտի (երիկամների վարակ), երիկամների կամ միզուղիների քարի կամ երիկամների հետ կապ չունեցող այլ հիվանդությունների ժամանակ:
Ի՞նչ է երիկամային ցավը
Երիկամների շրջանի ցավը (ռենալ ցավ) տեղակայվում է ձեր գոտկատեղից քիչ վերև (կողերից ներքև)՝ աջ կամ ձախ կողմում: Երիկամային ցավը կարող է տարածվել այլ շրջաններ, օրինակ՝ ճառագայթվել դեպի աճուկներ, որովայն կամ ցավի հակառակ կողմը:
Ի՞նչը կարող է առաջացնել երիկամային ցավ
Երիկամներից մեզը միզածորանով արտահոսում է դեպի ներքև և կուտակվում է միզապարկում, որտեղից էլ միզելու ընթացքում միզուկի միջոցով հեռանում է օրգանիզմից: Միզուղիների այս «դրենաժային» խողովակի ցանկացած հատվածի խնդիրը կարող է առաջացնել ցավ, օրինակ՝
- քարեր
- երիկամների վարակային բորբոքում (պիելոնեֆրիտ)
- այլ տեսակի երիկամային հիվանդություններ:
Մկանային ծագման մեջքի ցավերը սովորաբար տեղակայվում են գոտկատեղում, իսկ երիկամային ցավերն ավելի բարձր դիրքում են լինում (անմիջապես կողերից ներքև) և ավելի խոր ընկած են: Ի տարբերություն մկանացավերի, երիկամային ցավերը սովորաբար ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, փսխումներով և միզարձակման ցավոտությամբ:
Երիկամների շրջանի ցավերը կարող են առաջանալ նաև այլ՝ արտաերիկամային պատճառներից, օրինակ՝
- ողնաշարի կամ կողերի հետ կապված խնդիրներ
- մկանային ցավեր
- թոքաբորբ (երբ ընդգրկված է նաև թոքամիզը (պլևրա))
- փայծաղի կամ լյարդի հիվանդություններ
- ողնային ճողվածք:
Երիկամային ցավի ախտորոշումը
Երիկամային ցավն ախտորոշելիս բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ, որից հետո կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները՝
- արյան և մեզի թեստեր
- սոնոգրաֆիա:
Դժվար ախտորոշվող դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև համակարգչային շերտագիր (ԿՏ):
Երիկամային ցավի բուժումը
Երիկամների շրջանի ցավի բուժումը կախված է դրա առաջացման պատճառից, ցավի ուժգնությունից և ձեր ինքնազգացողությունից:
Մեղմ և չափավոր ցավերը կարող են մեղմանալ սովորական ցավամոքիչ դեղերով, օրինակ՝ Պարացետամոլով:
Եթե կարծում եք, որ ցավերի պատճառը երիկամային հիվանդությունն է, դիմեք ձեր բժշկին: Դիմեք ձեր բժշկին նաև բոլոր այն դեպքերում, երբ ձեր մեջքի ցավերն ուղեկցվում են թվարկված նշաններից մեկնումեկով՝
- մեզի գույնի փոփոխություններ, արյունամիզություն կամ ցավոտ միզարձակում
- անհապաղ միզելու մշտական զգացողություն
- ջերմության բարձրացում
- մեզում ավազահատիկի (երիկամային մանր քար) առկայություն
- ինքնազգացողության վատացում:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: