Նույնիսկ հղիության հարթ ընթացքի և ծննդաբերությանը պատշաճ նախապատրաստվելու պարագայում ծննդաբերության ընթացքում կարող են առաջանալ չնախատեսված խնդիրներ ու բարդություններ:
Ծննդաբերության դանդաղ զարգացում
Ձեր բժիշկը կամ մանկաբարձուհին կարող են ձեզ տեղեկացնել, թե ինչպիսի արագությամբ է ձեր ծննդաբերությունն ընթանում՝ ստուգելով, թե ինչ չափով է ձեր արգանդի վզիկը բացվել և ինչ արագությամբ է երեխան ծննդուղիներով ներքև հրվում: Եթե վզիկի բացումը դանդաղել է կամ ճիգերը թուլացել կամ դադարել են, նրանք կարող են տեղեկացնել, որ ձեր ծննդաբերությունը չի զարգանում և առաջարկել հետևյալ միջոցները՝
- փոխել ձեր դիրքը և ընդունել ձեզ համար ավելի հարմարավետ դիրք
- քայլել սենյակում, որը կօգնի ճիգերի վերականգնմանը և երեխայի ներքև տեղափոխմանը
- ընդունել տաք լոգանք կամ ցնցուղ
- մեղմ մերսել մեջքը և ուսագոտին
- պառկել, հանգստանալ և վերականգնել ուժերը
- քիչ քանակով սնվել կամ հեղուկներ ընդունել:
Եթե, այնուամենայնիվ, ձեր ծննդաբերությունը առաջ չի գնում, ձեզ կարող են ներարկել դեղեր, որ ճիգերը դառնան ավելի արդյունավետ։ Եթե հոգնել եք կամ ձեզ լավ չեք զգում, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ մանկաբարձուհուն:
Երբ պտուղն անսովոր դիրքում է
Ծննդաբերությունների գերիշխող մեծամասնության ժամանակ առաջինը ծնվում է երեխայի գլուխը: Հակառակ դեպքում կարող են առաջ գալ ծննդաբերության ընթացքի և երեխայի ծնվելու հետ կապված որոշակի խնդիրներ:
Հետույքային առաջադրություն
Սա այն իրավիճակն է, երբ առաջինը ծնվում են երեխայի հետույքը կամ ոտքերը: Պտուղը ծնվելիս ստանում է հետույքային առաջադրություն, եթե հղիության ընթացքում (սովորաբար մինչև 34-րդ շաբաթը) արգանդում չի շրջվում գլխով դեպի ներքև:
Հետույքային առաջադրությունն ինքնին վտանգավոր չէ, սակայն կարող է բարդացնել ծննդաբերության ընթացքը, օրինակ՝ բերել պտղի թթվածնաքաղցի կամ ծննդաբերական վնասվածքների: Ուստի, հետույքային առաջադրության դեպքում սովորաբար ծննդկանին առաջարկվում է կեսարյան հատում:
Բազմապտուղ հղիություն
Եթե ձեր հղիությունը բազմապտուղ է և դուք սպասում եք երկվորյակ կամ ավելի շատ երեխաներ, ավելի հավանական է, որ ձեր ծննդաբերությունը լինի վաղաժամ: Եթե նորածինները ծնվում են անհաս (փոքր կշռով), նրանք հատուկ խնամքի և հսկողության կարիք են ունենում:
Բազմապտուղ հղիության ծննդաբերությունների համար լավագույն տարբերակն այն է, երբ պտուղները լինում են ճիշտ դիքով (գլխային առաջադրություն): Նման դեպքում, առավել ևս, եթե ծննդաբերությունը վաղաժամ չէ, բնական (ֆիզիոլոգիական) ծննդաբերությունը կարող է անցնել հարթ:
Այնուամենայնիվ, բնական ծննդաբերությունը կարող է բարդանալ տարբեր իրավիճակներով, օրինակ՝ ընկերքի (կամ ընկերքների) վաղաժամ շերտազատում, երկրորդ երեխայի ծնվելու ուշացում և այլն: Այս և այլ բարդությունների ժամանակ ծննդաբերության գործընթացին կարող են միջամտել բժիշկները և իրականացնեն անհրաժեշտ գործողություններ, օրինակ՝ վակուում էքստակցիա, մանկաբարձական աքցանների միջոցով երեխայի դուրս բերում և այլն:
Բազմապտուղ հղիության ծննդաբերության ժամանակ ակնկալվող բոլոր վտանգները ու ռիսկերը հաշվի առնելով ձեզ կարող են առաջարկել նաև կեսարյան հատում:
Հետծննդյան (հետծննդաբերական) արյունահոսություն
Հետծննդյան արյունահոսությունը (ՀԾԱ) երեխայի ծնվելուց հետո հազվադեպ զարգացող բարդություն է:
Ծննդաբերության ընթացքում որոշ քանակով արյան կորուստը համարվում է նորմալ։ Հակառակ սրան, ՀԾԱ ծննդաբերությունից հետո հեշտոցային առատ արյունահոսությունն է:
Կախված այն հանգամանքից, թե երբ է տեղի ունենում արյունահոսությունը, տարբերում են ՀԾԱ երկու տեսակ՝
- առաջնային կամ վաղ, երբ արյունահոսությունը տեղի է ունենում ծննդաբերությանը հաջորդող 24 ժամվա ընթացքում
- երկրորդային կամ ուշացած, երբ այն սկսվում է ծննդաբերությանը հաջորդող 24 ժամօց հետո՝ մինչև 5 շաբաթվա ընթացքում:
Հեշտ հիշվելու համար ՀԾԱ պատճառները ներկայացվում են որպես 4T:
- Tonus (70%). ծննդաբերությունից հետո արգանդի վատ կծկողունակություն (տոնուս), որի բժշկական անվանումն է արգանդի ատոնիա (տոնուսի բացակայություն) կամ արգանդի հիպոտոնիա (տոնուսի թուլացում)։
- Trauma (20%). ծննդաբերական ուղիների վնասվածքներ, օրինակ՝ արգանդի, պարանոցի, հեշտոցի կամ շեքի վնասվածքներ, արգանդի պատռվածք կամ արտաշրջում և այլն:
- Tissue (10%). արգանդի խոռոչում մնացորդային հյուսվածք՝ ընկերք (պլացենտա), որը նաև կոչվում է ընկերքային մնացորդներ, մակարդուկներ կամ պտղաթաղանթներ կամ ոչ նորմալ ընկերք:
- Thrombin (<1%). արյունահոսություն՝ կապված արյան մակարդելիության շեղումների հետ:
Կախված ՀԾԱ պատճառից, ձեզ կնշանակեն համապատասխան բուժում կամ միջամտություններ:
ՀԾԱ-ը կարող է առաջացնել մի շարք բարդություններ, ինչը նշանակում է, որ դուք կարող եք ծննդատանը մնալ նախատեսվածից ավելի երկար:
Ընկերքային մնացորդներ
Հազվադեպ, երեխայի ծնվելուց հետո ընկերքն արգանդում չի շերտազատվում և դուրս չի գալիս: Նման դեպքում արգանդում մնացած ընկերքը հատուկ միջոցներով հեռացնում է բժիշկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024