Ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական գործնթաց է, որի ժամանակ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի և ընկերքի արտամղում ծննդաբերական ուղիներով:
Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15-24 ժամ է, իսկ կրկնածիններինը՝ գրեթե կիսով չափ պակաս՝ 10-12 ժամ։
Ծննդաբերությանը սովորաբար նախորդում են մի շարք նշաններ, որոնց իմացությունը թույլ կտա ձեզ ճիշտ կողմնորոշվել և ժամանակին ու անշտապ նախատեսել հետագա քայլերը, այդ թվում՝ ծննդատուն այցելելը:
Ծննդաբերության վաղ նշանները
Տարբեր կանանց մոտ ծննդաբերություն սկսվում և ընթանում է տարբեր ձևով, սակայն ամենագլխավոր նշանները կանոնավոր երկունքի ցավերն են և «ցուցադրումը» (անգլերեն՝ show): Հղիության ընթացքում ձեր պարանոցի վրա «նստած է» լորձային խցան: «Շոուն» այն է, երբ այս խցանը վարդագույն կամ բաց կարմիր արտադրության տեսքով դուրս է մղվում հեշտոցից՝ նախանշելով արգանդի վզիկի բացումը:
Ծննդաբերության սկսվելու այլ նշաններից են՝
- ձեր «ջրերը գնում են» (պտղապարկի պատռում և հեշտոցով պտղաջրերի արտահոսք)
- գոտկային շրջանի ցավեր կամ ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
- ցավեր կամ կծկանքներ, որոնք նման են դաշտանային ցավին
- կոնքում կամ շեքի շրջանում ուժեղ ճնշման կամ լարվածության զգացողություն, որը վկայում է պտղի դեպի կոնք իջնելու մասին
- զուգարան գնալու խիստ ցանկություն, որի պատճառը ծնվող երեխայի կողմից ձեր հաստ աղիները խիստ ճնշելը կամ սեղմելն է:
Ծննդաբերության փուլերը
Բնականոն ծննաբերությունը կազմված է երեք հիմնական փուլից:
Առաջին փուլ. Վզիկի բացում
Ծննդաբերության առաջին փուլում ձեր կծկանքներն ուժեղանում են և արգանդի պարանոցը սկսում է աստիճանաբար կրճատվել և բացվել (լայնանալ): Տարբերում են այս փուլի երկու ենթաշրջան՝ լատենտ, որի ժամանակ վզիկը նախապատրաստվում է բացվելուն, և ակտիվ, երբ վզիկի բացվում ու լայնանում է:
Այս փուլում կծկանքները ցավոտ են։ Սկզբում դրանք անկանոն և կարճատև են (Բրաքստոն Հիկսի կծկանքներ), ապա աստիճանաբար հաճախանում, երկարում, ուժեղանում և կանոնավորվում են՝ կրկնվելով ամեն 3 րոպեն մեկ։ Կծկանքների նման հաճախությունը նշանակում է, որ ծննդաբերության աոաջին՝ վզիկի բացման փուլը մոտենում է ավարտին, իսկ «կեղծ» կծկանքները վերաճել են «իսկական» ծննդաբերականի:
Հենց այս փուլի ընթացքում էլ նկատվում է «շոուն»՝ վարդագույն կամ բաց կարմիր հեշտոցային արտադրությունը:
Սովորաբար վզիկի բացումը ծննդաբերության ամենաերկար փուլն է, որի ընթացքում ծննդաբերական ուղիները սկսում են լայնանալ (առաջնածինների մոտ կարող է տևել 12-18 ժամ, իսկ կրկնածինների մոտ՝ 8 ժամ կամ պակաս):
Վզիկի բացումով վերանում է ծննդաբերական ուղիներով պտղի շարժման խոչընդոտը, և գործընթացն անցնում է երկրորդ փուլին:
Երկրորդ փուլ. Պտղի արտամղում
Ծննդաբերության երկրորդ փուլում ձեր արգանդի վզիկը լրիվ բացված է, որից հետո պտղապարկը պատռվում է և մոտ 200-250 մլ ծավալով պտղաջրերն արտահոսում են:
Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ՝ դժվարացնելով ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն»), իսկ ավելի հազվադեպ այն ավելի ուշ է պատռվում և անհրաժեշտություն է առաջանում անմիջապես միջամտել։
Արգանդի վզիկի բացումը և պտղաջրերի արտահոսքը արգանդի մկաններին հնարավորություն են տալիս սկսելու պտղի արտամղումն արգանդից:
Այս փուլում կծկանքների հետ համատեղ դուք ձեր ճիգերով (միաժամանակ ստոծանու և որովայնի պատի մկանների միահամուռ և փոխհամաձայնեցված կծկումներ) օգնում եք ձեր երեխային, որպեսզի նա ծննդաբերական ուղիներով շարժվի առաջ և հեշտոցից դուրս գա լույս աշխարհ: Պտղի արտամղման շրջանում դուք կարող եք կարգավորել ճիգերը, օրինակ՝ արագացնել կամ դանդաղեցնել դրանք, անպայման հետևելով մանկաբարձի խորհուրդներին:
Այս ուղիներով առաջ շարվելով երեխան կատարում է ծննդաբերությունը թեթևացնող իրար հաջորդող և որոշակի շարժումներ:
Երեխայի մարմնի երևալով ավարտվում է ծննդաբերության երկրորդ շրջանը, որն առաջնածին կանանց մոտ տևում է 1,5-2 ժամ, կրկնածինների մոտ՝ 30 րոպեից մինչև 1 ժամ: Պորտալարը, որով նորածինը միացած է ընկերքին, կտրում և կապում են: Ծնվելուց անմիջապես հետո երեխան սկսում է շնչել և ճչալ:
Երրորդ փուլ. Ընկերքի ծնում
Երրորդ փուլը սկսվում է երեխայի ծնվելուց հետո, երբ ձեր արգանդի կծկման շնորհիվ ընկերքը (պլացենտա) անջատվում է արգանդի պատից: Արգանդ-ընկերքային անոթները պատռվում են՝ ընկերքի և արգանդի պատի միջև առաջացնելով ընկերքի հետագա պոկվելուն նպաստող հետընկերքային արյունակույտ:
Ընկերքն արգանդի պատից լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց և ճիգերի շնորհիվ՝ արտամղվում ու ավարտվում ընկերքի հեշտոցից դուրս գալով։
Բժիշկը մանրամասն դիտում է ծնված ընկերքը` դրա և պտղաթաղանթների ամբողջականությունը որոշելու համար: Սա անհրաժեշտ է հետծննդյան արյունահոսության կանխման համար, որը կարող է սկսվել արգանդի խոռոչում ընկերքի կտորների առկայության հետևանքով:
Ծննդաբերության վերջին շրջանը տևում է 30 րոպե, որից հետո սկսվում է հետծննդյան շրջանը։
Ծննդաբերությունից հետո
Ծննդաբերության ավարտից հետո ձեզ մոտ 2 ժամ կպահեն ծնարանում` բժշկի և մանկաբարձի խիստ հսկողության տակ՝ քանի դեռ չի վերացել կյանքին վտանգ սպառնացող արյունահոսության վտանգը:
Բարդությունների բացակայության դեպքում ձեզ կտեղափոխեն հետծննդյան հիվանդասենյակ:
Ձեր նորածնին առաջին օգնություն (կշռում, մարմնի չափումներ, պորտալարի մշակում և այլն) են կազմակերպում ծնարանին կից հատուկ սենյակում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024