Լաբիրինթիտը ներքին ականջում (կամ լաբիրինթ) հավասարակշռության կենտրոնի՝ անդաստակային ապարատի բորբոքումն է:
Այն սովորաբար պատճառվում է որևէ վարակով: Ախտանիշներից են լսողության կորուստը, պտտման զգացողությունը (վերտիգո) և գլխապտույտը: Լաբիրինթիտով բազմաթիվ մարդկանց ինքնազգացողությունը բարելավվում է մի քանի շաբաթվա ընթացքում:
Լաբիրինթիտի պատճառները
Լաբիրինթիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային վարակն է, օրինակ՝ մրսածություն կամ գրիպ կամ հերպեսի խմբի վիրուսներ, որոնք առաջացնում են ջրծաղիկ, գոտևորող հերպես կամ հասարակ հերպես: Երբեմն լաբիրինթիտի կարող է բերել ականջի վարակը:
Ավելի հազվադեպ, լաբիրինթիտ կարող են առաջացնել բակտերիալ վարակները, օրինակ՝ մենինգիտ կամ միջին ականջի վարակ (միջին օտիտ): Որոշ աուտոիմուն հիվանդություններ, ալերգիաներ և դեղեր նույնպես կարող են բերել լաբիրինթիտի:
Լաբիրինթիտի ախտանիշները
Լաբիրինթիտով բազմաթիվ մարդիկ գանգատվում են սենյակն իրենց շուրջը պտտվելու զգացողությունից: Սա գլխապտույտի առանձնահատուկ տեսակ է, որը հայտնի է նաև որպես վերտիգո: Վերտիգոն կարող է լինել թույլ կամ այնքան անտանելի, որ դժվարանաք անկողնուց վեր կենալ:
Այլ հնարավոր ախտանիշներից են՝
- սրտխառնոց, որը գրեթե միանման է ծովային հիվանդությանը
- շրջապատի առարկաների շարժման կեղծ զգացողություն
- աչքերի անկառավարելի շարժումներ
- հավասարակշռության խանգարում
- ջերմություն
- ականջացավ
- փսխում
- լսողության կորուստ կամ աղմուկ (զնգոց կամ տինիտուս)
- ականջից հեղուկ կամ թարախային արտադրություն
- տեսողության խանգարումներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն:
Լաբրինթիտի ախտորոշումը
Եթե կարծում եք, որ ունեք լաբիրինթիտ, պետք է այցելեք բժշկին, ով իր հերթին կարող է ուղեգրել ականջաբանի խորհրդատվության:
Ձեզ կարող են առաջարկել հետևյալ ստուգումները և հետազոտությունները՝
- խնդրել, որ դուք արագ շարժեք ձեր գլուխը
- լսողության ստուգում
- տեսողության ստուգում
- արյան ճնշման ստուգում
- հավասարակշռության ստուգում:
Բժիշկը կարող է առաջարկել նաև այլ հետազոտություններ, օրինակ՝
- էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ կամ էլեկտրաուղեղագիր)
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Լաբրինթիտի բուժումը
Լաբիրինթիտի ոչ բոլոր դեպքերն են, որ պահանջում են բուժում:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներեր, օրինակ՝
- կորտիկոստերոիդներ, որ մեղմացվի միջին ականջի բորբոքումը
- ծանր վերտիգոյի դեպքում՝ հավասարակշռության կենտրոնը ճնշող դեղեր (վեստիբուլյար սուպրեսանտներ)
- սրտխառնոցի կամ փսխման դեպքում՝ հակափսխեցուցիչ դեղեր:
Եթե ախտանիշները չեն վերանում, բժիշկը կարող է նշանակել ֆիզիոթերապիա, որն օգնում է գլխուղեղի կողմից միջին ականջից ստացվող հավասարակշռության ազդանիշների ճիշտ վերլուծությանը:
Դուք կարող եք նաև օգնել գանգատների մեղմացմանը հետևյալ միջոցներով՝
- գլխապտույտի նոպայի ժամանակ պառկեք կողքի վրա
- խուսափեք ալկոհոլից
- շատ ջուր խմեք
- ստեղծեք անաղմուկ և հանդարտ միջավայր
- խուսափեք վառ լույսերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024