Լուծողական միջոցներն օգտագործում են փորկապության դրվագը վերացնելու համար։
Դրանք փորկապությունը բուժում են մի քանի տարբերակով։
- Կարող են փափկացնել աղիների պնդացած պարունակությունը՝ հեշտացնելով աղիքներով դրանց առաջ շարժվելը և ի վերջո դատարկվելը։
- Խթանում են աղիների գալարակծկանքները՝ օգնելով աղիների պարունակության առաջ մղմանը և դատարկմանը։
Առավել տարածված լուծողական միջոցները ներառում են հետևյալը։
- Հեղուկ պարաֆինի խառնուրդ (Ավարտել, Պարաչոկ). այս միքստուրաներն արտադրվում են արոմատացված հեղուկների տեսով։ Դրամք օծում են աղիների լորձաթաղանթը՝ հեշտացնելով պարունակության տեղաշարժը։
- Մագրոգոլ 3350 (Մոցիկոլ, Օսմոլաքս). արտադրվում է ջրի հետ խառնվող փոշու տուփերով։ Փափկացնում է աղիների պարունակությունը։
- Լակտուլոզ (Դյուֆալակ). արտադրվում է քաղցրահամ հեղուկի տեսքով։ Լակտուլոզը փափկացնում է կղանքը և խթանում աղիների գալարակծկանքը՝ օժանդակեով դրանց պարունակության տեղաշարժին և աղիների դատարկմանը։ Լակտուլոզը կարելի է խառնել հյութերի կամ կաթի հետ։ Այն կարող է աղիքային գազերին տալ որոշ հոտ։
- Դոկուսատ/պոլոքակոլ (Կոլոքսիլ). արտադրվում է հաբերի կամ կաթիլների ձևով (մինչև 3 տարեկան երեխաների համար)։ Այս նյութը փափկացնում է աղիների պարունակությունը։
- Սենա (մոքայաճալ) (Սենոկոտ). արտադրվում է հաբերի կամ հատիկների ձևով։ Խթանում է աղիների դատարկումը։ Հատիկները կարելի է խառնել որոշ սննդատեսակների հետ (եփած խնձոր)։ Երեխաների մոտ, հատկապես մեծ քանակներով ընդունելիս, կարող է առաջացնել աղիքային կծկանքներ և ցավ։
- Բիսակոդիլ (Դուրոլաքս, Դուլկոլաքս). արտադրվում է հաբերի կամ մոմիկների ձևով։ Բիսակոդիլը խթանում է աղիների գործունեությունը և դատարկումը։ Կարող է առաջացնել աղիների կծկանքներ և ցավ։
- Պսիլիումի բջջանք (Մետամուցիլ). սա բնական բջջանքային հավելում է, որը կարող է օգնել աղիների պարունակության փափկացմանը և ազդել որպես թույլ լուծողական։ Կարելի է խառնել երեխայի կերակուրին։
- Մոմիկներ և մինի-հոգնաներ (օրինակ՝ Գլիցերին, Դուրոլաքս և Միրոլաքս). արտադրվում են փոքրիկ հաբերի կամ հեղուկի ձևով, որոնք պետք է տեղադրել երեխայի հետանցքի մեջ, ինչն էլ խթանում է աղիների դատարկումը։ Այս նյութերը չեն փափկացնում աղիների պարունակությունը։ Գլիցերինային մոմիկները կարող են օգտագործվել նորածինների մոտ սուր փորկապության դեպքերը բուժելիս։
Երբեք ձեր երեխային հոգնա մի արեք, քանի դեռ ձեր բժիշկը խորհուրդ չի տվել այն։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024