Ինչպես ոտքերի այտուցը և վարիկոզ երակները, ոտքերի ջղաձգումները նույնպես նորմալ հղիության ժամանակ հանդիպող, սակայն որոշակի անհարմարավետություն ստեղծող երևույթ է:
Դուք կարող եք զգալի կերպով ազատվել այս անցանկալի վիճակից, եթե իմանաք, թե ինչ կարելի է անել ջղաձգումների ժամանակ և ինչպես կանխարգելել դրանց հաճախակի առաջացումը:
Այս հոդվածը միայն ոտքերի ջղաձգումների մասին է: Եթե ցանկանում եք ավելի շատ իմանալ կոնքի հատակի ջղաձգումների մասին, ապա զրուցեք ձեր բժշկի կամ բժիշկ-մանկաբարձի հետ:
Ի՞նչ են ջղաձգումները և ինչո՞ւ են դրանք տարածված հղի կանանց շրջանում
Ջղաձգումները կամ կծկանքները (սպազմ) ձեր սրունքի հետին մասում գտնվող ձկնանման մկանի կամ ոտնաթաթի մկանների հանկարծակի և սուր ցավով կծկումներ են: Ջղաձգումը նշան է այն մասին, որ ձեր մկանները խիստ ուժեղ կծկվել են, երբ պետք է լինեին թուլացած: Այս երևույթը սովորաբար առաջանում է գիշերային ժամերին և ավելի հաճախ հանդիպում է հղիության ուշ շրջաններում: Ոտքերի ջղաձգումները կարող են ստեղծել խիստ անհարմարավետություն (դիսկոմֆորտ) և դժվար հասկանալի, թե ինչու են առաջացել:
Կան առաջարկված տարբեր պատճառներ, թե ինչու ձեր հղի ժամանակ կարող են առաջանալ նման ջղաձգումներ, որոնցից են՝ ավելցուկային քաշ, նյութափոխանակության փոփոխություններ, վիտամինային դեֆիցիտ, ֆիզիկապես խիստ ակտիվ կամ բավարար ակտիվ առօրյա և այլն: Ճշմարտությունն այն է, որ մինչ օրս լիարժեք ոչ մի բան պարզ չէ:
Կարո՞ղ են արդյոք ոտքերի ջղաձգումները կանխարգելվել
Որոշ վարժանքներ կարող են օգնել ոտքերի ջղաձգումների կանխարգելմանը:
Թեթև վարժանքները, օրինակ՝ քայլքը կամ լողը և հատուկ վարժանքները, օրինակ՝ սրունքները բարձրացնելը կամ տեղում քայլքը կարող են օգնել ոտքերում արյան հոսքի բարելավմանը և ջղաձգումների կանխարգելմանը:
Իրականում, հղիության ժամանակ կանոնավոր և չափավոր ծանրաբեռնվածության վարժանքներ կատարելը լավ միտք է, քանի որ օգնում է ձեր մարմնին, որպեսզի հարմարվի հղիության ամբողջ ընթացքում շարունակվող փոփոխությունները:
Դուք կարող եք փորձել ոտքերի և ոտնաթաթերի հատուկ վարժանքներ, օրինակ՝
- բավականին կտրուկ մոտ 30 անգամ սրունք-թաթային հոդում ծալեք-տարածեք ոտնաթաթերը
- պտտեք ոտնաթաթը մեկ և հակառակ ուղղություններով 8-ական անգամ
- կրկնեք այս վարժանքը յուրաքանչյուր ոտքի համար:
Մագնեզիումի հավելումը նույնպես կարող է օգնել, սակայն մինչ այդ զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչ չափով կարող է նպաստել ջղաձգումների կանխարգելմանը:
Ինչպե՞ս ազատվել սկսված ջղաձգումներից
Ոտքի ջղաձգումը մեղմացնելուն սովորաբար օգնում է, եթե դուք ձգում եք ձեր ոտնաթաթի մատները ներքև՝ ծալելով դեպի ներբանը: Դուք կարող եք նաև ամուր տրորել կծկված մկանը կամ որոշ ժամանակ քայլել մոտակայքում: Եթե ձեր կողքին մարդ կա, խնդրեք, որ օգնի ձեզ:
Երբեմն ջղաձգումը բուժելու համար խորհուրդ են տալիս ընդունել կալցիում, սակայն այս մասին բավարար չափով տվյլաներ չկան:
Ե՞րբ զրուցել բժշկի հետ ձեր ջղաձգումների մասին
Տեղեկացրեք ձեր բժշկին ոտքի ջղաձգումների մասին, եթե՝
- դրանք խանգարում են ձեր քունը
- դրանք խիստ ցավոտ են
- խիստ անհանգստացած եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024