Ոտքի ցավը կարելի է նկարագրել որպես որևէ ցավի կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), որը տեղակայված է՝ սկսած ձեր աճուկից մինչև ոտնաթաթ:
Կախված պատճառից, ոտքի կամ ստորին վերջույթի ցավը կարող է լինել չափավորից մինչև սասատիկ ուժգնության, իսկ ախտանիշները՝ շարունակական (անդադար) կամ ընդմիջվող (սկսվող և անհետացող):
Ցավերը, թմրածության և ուղեկցող այլ զգացումները կարող են ընդգրկել ինչպես մեկ, այնպես էլ զույգ ոտքերը: Դրանց մեծ մասն ինքնուրույն անհետանում է, այլ դեպքերում անհրաժեշտ է բժշկական օգնություն, որոշ դեպքերում՝ երկարատև բուժում:
Ախտանիշներ
Ցավը որևէ վնասվածքի կամ հիվանդության ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Նույն կերպ, ստորին վերջույթը ներառող հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են թույլից մինչև սաստիկ ցավերով:
Ոտքի ցավը կարող է ուղեկցվել հետևյալ գանգատներով կամ ախտանիշներով՝
- այտուցվածություն կամ ուռածություն
- երակների լայնացում (վարիկոզ երակներ)
- վերքեր կամ խոցեր
- մաշկային երևույթներ՝ կարմրություն, այտուցվածություն, տեղային տաքություն և այլ նշաններ:
Կարևոր է նաև, թե արդյոք ձեր ախտանիշները ներառում են մեկ, թե երկու ոտքերը և արդյոք երկու ոտքերում առկա գանգատները և նշանները նույնն են, թե տարբերվում են:
Բոլոր դեպքերում, վերոնշյալ և այլ հարցերի ամենաճիշտ պատասխանը կարող է տալ ձեր բժիշկը կամ նրա ուղեգրմամբ՝ մեկ այլ մասնագետ (օրինակ՝ մաշկաբան, անոթաբան, վիրաբույժ, վնասվածքաբան):
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝
- ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
- ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
- խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
- ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:
Պատճառներ
Կան ոտքի շրջանում ցավերի առաջացման բազմաթիվ պատճառներ, որոնցից են՝
- ոտքի շրջանում փոքր վնասվածք, օրինակ՝ հարված, երկարատև ճնշում և այլն
- ոտքերի երկրատև և լարված գործունեությանը, գերհոգնածությանը կամ գերլարվածությանը հետևող ցավեր, հոդերի կամ ոսկրերի միկրովնասվածքներ,
- ոտքերը խիստ քիչ օգտագործելուց պատճառված թմրածություն, ծակծկոցներ կամ մկանային կարկամություն
- ոտքերի վրա վերքեր կամ խոցեր, ինչպես նաև դրանց վարակային բարդություններ
- մաշկային հիվանդություններ, երբ ախտահարվում է ոտքերն ընդգրկող մաշկը
- ոտքերի արյունատար անոթների և արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մակարդուկներ և ոտքերի իշեմիկ ցավեր
- գոտկատեղից «տեղափոխված» ցավեր, օրինակ՝ իշիաս և նյարդացավեր
- նյարդերի ախտահարմամբ պայմանավորված ցավեր, օրինակ՝ դիաբետիկ նեյրոպաթիա:
Ոտքերերի ցավերով կարող են ընթանալ նաև տարբեր քրոնիկ հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և պոդագրա:
Բուժում
Ձեր ոտքի ցավով կարող են զբաղվել տարբեր բժիշկներ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:
Բուժման հնարավոր տարբերակներից են՝
- հանգիստ պայմաններ, անշարժացում կամ վարժանքներ
- տաք կամ սառը միջոցներ
- ֆիզիոթերապիա
- երբեմն՝ հակաբիոտիկներ կամ հակաբորբոքային դեղեր, քսուքներ
- հազվադեպ՝ վիրահատություն:
Ինքնօգնություն
Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում: Նման դեպքերում դուք կարող եք՝
- խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
- խուսափել բարձրակրունկ կոշիկներից
- ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
- ոտքերին բարձր դիրք տալ
- ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստանալիս
- օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
- բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ (օրինակ՝ Ացետամինոֆեն) կամ հակաբորբոքային հաբեր (օրինակ՝ Իբուպրոֆեն):
Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլացնող մերսումը կարող է օգնել:
Հաճախ մկանային ծակծկոցները և թմրածության զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթաթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:
Ընդհանուր առողջության մասին հոգ տանելն իր հերթին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմարավետության զգացման (դիսկոմֆորտ) մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վարժանքները, ծխախոտից հրաժարվելը և առողջ քաշ պահպանելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024