Ոտքի վրա առաջացող խոցերը խոր վերքեր են, որոնք հաճախ երկարատև ժամանակ չեն լավանում:
Ոտքի խոցերը բավականին տարածված են, հատկապես բարձր տարիքով մարդկանց շրջանում: Եթե ձեր ստորին վերջույթներից մեկնումեկի կամ երկուսի վրա առաջացել են խոցեր, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:
Ի՞նչ են ոտքի խոցերը
Ոտքի խոցերը, որոնց երբեմն անվանում են նաև ոտքի երակային խոցեր, ոչ այլ ինչ են, քան չլավացող խոր վերքեր: Ի տարբերություն քերծվածքի, խոցի ժամանակ վնասվում է մաշկի ողջ հաստությունը, իսկ ախտահարումը կարող է խորանալ դեպի մաշկի տակ ընկած փափուկ հյուսվածքներ:
Խոցերի լավացումը տևական գործընթաց է և կարող է շարունակվել շաբաթներ կամ ամիսներ: Խոցի ապաքինման հետաձգումը սովորաբար պայմանավորված է ախտահարված վերջույթի արյան շրջանառության խանգարմամբ: Լավանալուց հետո խոցը գրեթե միշտ թողնում է սպիական հետք: Ցավոք, ոտքի խոցերը հաճախ կրկնվում են:
Ոտքի խոցերի առաջացման պատճառները
Ոտքի վրա խոցի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառը ստորին վերջույթում բարձր արյան ճնշումն է, որը կարող է պատճառվել երակային հիվանդություններով, արյան մակարդուկով (թրոմբ) կամ վարիկոզ երակներով: Նման դեպքերում արյան հունից դուրս եկած հեղուկը կուտակվում է փափուկ հյուսվածքներում՝ ի վերջո պատռելով մաշկը և հոսելով դուրս:
Խոցերի առաջացման այլ պատճառներից են՝
- զարկերակների խցանում
- ծայրամասային անոթային հիվանդություն
- որոշ մաշկային հիվանդություններ
- քաղցկեղ
- ոտքի վնասվածք
- վարակային բորբոքում:
Ոտքի խոցն ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքով մարդկանց շրջանում: Ոտքի խոցի առաջացման ռիսկը բարձրանում է նաև դիաբետով, բարձր արյան ճնշմամբ, ավելորդ քաշով կամ ծխող մարդկանց շրջանում:
Ոտքի խոցերի ախտանիշները
Ոտքի խոցի հիմնական ախտանիշը ձեր ստորին վերջույթներից մեկի կամ երկուսի վրա չլավացող խոր վերքն է: Որոշ դեպքերում խոցի հատակը կարող է ծածկվել տհաճ հոտով հեղուկով կամ խոցից կարող է արտադրվել նմանատիպ հեղուկ («թաց խոց»): Այլ դեպքերում խոցը պատվում է հաստ շագանակագույն կեղևով («չոր խոց»), որը հաճախակի բացվում է:
Երբեմն ոտքի խոցը կարող վարակվել: Նման դեպքերում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝
- խոցի հարակից մաշկի և փափուկ հյուսվածքների այտուցվածություն
- սաստկացող ցավեր
- թարախային արտադրություն
- ջերմություն:
Այցելեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ ձեր ոտքի խոցը բարդացել է որևէ բակտերիալ վարակով:
Ոտքի խոցերի բուժումը
Բժիշկը կզննի ձեզ և առանձնահատուկ ուշադրություն կդարձնի ձեր ոտքերին առկա խոցերին, որպեսզի պարզի դրանց տեսակն ու հնարավոր պատճառը: Հազվադեպ, բժիշկը կարող է խոցի հատակից կատարել նմուշառում և ուղարկել մանրէաբանական հետազոտության:
Կախված տեսակից, խոցը կարող է փակվել ստերիլ վիրակապական միջոցներով: Բժիշկը կարող է նաև դնել սեղմող վիրակապ կամ առաջարկել սեղմող գուլպա:
Ոտքերի բարձր դիրքը կարող է նվազեցնել երակային ճնշումը և օգնել խոցի լավացմանը:
Խոցի վարակման դեպքում ձեզ կարող է նշանակվել նաև որևէ հակաբիոտիկ (սովորաբար՝ տեղային քսուք կամ, ավելի ծանր դեպքերում, հաբ կամ ներարկում):
Բժիշկը նաև կարող է հատուկ բուժում նշանակել, եթե խոցի պատճառը որևէ լուրջ կամ քրոնիկ հիվանդություն է: Որոշ դեպքերում ձեզ կարող են առաջարկել նաև վիրահատական կամ երկարատև դեղորայքային բուժում:
Ինքնօգնություն և կանխարգելում
Ոտքի խոցերը հաճախ ունեն կրկնվելու հակում: Եթե ձեր ոտքերին առաջացել են խոցեր կամ ցանկանում եք կանխարգելել հավանական խոցերի առաջացումը, ապա դուք կարող եք՝
- հրաժարվել ծխախոտից
- ազատվել ավելորդ քաշից
- եթե ունեք բարձր արյան ճնշում կամ դիաբետ, խստորեն հետևել բժշկի նշանակած բուժմանը
- հագնել սեղմող գուլպա
- օրվա ընթացքում ոտքերին հնարավորինս երկար ժամանակ բարձր դիրք տալ
- կանոնավոր կերպով վարժանքներ անել:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024