Լիթիում
25-03-2020
2 րոպե

Լիթիումը բնության մեջ հանդիպող քիմիական տարր է, որը որպես դեղ կարող է նշանակվել սակավաթիվ հոգեկան հիվանդությունների բուժման մեջ:
Նման դեպքերում որոշ մարդկանց համար լիթիումը կարող է դառնալ շատ արդյունավետ դեղամիջոց: Ձեր բժիշկը լավագույն անձն է, ով կարող է որոշել՝ պե՞տք է արդյոք ձեզ ստանալ լիթիումի հաբեր, թե՞ ոչ:
Ե՞րբ կարող է բժիշկը նշանակել լիթիում
Լիթիումը նշանակվում է բիպոլյար խանգարման բուժման մեջ: Այս դեղի նշանակման այլ ցուցումներից են սուր մանիան և տրամադրության երկարատև կայունացման անհրաժեշտությունը:
Լիթիումը կարող է օգտակար լինել նաև դեպրեսիայի որոշ տեսակների, շիզոֆրենիայի, իմպուլսիվ վերահսկման խանգարումների և այլ տիպի հոգեկան խանգարումների ժամանակ:
Եթե դուք ունեք այս հոգեկան հիվանդություններից մեկնումեկը, միայն բժիշկը կարող է որոշել, թե ցուցվա՞ծ է արդյոք լիթիումը ձեզ, թե՞ ոչ: Լիթիումը բուժման հնարավորություններից միայն մեկն է և կան այլ դեղեր և ոչ դեղորայքային մեթոդներ ևս:
Ինչպե՞ս է լիթիումն ազդում
Լիթիումն ազդում է՝ ընկճելով գլխուղեղի ոչ նորմալ (աբնորմալ) ակտիվությունը: Եթե դուք սկսում եք ընդունել լիթիում, վերջինիս ազդեցությունները սկսում են դրսևորվել 1-3 շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ:
Լիթիումի օգուտները
Լիթիումն օգնում է նվազեցնելու մանիայի ծանրության աստիճանը և հաճախականությունը: Այն կարող է օգտակար լինել նաև բիպոլյար դեպրեսիայի բուժման մեջ:
Եթե ձեզ մոտ առկա է ինքնասպանության (սուիցիդ) ռիսկ, լիթիումը կարող է օգնել ձեր այս բացասական մտքերը ճնշելու գործում: Լիթիումը կարող է նաև որոշակի օգտակարություն դրսևորել ապագա մանիակալ և դեպրեսիվ դրվագները կանխարգելելիս: Սա նշանակում է, որ բժիշկը կարող է ձեզ տևական ժամանակ նշանակել այս դեղը՝ ուղղված հոգեկան հիվանդության սրացման կանխարգելմանը:
Կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել լիթիում ընդունելիս
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք որևէ տեսակի ալերգիա:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե մեկ այլ հիվանդության կապակցությամբ ընդունում եք որևէ միզամուղ դեղամիջոց:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե մեկ այլ հիվանդության կապակցությամբ ընդունում եք որևէ այլ դեղ կամ հավելում, քանի որ դրանք կարող են փոխազդել լիթիումի հետ:
- Եթե դուք հղի եք, պատրաստվում եք հղիանալ կամ կրծքով կերակրող մայր եք, անմիջապես տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին: Լիթիումը կարող է վնաս պատճառել պտղին:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք սրտային կամ երիկամային որևէ խնդիր:
- Լիթիումը կարող է առաջացնել շշմածություն կամ քնկոտություն, ուստի հաշվի առեք սա մեքենա վարելիս կամ ուշադրություն պահանջող և արտադրական վտանգի հետ կապված որևէ այլ աշխատանք կատարելիս:
Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021