Ստոման վիրահատական միջամտության միջոցով որովայնի առաջային պատին արհեստական բացվածքի ստեղծումն է, որով հեռացվում են կղանքային զանգվածները կամ մեզը:
Ի՞նչ է ստոման
Երբ ձեր հիվանդության բուժումը պահանջում է աղիների մի մասի կամ միզապարկի հեռացում, անհարաժեշտություն է առաջանում ձեր որովայնի առաջնային պատին ձևավորել արհեստական բացվածք, որը կոչվում է ստոմա: Ստոմայի առաջնային նպատակն օրգանիզմից արտաթորանքների (կղանք կամ մեզ) հեռացման արհեստական՝ շրջանցող ուղի բացելն է: Երկու դեպքում էլ վիրահատությունից հետո անհրաժեշտ է լինում օգտագործել դրանք կուտակող պարկեր (կղանքաընդունիչ, ռուսերեն՝ калоприемник կամ մեզընդունիչ, ռուսերեն՝ мочеприемник):
Սովորաբար ստոմաները լինում են երեք տեսակի՝
- կոլոստոմիա (խթաղու բերանբացում)՝ հաստ աղու դեպքում
- իլեոստոմիա (զստաղիքի բերանբացում)՝ բարակ աղու դեպքում
- ուրոստոմիա (միզուղիների բերանբացում)՝ միզուղիների դեպքում։
Ստոմաների մեծ մասը ժամանակավոր է և կարող է երկրորդ վիրահատությամբ հեռացվել: Սակայն, որոշ դեպքերում ստոմայի անհրաժեշտությունը կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում, օրինակ, երբ ուղիղաղիքային քաղցկեղի կապակցությամբ հեռացվել է ձեր հետանցքի շրջանը:
Ե՞րբ է օգտագործվում ստոման
Գոյություն ունեն տարբեր հիվանդություններ և իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ստոմայի անհրաժեշտությանը, ինչպես օրինակ՝
- խոցային կոլիտներ և Կրոնի հիվանդություն, որոնք հաստ աղիքի բորբոքային հիվանդություններ են
- դիվերտիկուլյար հիվանդություն՝ հաստ աղու պատի վրա պարկանման արտափքման առաջացում
- անկղապահություն
- հաստ աղու (կոլոռեկտալ), միզապարկի և այլ քաղցկեղներ
- որովայնի տրավմաներ և վնասվածքներ, օրինակ՝ ավտովթարի կամ դժբախտ պատահարի պատճառով
- շեքի շրջանին ուղղված ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)
- նյարդաբանական հիվանդություններ, որոնք դժվարացնում կամ անհնարին են դարձնում բնական ճանապարհով զուգարանից օգտվելը
- բնածին արատներ և հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություններ:
Ինչպիսի՞ տեսք ունի ստոման և ի՞նչ զգացողություններ կարող եմ ունենալ
Շոշափելիս ստոման փափուկ է, վարդագույնին մոտ կարմիր և խոնավ մակերեսով, մոտավորապես բերանի խոռոչի հյուսվածքի նման։
Ստոման զուրկ է զգայնությունից, այնպես որ սովորաբար ցավեր չի առաջացնում։ Սակայն, ստոման ունի ուժեղ արյունամատակարարում, և ժամանակ առ ժամանակ թեթև արյունահոսությունները համարվում են սովորական երևույթ, հատկապես մաքրելու ընթացքում։
Հավանաբար, վիրահատությունից անմիջապես հետո ձեր ստոման կլինի այտուցված և մի քանի շաբաթվա պատշաճ խնամքի պայմաններում աստիճանաբար կփոքրանա։
Ձեր ստոմայի եզրերին կլինեն փոքր կարեր, որոնք կլինեն ներծծվող, կամ ստոմայի խնամքի բուժքույրը կհեռացնի դրանք վիրահատությունից 1-2 շաբաթ հետո։
Յուրաքանչյուր ստոման տարբեր է, և որոշ ժամանակ կպահանջվի, մինչ այն սկսի գործել։ Լավագույն տարբերակն այս ամենը ձեր խնամող բուժքրոջ կամ վիրաբույժի հետ քննարկելն է:
Ինչպե՞ս կառավարեմ իմ առօրյա կյանքը
Նախնական շրջանում ստոմայի առկայությունը, հիգիենիկ միջոցառումները և տոպրակը փոխելը կարող է դանդաղ և տանջալից լինել, սակայն, երբ վստահություն ձեռք բերեք, այս ամենը կդառնա ձեր սովորական ամենօրյա ռեժիմը։ Մի՛ վախեցեք պատշաճ աջակցություն և օժանդակություն խնդրելուց։
Մաշկի խնամք
Ձեր ստոմայի խնամքի էական մաս է կազմում մաշկի խնամքը։
Վիրահատությունից անմիջապես հետո ձեր ստոման և դրա շրջակա մաշկը կարող է այտուցված, անգամ քիչ գրգռված լինել։ Պետք է պատրաստ լինել ակնկալել այս ամենը վիրահատությունից հետո, բայց լավ խնամքի և ժամանակի հետ վերջինիս տեսքը կբարելավվի։
Ստոմայի չափի և ձևի փոփոխության ընթացքում ձեզ անհրաժեշտ պարագաները կարող են փոփոխվել։ Ձեր ստոմայի ձևը կարող է փոփոխվել, և այն պետք է ստուգել առնվազն շաբաթը մեկ՝ առաջին 8 շաբաթների ընթացքում։
Ստոմայի շուրջ մաշկը կարիք ունի ընթացիկ խնամքի և ուշադրության՝ կանխարգելելու և նվազեցնելու ցավի վտանգը։ Ցավոտ, գրգռված կամ անգամ ճաքած մաշկի առաջացման դեպքում մի հետաձգեք դիմել ձեր ստոմայի խնամքի բուժքրոջը՝ բուժման համապատասխան խորհրդի և այլընտրանքային պարագաների կարիքի համար։
Սննդակարգ
Վիրահատությունից հետո ձեր բժիշկը հավանաբար խորհուրդ կտա, որ սնվեք քիչ քանակներով և ավելի հաճախակի: Ձեր բժշկի իմացությամբ աստիճանաբար վերադարձեք օրական 3 անգամյա ռեժիմին: Սա կօգնի ձեզ, որ ձեր ռեժիմը հարմարեցնեք աղիների գործունեությանը:
Փորձեք պահպանել լավ հավասարակշռված սննդակարգ՝ նաև ներառելով ձեր նախընտրելի մթերքները: Ուշադրություն դարձրեք մինչև կուլ տալը բերանում սննդի բավարար մանրացմանը և ծամելուն, որը կօգնի ձեր մարսողական համակարգի ավելի քիչ եռանդուն գործելուն: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ինչպիսի դժվարամարս սննդամթերքներից է պետք հրաժարվել (օրինակ՝ գետնանուշ):
Տհաճ հոտեր և աղիքային գազեր
Որոշ սննդամթերքների օգտագործումը կարող է բերել ավելի մեծ ծավալի աղիքային գազերի առաջացման, քան մյուսները: Եթե այս երևույթը ձեզ անհանգստացնում է, կրճատեք նման մթերքների օգտագործումը: Գարեջուրը կարող է առաջացնել լրացուցիչ գազեր, իսկ ստոմայից արտահոսող կղանքային արտաթորանքը դարձնել ավելի ջրիկ:
Սպորտ և վարժանքներ
Ստոմայի առկայությունը բնավ չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր սիրած մարզաձևերից կամ ֆիզիկական ակտիվությունից: Կան հատուկ պարագաներ, պարկեր և կափարիչներ, որոնք կարող եք օգտագործել լողալիս կամ որևէ մարզական խաղի ընթացքում ձեր ստոման փակելու համար:
Ճանապարհորդություն
Վիրահատությունից հետո կարող է բարձրանալ խորանիստ երակների թրոմբոզի ռիսկը: Ուստի, մինչև օդային ճանապարհորդությունը զրուցեք ձեր վիրաբույժի հետ: Հիշեք ձեզ հետ վերցնել ստոմայի և դրա խնամքի հետ կապված բոլոր պարագաները:
Սեռական կյանք
Վիրահատությունից լիարժեք վերականգնվելուց հետո ստոմայի առկայությամբ սեռական կյանքը համարվում է նորմալ: Սեռական հարաբերությունը չի կարող վնասել ձեր ստոման: Մինչ այդ ձեր պարկը դատարկելը կնվազեցնի որևէ անցանկալի իրավիճակի հավանականությունը:
Խիստ կարևոր է, որ ձեր սեռական զուգընկերն ըմբռնի ստոմայի հետ կապված ձեր իրավիճակը: Հիշեք, որ ավելի կարևոր է, թե մարդն ինչ զգացմունք է տածում իր զուգընկերոջ, այլ ոչ թե նրա ֆիզիկական տեսքի նկատմամբ:
Կյանքը ստոմայի հետ
Հիվանդանոցից առաջին անգամ դուրս գրվելուց հետո դուք հոգնածություն կզգաք և ամենօրյա գործողությունները, օրինակ՝ ցնցուղի ընդունումը, ձեզ հոգնեցնող կթվա։ Սա նորմալ է և ժամանակի հետ կանցնի։
Հնարավոր է՝ վիրահատությունից հետո վերականգնման սկզբնական շրջանում որոշ ցավեր և անհարմարվետություն զգաք։ Սա վերականգնման նորմալ մաս է։ Այս ընթացքում խուսափեք ամուր գրկող հագուստներից, քանի որ ձեր որովայնը կարող է ցավոտ և այտուցված լինել։
Նման մեծ վիրահատությունից հետո նորմալ է նաև զգայական լինելը, այնպես որ մի անհանգստացեք, երբ նախնական շրջանում ունենում եք «նեղված» կամ «արցունքոտ» օրեր։ Ընտանիքի կամ ընկերների հետ խոսելը կարող է օգտակար լինել։ Մի՛ մտածեք, որ այս ամենը միայնակ է պետք հաղթահարել։ Ձեր ստոմայի խնամքի բուժքույրը նույնպես հասանելի է օգնության համար, ինչպես նաև կարող են օգտակար լինեն հիվանդի աջակցության խմբերը։
Հոդվածը հրապարակվել է՝ 03-02-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024