ԼՍԴ-ն (լիզերգաթթվի դիէթիլամիդ) ուժեղ ազդող թմրամիջոց է, որը փոփոխում է իրականության ընկալումը։
ԼՍԴ օգտագործող մարդիկ զգում են ցնորային «ուղևորություններ» (trip), որը կարող է լինել հաճելի կամ սարսափեցնող։ ԼՍԴ-ն ապօրինի թմրամիջոց է և խիստ վտանգավոր է, հատկապես, երբ օգտագործվում է այլ թմրամիջոցների կամ դեղերի հետ միասին։
Ի՞նչ է ԼՍԴ-ն
ԼՍԴ-ն քիմիական նյութ է, որը ստացվում է սնկերից։ Այն հայտնի է նաև որպես «թթու», «ուղևորություն», «հաբեր», «Լյուսի» և այլն։
ԼՍԴ-ն անհոտ սպիտակ ջրալուծ փոշի է։ Այն կարող է օգտագործվել՝ կուլ տալով ԼՍԴ-ով ներծծված թուղթը, շաքարի խորանարդիկները կամ փոքր ժելատինային գնդիկները, ինչպես նաև որպես լուծույթ, հաբ կամ պատիճ։
ԼՍԴ-ն նաև կարող է շնչվել քթով, ներարկվել կամ ծխվել։
ԼՍԴ-ի ազդեցությունները
«Ուղևորությունները» կամ «ճանապարհորդությունները» ոչ այլ ինչ են, քան ցնորքներ (հալյուցինացիա), որոնք սկսվում են ԼՍԴ կուլ տալուց շուրջ մեկ ժամ հետո։ ԼՍԴ օգտագործած մարդիկ սկսում են տեսնել տարբեր տեսարաններ կամ լսել ձայներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Նրանք կարող են զգալ հաճույք և հոգեպես «անջատվեն և թուլանան», կամ, ընդհակառակը, դառնան վախեցած, տագնապած կամ պարանոիդ։
Այս «ճանապարհորդության» ընթացքում մարդիկ կարող են զգալ ինքնազգացողության վատացում և փսխում, ոչ հազվադեպ՝ ունենան ցնցումներ։ Նրանք կարող են զգալ նաև հաճախացած սրտազարկ, գլխապտույտ, հաճախացած շնչառություն, տեսողության խանգարումներ, մաշկային տարբեր զգացողություններ և առատ քրտնարտադրություն։
«Ճանապարհորդությունները» նաև կարող են լինել «վատ»՝ սարսափեցնող ցնորքներ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր իրավիճակների և անկանխատեսելի արարքների, այդ թվում՝ ինքնվնասման կամ ինքնասպանության։
«Ճանապարհորդությունները» կարող են տևել մինչև 24 ժամ, իսկ ազդեցության թուլացմանն ուղեկցող տհաճ երևույթները՝ մի քանի օր։
ԼՍԴ օգտագործող որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ կարճատև «վերապրումներ» և հակում։
Ցնորածին թմրամիջոցները, այդ թվում՝ «սառույցը», «սպիդը» կամ էքստազին կարող են բարձրացնել ինսուլտի ռիսկը։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024