ԼՍԴ-ն ուժեղ ազդող թմրամիջոց է, որը փոփոխում և խեղաթյուրում է իրականության ընկալումը։
ԼՍԴ կամ «թթու» օգտագործող մարդիկ սկսում են «ճանապարհորդել», որը ոչ այլ ինչ է, քան ցնորքներով լի իրականության աղճատված ընկալում։ «Ճանապարհորդությունները» կարող են լինել ուրախություն և հաճույք պատճառող, ինչպես նաև վախ ու սարսափ հարուցող։
ԼՍԴ-ն ապօրինի թմրամիջոց է, որի օգտագործումը դառնում է առավել վտանգավոր, երբ զուգակցվում է այլ թմրամիջոցների կամ դեղերի հետ։
ԼՍԴ ազդեցությունները
Մարդիկ կարող են ԼՍԴ օգտագործել, որպեսզի զգան հուզական «վերելք», սակայն կարող են ի հայտ գալ նաև պարանոյա և ցնորքներ (հալյուցինացիա), երբ լսում կամ տեսնում են իրականում գոյություն չունեցող բաներ։
Վերոնշյալ ազդեցությունները սկսվում են ԼՍԴ-ն ընդունելուց մի ժամվա ընթացքում, սակայն ոչ մեկ չի կարող նախապես կանխագուշակել՝ արդյոք լավ թե՞ վատ «ճանապարհորդություններ» են իրենց սպասվում և ի՞նչ ուժգնության կլինեն ցնորային այսպիսի «ուղևորությունները»։ Դրանք կախված են մարդկանց նախնական տրամադրությունից, հոգեկան վիճակից և ընդունման տարբերակից։
«Վատ ճանապարհորդությունները» կարող են ներառել սարսափազդու ցնորքներ, որոնք կարող են բերել անկանխատեսելի վարքագծի՝ արարքներ, որոնք մարդը սովորական ժամանակ չի անի (օրինակ՝ փորձել բարձր վայրերից թռչնի պես «սավառնել» կամ ինքնասպանություն գործել):
«Ուղևորությունները» կարող են տևել մինչև 24 ժամ, իսկ ազդեցության վերացումը՝ մի քանի օր։ Զրկանքը հաճախ ուղեկցվում է խուճապի նոպաներով։
Հոգեկան առողջության խնդիրներ
Կանոնավոր օգտագործողների մոտ սկսում են զարգանալ «վերապրումներ» («ֆլեշբեք»), որոնք կարող են տևել օրեր, շաբաթներ և անգամ՝ ամիսներ։ Նախկին զգացողությունների նմանատիպ վերապրումներ կարող են զարգանալ նաև թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելիս։ Դրանք կարող են նաև տևել կարճ՝ մի քանի րոպե, սակայն կրկին առաջացնել մեծ անհանգստություն։
ԼՍԴ-ն կարող է հանդիսանալ հոգեկան հիվանդության դրսևորման կամ վատթարացման դրդապատճառ (տրիգեր)։ Օրինակ, հայտնի է ԼՍԴ-ի և այնպիսի հիվանդությունների միջև կապը, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապի խանգարումները և շիզոֆրենիան։
Կանոնավոր օգտագործողների մոտ նաև բարձրանում է սոցիալական, աշխատանքային և ֆինանսական խնդիրների առաջացման ռիսկը։
Իմացե՛ք ավելին ժամանցային թմրամիջոցների մասին։
ԼՍԴ-ից զրկանքը
Երկարատև օգտագործումը կարող է բերել հոգեբանական կախվածության, որը դժվար հաղթահարվող վիճակ է, քանի որ զրկանքի ախտանիշները ներառում են թմրամիջոցն օգտագործելու մեծ ցանկությունը, ընդհանուր հոգնածությունը, դյուրագրգռությունը և ինչ-որ բանից հաճույք ստանալու անկարողությունը։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024