Գոտկային կամ լյումբալ պունկցիան գոտկային շրջանում բարակ ասեղով ողնուղեղը շրջապատող ողնուղեղային հեղուկի նմուշառումն է:
Այն կարող է օգնել գլխուղեղի և ողնուղեղի որոշ խնդիրների ախտորոշման, իսկ երբեմն՝ նաև բուժման գործընթացներին:
Ինչո՞ւ է գոտկային պունկցիան կատարվում
Գոտկային պունկցիայի նպատակը ողնուղեղային (ցերեբրոսպինալ) հեղուկի նմուշառումն է: Այս հեղուկի նմուշը կարող է ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս հեղուկը նաև կոչվում է լիքվոր:
Գոտկային պունկցիան նաև երբեմն օգտագործվում է որոշ խնդիրներ բուժելու նպատակով՝ այս հեղուկի մեջ որևէ դեղ ներարկելու կամ որոշ քանակով հեղուկ հեռացնելու համար: Օրինակ, քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ քիմիաթերապևտիկ դեղերը կարող են տրվել հենց ողնուղեղային խողովակի մեջ՝ նույն ասեղի միջոցով, հեղուկի հեռացումից հետո։
Ինչպե՞ս նախապատրաստվել գոտկային պունկցիային
Սովորաբար, գոտկային պունկցիան որևէ նախապատրաստություն չի պահանջում: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք դուք որևէ բան անելու կարիք ունեք, ինչպիսիք են ձեր դեղերի ընդունման ռեժիմի կամ դեղաչափերի փոփոխություննռրը:
Ի՞նչ է տեղի ունենում գոտկային պունկցիայի ժամանակ
Ձեր բժիշկը կխնդիր, որ ձեզ պահեք խիստ հանգիստ և անշարժ վիճակում՝ մի կողքի վրա պառկած, կզակը կրծքավանդակին մոտեցրած, ծնկները վերև ծալած և դեպի կրծքավանդակը բարձրացրած կամ էլ նստած և մեջքը կորացրած վիճակում:
Բժիշկը ձեր գոտկային շրջանի մաշկը մանրակրկիտ կմաքրի և կախտահանի, որից հետո պունկցիայի շրջանը կանզգայացնի որևէ տեղային անեսթեիկի նյութով: Երբ այս շրջանը բավարար անզգայացած է, ձեր բժիշկը մեկ այլ բարակ ասեղը զգուշությամբ տեղադրվում է ողնաշարի ոսկրերի արանքով՝ ծակել-անցնելով մաշկը, ենթամաշկը, միջողնային տարածությունը և ողնուղեղի կարծր պատյանը՝ հասնելով մինչև ողնուղեղային հեղուկ: Այնուհետև ձեր բժիշկը վերցնում է այս հեղուկի փոքր քանակությամբ նմուշ: Միջամտության ավարտին ասեղը հեռացվում է և մաշկի ծակած տեղը ծածկվում ստերիլ վիրակապով:
Միջամտությունից հետո
Գոտկային պունկցիայից հետո ձեր բժիշկը կխնդրի, որ պառկած վիճակում անցկացնեք մոտ մեկ ժամ կամ ավելի երկար, որի նպատակը հնարավոր գլխացավի կանխարգելումն է: Ձեզ հավանաբար թույլ կտան տուն վերադառնալ նույն օրը, սակայն դուք պետք է խուսափեք ինքներդ ավտոմեքենա վարելուց:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են զարգանալ
Գոտկային պունկցիան սովորաբար շատ անվտանգ միջամտություն է: Որոշ մարդկանց մոտ կարող է ի հայտ գալ գլխացավ, գոտկային շրջանի ցավեր կամ ցավեր ոտքերում: Այս ախտանիշները սովորաբար ինքնուրույն անհետանում են:
Կարող է նաև զարգանալ արյունահոսություն մաշկի տակ կամ ավելի խոր հյուսվածքներում, հատկապես, եթե դուք ընդունում եք արյան մակարդելիությունն ընկճող դեղեր: Եթե գոտկային պունկցիայից հետո ունեք սաստկացող գլխացավ, ջերմության բարձրացում կամ ոտքերում թուլություն, անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024