Մագնեզիումը կենսական կարևորության միներալ է, որն օգտագործվում է գրեթե բոլոր հյուսվածքների, հատկապես՝ նյարդերի կողմից։
Մենք մագնեզիում ստանում ենք սննդի միջոցով։ Մագնեզիումի փոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունները հազվադեպ են ի հայտ գալիս և սովորաբար ախտորոշվում են արյան հետազոտությամբ։
Մագնեզիումով հարուստ սննդամթերքներ
Բազմաթիվ մարդիկ մագնեզիումի օրական պահանջվող քանակները ստանում են սննդի միջոցով։
Մագնեզիումի լավագույն աղբյուրներ են համարվում կանաչատերև բանջարեղենները, լոբազգիները (լոբի, ոսպ, սոյա), ընկույզները, սերմերը և չթեփազերծված հատիկավորները, սպանախը և կարտոֆիլը։
Մագնեզիումը սննդից արյան հուն ներծծվում է աղիներում, որից հետո պահեստավորվում է գլխավորապես ոսկորներում և փափուկ հյուսվածքներում։ Եթե ձեր սնունդը պարունակում է մեծ քանակով ճարպ, ապա մագնեզիումի ներծծումը թուլանում է։
Մագնեզիումն օգտագործվում է ձեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջների կողմից։
Իմացե՛ք ավելին մագնեզիումով հարուստ մթերքների մասին:
Ի՞նչը կարող է հանգեցնել մագնեզիումի դեֆիցիտին
Առողջ մարդկանց մոտ մագնեզիումի պակաս զարգանում է հազվադեպ։ Այն կարող է պատճառվել հետևյալ գործոններով՝
- անբավարար կամ աղքատ սննդակարգ
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ 2-րդ տիպի դիաբետ կամ մարսողական խնդիրներ
- որոշ դեղերի երկարատև ընդունում, ինչպիսիք են միզամուղները, խոցային հիվանդությունը կամ թթվային ռեֆլյուքսի բուժման դեղերը
- ալկոհոլիզմ։
Մագնեզիում դեֆիցիտի ախտանիշները
Մագնեզիումի պակասը կարող է առաջացնել՝
- ախորժակի անկում
- սրտխառնոց և փսխում
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- դող կամ ջղաձգումներ
- մաշկի ծակոցներ և այլ զգացողություններ
- մկանային կծկանք (սպազմ)
- ռեֆլեքսների ուժգնացում
- քնկոտություն
- անկանոն սրտազարկ (առիթմիա)։
Մագնեզիումի փոխանակաության խանգարումը կարող է տեղ գտնել հետևյալ հիվանդությունների զարգացման մեխանիզմներում՝
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և սրտանոթային հիվանդություններ
- դիաբետ
- օստեոպորոզ
- միգրենային գլխացավեր։
Երբեմն մարդիկ կարող են ստանալ մագնեզիումի չափից դուրս մեծ քանակներ երկար ժամանակի ընթացքում անտացիդներ կամ լուծողականներ խմելու պատճառով, թեև նման դեպքերը խիստ հազվադեպ են։ Այնուամենայնիվ, եթե այս հարցի շուրջ ունեք մտահոգություն, այցելեք ձեր բժշկին։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024