Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտումն է ռենտգենյան ճառագայթների միջոցով:
Մամոգրաֆիան լայնորեն օգտագործվում է կրծքագեղձում կասկածելի ուռուցքանման գոյացություններ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար: Այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման «ոսկե» ստանդարտ (ընտրության) եղանակ:
Միջին և միջինից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում, որ պարբերաբար անցնեն այս հետազոտությունը՝ որպես կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ: Սքրինինգային մամոգրաֆիան օգտագործվում է, որ հավանական քաղցկեղը հայտնաբերվի հնարավորինս վաղ, քանի դեռ հիվանդությունը կլինիկորեն չի դրսևորվել և որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացրել: Մամոգրաֆիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ուստի՝ հաջող բուժման հավանականությունը:
Շատ կարևոր է, որ պարբերաբար սքրինինգային մամոգրաֆիա անցնեն նաև այն կանայք, ում կրծքագեղձերն արտաքինից անհանգստանալու որևէ տեղիք չեն տալիս կամ որևէ գանգատ չեն պատճառում:
Ի՞նչ է մամոգրաֆիան
Մամոգրաֆիայի հիմքում ընկած է ցածր չափաբաժնով և ձեր կրծքագեղձերին ուղղորդված ռենտգենյան ճառագայթումը: Այն թույլ է տալիս գտնել կրծքագեղձի հյուսվածքի այնպիսի փոքր փոփոխությունները, որոնք կարող են որևէ գանգատ չառաջացնել կամ շոշափելիս չհայտնաբերվել: Խիստ օգտակար այս հատկության համար մամոգրաֆիան այսօր համարվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտություն: Սա նշանակում է, որ մամոգրաֆիան կարող է օգտագործվել այն կանանց համար, ովքեր քաղցկեղի վերաբերյալ որևէ կասկած կամ պատճառաբանություն չունեն:
Մամոգրաֆիան կարող է նշանակվել նաև այն կանանց, ովքեր նշում են կամ բժիշկը շոշափելիս նրանց կրծքագեղձում հայտնաբերել է ուռուցքանման գոյացություն: Մամոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել և տարբերակել նաև բարորակ նորագոյացությունները: Այս օրինակներում մամոգրաֆիան հանդես է գալիս որպես ախտորոշիչ մեթոդ:
Այսպիսով, մամոգրաֆիան կարող է նշանակվել որպես սքրինինգային կամ որպես ախտորոշիչ հետազոտություն:
Ե՞րբ է սքրինինգային մամոգրաֆիան խորհուրդ տրվում
Տարբեր երկրներ կամ մասնագիտական ասոցիացիաներ մշակել են սքրինինգային մամոգրաֆիայի անցկացման իրենց ուղեցույցները:
Օրինակ, Ամերիկյան քաղցկեղի ասոցիացիան (ACS) 45-54 տարեկան կանանց առաջարկում է ամեն տարի, իսկ 55 տարեկանն անց կանանց՝ առնվազն երկու տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիա: Ավստրալիայի քաղցկեղի հանձնախումբը (CCA) 50-74 տարեկան կանանց խորհուրդ է տալիս հետազոտվել առնվազն երկու տարին մեկ անգամ:
Եթե ձեր 40-ը լրացել է և անհանգստացած եք ձեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղի հնարավորությամբ (օրինակ, ունեք քաղցկեղի վերաբերյալ ընտանեկան պատմություն կամ այլ ռիսկի գործոններ), բժիշկը կարող է ձեզ առաջարկել մամոգրաֆիա:
Ավելի երիտասարդ տարիքում մամոգրաֆիայի ախտորոշիչ նշանակությունը փոքրանում է, քանի որ կրծքագեղձի հյուսվածքը համեմատաբար ավելի խիտ է, որի ֆոնի վրա քաղցկեղի հայտնաբերումը կամ այլ հիվանդություններից տարբերակելը դժվարանում է:
Ե՞րբ է ախտորոշիչ մամոգրաֆիա խորհուրդ տրվում
Բժիշկը ձեզ կարող է առաջարկել ախտորոշիչ մամոգրաֆիա, եթե ձեր կրծքագեղձը զննելով (շոշափելով) հայտնաբերում է կասկածելի գոյացություն կամ կրծքագեղձի հիվանդություն նախանշող այլ նշաններ: Նման դեպքերում սովորաբար նաև նշանակվում է նաև կրծքագեղձի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) և ըստ անհրաժեշտության՝ նաև բիոպսիա:
Մամոգրաֆիայի ընթացքը
Մամոգրաֆիան կատարվում է հատուկ կահավորված սենյակում, կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված հատուկ սարքի՝ մամոգրաֆի օգնությամբ:
Ձեզ կառաջարկեն հանվել մինչև գոտկատեղ և կանգնել մամոգրաֆի առջև: Ձեր յուրաքանչյուր կուրծքը հետազոտում են առանձին:
Բուն հետազոտության ժամանակ ձեր կրծքագեղձը տեղադրվում է երկու թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Ավելի հստակ պատկեր ստանալու համար կարող են քիչ սեղմել ձեր կուրծքը, որը կարող է կարճատև անհարմարություն կամ որոշակի ցավ պատճառել:
Ամբողջ գործընթացը տևում է շուրջ 15-20 րոպե: Պատասխանը կարող է տրվել նույն կամ հաջորդ օրը:
Քննարկեք մամոգրաֆիայի արդյունքները ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Բժիշկը կամ բժիշկ-ռադիոլոգը (ռենտգենոլոգ) նախապես ձեզ կտեղեկացնեն հատուկ պահանջների մասին: Խուսափեք հետազոտության օրը թևատակերին կամ կրծքի շրջանում հակաքրտինքային միջոց օգտագործելուց:
Դեպքերի մեծ մասի համար մամոգրաֆիա նախատեսում են դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց:
Սքրինինգային մամոգրաֆիայի ռիսկերը
50 տարեկանն անց կանանց մեծ մասի համար մամոգրաֆիայի օգուտներն ավելի նշանակալից են, քան հնարավոր ռիսկերը:
Մամոգրաֆիայի ռիսկերից են՝
- ցածր չափաբաժիններով ռենտգենյան ճառագայթում
- «կեղծ դրական» պատասխան, երբ մամոգրաֆիայով հայտնաբերված հնարավոր քաղցկեղն ավելի ուշ կամ այլ հետազոտություններով ժխտվում է
- «կեղծ բացասական» պատասխան, երբ առկա քաղցկեղը մամոգրաֆիայով չի հայտնաբերվում
- երբ հայտնաբերվում և նշանակվում է բուժում կրծքագեղձի քաղցկեղի այնպիսի տարատեսակի ժամանակ, որը կյանքի համար վտանգավոր չէր (շատ հաճախ այս հարցը չի ունենում միանշանակ պատասխան):
Ախտորոշիչ մամոգրաֆիայի ռիսկերը
Ախտորոշիչ մամոգրաֆիայի հիմնական ռիսկը ցածր չափաբաժնով ռենտգենյան ճառագայթումն է, որը սովորաբար ավելի փոքր նշանակություն ունի, քան այն օգուտը, որը կարող է տալ՝ տվյալներ տրամադրելով կրծքագեղձում առկա ուռուցքանման գոյացության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024