Ինչպե՞ս կառավարել ալկոհոլի օգտագործումը
20-04-2018
3 րոպե

Հստակ գիտակցելով, թե ինչպես կարելի է ալկոհոլը դարձնել անվտանգ և ձեր իսկ նկատմամբ ստանձնելով որոշ պարտականություններ, դուք կարող եք ապահովել ձեր փոխարաբերությունների և ֆինանսական միջոցների լավագույն համադրությունը:
Ի ուրախություն բոլորիս, կան ալկոհոլային խմիչքների օգտագործման չափի վերահսկման և կարգավորման տարբեր ճանապարհներ:
Ինչքա՞ն եմ իրականում ես ալկոհոլ խմում
Այս հարցին գուցե ոչ միանգամից պատասխանեք (ոգելից խմիչքներն արտադրվում են տարբեր թնդությամբ և մատուցվում տարբեր ծավալներով), սակայն այն կօգնի հասկանալու, թե արդյոք դուք չեք չարաշահում ալկոհոլի օգտագործումը:
Ձեր տարիքը, սեռը, մարմնի քաշը և նույնիսկ այն, թե ինչպես եք զգում ալկոհոլ օգտագործած ժամանակ, կարող են ազդել ալկոհոլի դրսևորած ազդեցությունների վրա:
Ընդունված ուղեցույցերի համաձայն առողջ չափահաս մարդն օրվա ընթացքում պետք է օգտագործի առավելագույնը 2 «ստանդարտ» չափ ալկոհոլ: Ավելի մեծ քանակով ալկոհոլի օգտագործումն արդեն գնահատվում է որպես ալկոհոլի վնասաբեր օգտագործում կամ ալկոհոլի չարաշահում, որը կարող է բացասաբար ազդել ձեր փոխահարաբերությունների և սոցիալական կյանքի վրա, ինչպես նաև բերել առողջական սուր հետևանքների (վնասվածք, դժբախտ պատահար և այլն) կամ քրոնիկ անդառնալի խնդիրների:
Նույն ուղեցույցներով ալկոհոլի ներգործությամբ պայմանավորված վնասվածքների վտանգը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում մեկ առիթի սահմաններում (հաջորդաբար) չօգտագործել ոգելից խմիչքի ավելի քան 4 «ստանդարտ» չափ:
Իսկ ինչքա՞ն է ալկոհոլի մեկ ստանդարտ չափը
Ալկոհոլի «ստանդարտ» չափը («ումպ», անգլերեն՝ drink) սահմանված է որպես 10 մլ մաքուր էթիլ սպիրտ:
Սա շատ ավելի փոքր քանակ է, քան կարող եք կարծել: Օրինակ, ալկոհոլի 1 «ստանդարտ» չափը համապատասխանում է միջին թնդության գարեջրի մեկ բաժակին կամ 100 մլ գինուն կամ էլ 30 մլ թունդ սպիրտային խմիչքին։
Մինչև ալկոհոլ օգտագործելը, ստուգեք խմիչքի թնդության աստիճանը և մտովի հասկացեք, թե տվյալ տեսակի խմիչքի որ քանակն է համապատասխանում «ստանդարտ» չափին և հաշվարկեք, թե ձեզ մատուցված բաժակի մոտավոր ծավալը հաշվի առնելով, քանի բաժակից է լրանում օրվա «վերին սահմանաչափը»:
Ինչպե՞ս պարզել, թե արդյոք ես շատ եմ խմում
Սա նույնպես դժվար պատասխանվող, սակայն հստակ պատասխան ունեցող հարց է: Ահա ալկոհոլի խնդրահարույց օգտագործման նշանները՝
- դուք ավելի շատ ալկոհոլ եք օգտագործում, քան սահմանված էր վերոնշյալ ուղեցույցներում
- դուք կամ մյուսներն անհանգստացած են ձեր օգտագործած ալկոհոլի քանակներով
- դուք ստիպված եք ավելի շատ ալկոհոլ օգտագործել, որ զգաք նախկին «բարերար» ազդեցությունները
- ձեզ մոտ ի հայտ է եկել ալկոհոլի նկատմամբ հակում՝ այն օգտագործելու անհագուրդ ցանկություն
- ալկոհոլը սկսել է վնասել ձեր ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը
- դուք դժվարությամբ եք կարողանում հսկել ձեր ընդունած ալկոհոլի քանակները և դժկամությամբ եք «կանգ առնում» կամ չեք կարողանում դադարեցնել ալկոհոլի օգտագործումը
- ալկոհոլի օգտագործումը սկսել է վատ անդրադառնալ ձեր փոխհարաբերությունների կամ աշխատանքի վրա
- երբ ալկոհոլ չեք ընդունում, ձեզ մոտ ի հայտ են գալիս որոշ գանգատներ՝ դող, քրտնարտադրություն, տագնապ և փսխումներ:
Ալկոհոլի օգտագործման կրճատումը միշտ էլ օգտակար է
Եթե ալկոհոլը ձեզ համար դարձել է խնդիր, ապա ոգելից խմիչքները սահմանափակելով կօգնեք ինքներդ ձեզ կյանքի տարբեր ոլորտներում:
Առողջություն և ինքնազգացողություն. օգտագործվող ալկոհոլի քանակի կրճատումը նշանակում է, որ ձեզ ավելի քիչ կանհանգստացնեն տագնապը կամ դեպրեսիան և ինքստինքյան կնվազեցնեք այնպիսի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են քաղցկեղը, սրտային հիվանդությունները կամ լյարդի ցիռոզը: Ալկոհոլի օգտագործման սահմանափակումը նաև կօգնի, որ ազատվեք ձեր ավելցուկային քաշից (եթե գեր եք), լցվեք ներքին ուժերով և բարելավեք ձեր արտաքին տեսքը:
Փոխհարաբերություններ. ալկոհոլի չարաշահումը փչացնում է ընտանեկան, ընկերական և աշխատանքային փոխհարաբերությունները, դարձնում ձեզ «անտանելի» հակաճառող և թուլացնում սեռական հակումը (լիբիդո): Վերջիվերջո, ալկոհոլին «տրվելով» ձեր երեխաների համար դառնում եք վատ օրինակ: Օգտագործվող ալկոհոլի չափը կարգավորելով դուք հաստատապես կմեղմացնեք այս և մյուս անախորժ վիճակները և կբարելավեք ձեր սոցիակալան կյանքը:
Ֆինանսներ. խմիչքի չարաշահումը ենթադրում է ծախսերի մեծացում: Խոսքը ոչ միայն ոգելից խմիչքներին հատկացվող գումարների մասին է, այլ այն միջոցների, որոնք ստիպված եք լինելու ուղղել ձեր առողջության վերականգնմանը, վնասված գույքի փոխհատուցմանը և ձեր անձնական և սոցիալական կյանքի այլ՝ «չնախատեսված» ոլորտներին: Ալկոհոլի չարաշահումը դադարեցնելով դուք կրճատում եք ձեր մասնակցությամբ դժբախտ պատահարներին և ծանր քրոնիկ հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև պայմաններ եք ստեղծում աշխատանքային ձեռքբերումների և կարիերայի աճի համար:
Ալկոհոլի քանակի նվազեցման հմտություններ
- Ուղեցույցներով առաջարկվող նորմաները հաշվի առնելով՝ սահմանեք ձեզ համար ալկոհոլի օգտագործման առավելագույն չափ և պահպանեք այն։
- Հաշվեք օգտագործած ալկոհոլի «ստանդարտ» չափերի քանակը և հիշեք, որ ակումբներում և ռեստորաններում մատուցվող գավաթները կարող են պարունակել 1 ստանդարտ չափը գերազանցող ծավալներ։
- Մինչև ալկոհոլ (գարեջուր) օգտագործելը ջուր խմեք։
- Ալկոհոլն ընդունեք առանց շտապելու և ընդմիջումներով։
- Ալկոհոլ օգտագործելուց առաջ և ընթացքում սնունդ ընդունեք։
- Ավարտին հասցրեք ալկոհոլի ձեր «ստանդարտ» չափը և նոր անցեք հաջորդին, որ կարողանաք հետևել оգտագորված ալկոհոլի քանակին:
- Ալկոհոլի «ստանդարտ» չափերի միջև խմեք ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որ նվազեցնեք արյան մեջ ալկոհոլի խտությունը։
- Ալկոհոլ ընդունած ժամանակ ակտիվ եղեք՝ պարեք, շարժվեք, այլ ոչ թե մնացեք նստած:
Հոդվածը վերանայվել է՝ 25-03-2021