Մարիխուանան մնում է աշխարհում ամենաշատ օգտագործվող ապօրինի թմրամիջոցը։
Այն կարող է առաջացնել հաճելի թուլություն, սակայն պատճառում է նաև հոգեբանական կախվածություն, հիշողության խնդիրներ, պարանոյա և փսիխոզ։
Մարիխուանան պատրաստվում է կանաբիսի (կանեփ) չորացված տերևներից և ծաղիկներից և սովորաբար օգտագործվում է ծխելու միջոցով։
Մարիխուանայի վրա տարածվում են ապօրինի թմրամիջոցներին վերաբերող բոլոր սահմանափակումները և պատիժները։
Մարիխուանայի ազդեցությունները
Տարբեր մարդկանց մոտ մարիխուանան թողնում է տարբեր ազդեցություններ։ Այն կարող է օգտագործողին թուլացնել և պատել երջանկության զգացմամբ կամ դարձնել լռակյաց և «խորհող»։ Ազդեցությունները վրա են հասնում ծխելուց ոչ շատ հետո։ Սակայն մարիխուանան ունի նաև վնասաբեր ֆիզիկական ազդեցություններ։
Իմացե՛ք ավելին ժամանցային թմրամիջոցների մասին։
Հոգեկան առողջության խնդիրներ
Ցանկացած մարդ, ով ունի հոգեկան առողջության որևէ խնդիր կամ դեպրեսիայով, փսիխոզով, բիպոլյար խանգարմամբ կամ տագնապային որևէ խանգարմամբ տառապող արյունակից հարազատ, պետք է հնարավորինս խուսափի մարիխուանա օգտագործելուց, քանի որ այս թմրամիջոցի առաջացրած հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ դառնում է առավել խոցելի։
Մարիխուանան կարող է շիզոֆրենիայի նկատմամբ բարձր ռիսկային մարդկանց մոտ նպաստել հիվանդության զարգացմանը։ Այս մարդկանց մոտ մարիխուանան նաև կարող է նպաստել, որ հիվանդությունը դրսևորվի ավելի վաղ։
Մարիխուանա օգտագործող մարդիկ դրսևորում են դեպրեսիայի և դեպրեսիվ ախտանիշների ավելի բարձր մակարդակ, քան նրանք, ովքեր չեն օգտագործում։ Այն նաև կարող է հանգեցնել տագնապի ժամանակավոր ախտանիշների, ինչպիսին է խուճապը։
Մարիխուանան կարող է առաջացնել՝
- մտածողության և ռեֆլեքսների դանդաղում
- մոտիվացիաների թուլացում
- խուճապի (պանիկ) նոպաներ
- տագնապ և պարանոյա
- փսիխոզ
- ցնորքներ (հալյուցինացիա)
- զառանցանքներ։
Երկար ժամանակ մարիխուանա օգտագործող մարդիկ կարող են՝
- դառնալ հոգեբանորեն կախված
- կորցնել իրենց սեռական հակումները
- ունենալ հիշողության հետ կապված խնդիրներ
- ունենալ ուսման հետ կապված խնդիրներ
- ունենալ տրամադրության անկայունություն
- դառնալ փսիխոտիկ, եթե ունեն շիզոֆրենիա կամ դառնալ փսիխոզի նկատմամբ ռիսկային
- մտածել ինքնասպանության մասին։
Մարիխուանա օգտագործող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան սոցիալական և ֆինանսական խնդիրներ, դպրոցում՝ վատ առաջադիմություն, ինչպես նաև անախորժություններ ու խնդիրներ՝ ընտանիքում և այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում։
Մարիխուանան առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ընտանիքում ունեն հոգեկան խանգարմամաբ հարազատ։
Մարիխուանայից զրկանքը
Մարիխուանայի երկար ժամանակ կրկնակի օգտագործումն առաջացնում է հոգեբանական կախվածություն: Նման դեպքերում մարիխուանայից կտրուկ հրաժարվելը առաջացնում է անքնություն, տագնապ, դյուրագրգռվածության և զայրույթ, ինչպես նաև ախորժակի անկում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024