ՄԴՄԱ-ն ապօրինի թմրամիջոց է, որը կուլ տալուց հետո զարգացնում է էյֆորիկ «վերելքի» զգացողություն:
Այնուամենայնիվ, ՄԴՄԱ-ն ունի լուրջ կողմնակի ազդեցություններ, հատկապես, երբ շրջակա միջավայրը շոգ կամ տոթ է: Երկարատև օգտագործումը կարող է առաջացնել ծանր դեպրեսիա և հիշողության խնդիրներ:
ՄԴՄԱ-ն հանդիսանում է հաբերի տեսքով սև շուկայում առաջարկվող էքստազի ապօրինի թմրամիջոցի հիմնական բաղադրիչը: Վերջինս կարող է ունենալ ՄԴՄԱ-ի տարբեր քանակներ, սակայն չի բացառվում, որ ընդհանրապես ՄԴՄԱ չպարունակի:
ՄԴՄԱ-ի ազդեցությունները
ՄԴՄԱ-ն սկսում է ազդել կուլ տալուն հաջորդող 20 րոպեների ընթացքում: Որոշ մարդկանց մոտ զարգանում են ցնորքներ (հալյուցինացիա), գերքրտնոտություն, ծնոտի ձգված վիճակ և ատամների սեղմում, ինչպես նաև դող (տրեմոր):
Մարդիկ կարող են գերտաքանալ կամ ջրազրկվել, եթե ՄԴՄԱ օգտագործեն շոգ կամ տոթ պայմաններում: Մեծ քանակով ջուր խմելը կարող է վտանգավոր լինել, ուստի խորհուրդ է տրվում դուրս գալ մաքուր օդի և ջուրն ընդունել փոքր չափաբաժիններով:
Իմացե՛ք ավելին ժամանցային թմրամիջոցների մասին։
Հոգեկան առողջության խնդիրներ
Կանոնավոր կերպով ՄԴՄԱ օգտագործող մարդկանց մոտ զարգանում են երկարաժամկետ խանգարումներ՝ հույզերի կառավարման անկարողություն, հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ, անձի խանգարումներ և ծանր դեպրեսիա:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ՄԴՄԱ-ն կարող է ավելի վատթարացնել ինքնազգացողությունը:
Եթե դուք ստանում եք հակադեպրեսանտներ և ընդունում եք ՄԴՄԱ, կարող են զարգանալ գլխապտույտ, անհանգստություն կամ ալկոհոլային հարբածությանը նմանվող այլ նշաններ: Նման դեպքերում կարող է առաջանալ նաև սերոտոնինային համախտանիշ կամ թունավորում, որը պատճառվում է գլխուղեղում սերոտոնինի չափից մեծ շատացմամբ: ՄԴՄԱ և հակադեպրեսանտների վտանգավոր զուգակցումը կամ գերդոզավորումն առաջացնում են հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա), շփոթվածություն, մարմնի ջերմաստիճանի խիստ բարձրացում, հնարավոր կոմա և մահ:
ՄԴՄԱ-ի երկարատև օգտագործումից հետո զրկանքն ուղեկցվում է դեպրեսիայով, դյուրագրգռությամբ, անհանգստությամբ և տագնապով, ինչպես նաև պարանոյայով: Նման դեպքերում զարգանում են նաև քնի և ուշադրության կենտրոնացման խնդիրներ: Կարող է զարգանալ նաև խումհարի ազդեցություն, երբ օգտագործումից հետո օրեր շարունակ տանջող է դառնում ծանր դեպրեսիան:
ՄԴՄԱ-ից զրկանքը
ՄԴՄԱ-ի տևական օգտագործումն առաջացնում է կախվածություն: Զրկանքի ախտանիշները կարող են ներառել՝ անքնություն, տագնապ, աժիտացիա և անհանգստություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման անկարողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024