Մենյերի հիվանդությունը ներքին ականջի հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն ընթանում է վերտիգոյով, գլխապտույտով և հավասարակշռության խնդիրներով:
Մենյերի հիվանդությունը բուժում չունի, սակայն դուք կարող եք կառավարել ախտանիշները:
Ի՞նչ է Մենյերի հիվանդությունը
Մենյերի հիվանդությամբ մարդկանց մոտ առաջանում են նոպաներ, որոնք բնորոշվում են ուժեղ վերտիգոյով (պտտման կեղծ զգացողություն), հավասարակշռության խանգարումներով, սրտխառնոցով և փսխումով: Նոպաները սովորաբար տևում են 2-4 ժամ, որոնց ավարտին զգում եք խիստ հոգնածություն կամ ուժասպառություն:
Նոպաները կարող են դրսևորվել հաճախակի կամ ավելի հազվադեպ՝ մի քանի ամիսը կամ տարին մեկ անգամ:
Հիվանդությունն ավելի հաճախ ախտահարում է միայն մեկ ականջը՝ բերելով վերջինիս լսողության հարաճուն կորստի:
Մենյերի հիվանդության պատճառները
Մենյերի հիվանդությունը պատճառվում է ներքին ականջում ոչ նորմալ կուտակումներով, որոնք վնասում են հավասարակշռության և լսողության համար պատասխանատու բջիջները:
Ներքին ականջում նման նյութերի կուտակման պատճառն անհայտ է, սակայն որոշ դեպքերում կարող է դեր խաղալ ներքին ականջի ճնշման բարձրացումը կամ ներականջային հեղուկներում (էնդոլիմֆա) քիմիական անհավասարակշռությունը:
Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 40-50 տարեկանում: Որոշ կանայք կարող են նշել նոպաների և դաշտանի միջև կապ, իսկ մյուսները կարող են նոպաների առաջացումը պատճառաբանել սթրեսով:
Մենյերի հիվանդության ախտանիշները
Մենյերի հիվանդության ախտանիշները կարող են լինել փոփոխական: Նոպայի ընթացքում կարող եք զգալ վաղ նշաններ, օրինակ՝
- հավասարակշռության խանգարում
- գլխապտույտ
- նախաուշաթափություն (պրեսինկոպե)՝ ուշագնացության և ընկնելու զգացողություն
- գլխացավ
- ականջում ճնշման զգացում
- լսողության կորուստ
- ձայնազգայունություն, երբ ձայներն առաջացնում են դիսկոմֆորտ
- ընդհանուր անհանգստություն:
Նոպայի գագաթնակետին զարգանում են՝
- վերտիգո. սա գլխապտույտի առանձնահատուկ տեսակ է՝ մարմնի կամ շրջապատող աշխարհի պտտողական շարժման զգացողություն, հատկապես, երբ փոփոխում եք մարմնի դիրքը, ինչպես նաև ինքնազգացողության վատացում և հանկարծակի վայրանկում
- տունիտուս. սա ականջում զնգոցներ, բզզոցներ, սուլող կամ այլ աղմուկներն են:
Հիվանդությունը սովորաբար ունի հարաճուն ընթացք, երբ գլխապտույտով, սրտխառնոցով և փսխումով ընթացող հանկարծակի նոպաները կարող են նույնիսկ դառնալ հազվադեպ, սակայն լսողության կորուստը, ականջի փակվածության զգացումը և ձայնազգայունությունը՝ սաստկանան: Հիվանդության ուշ փուլերում նոպաները կարող են ընդհանրապես վերանալ՝ որպես հետևանք թողնելով հավասարակշռության խնդիրները, լսողության կորուստը և ականջներում աղմուկը:
Մենյերի հիվանդության ախտորոշումը
Եթե ձեզ մոտ առաջացել են Մենյերի հիվանդության ախտանիշներին նմանվող գանգատներ կամ ախտանիշներ, դիմեք ձեր բժշկին: Նա կլսի ձեզ, կզզնի և կարող է նշանակել լսողության ստուգման կամ գլխուղեղի պատկերային հետազոտություններ:
Մենյերի հիվանդության բուժումը
Մենյերի հիվանդությունը մնում է դեռևս անբուժելի և դեղերը կարող են միայն մեղմացնել ձեր գանգատները և անհանգստացնող ախտանիշները:
Բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որ նվազեցվի ձեր օրգանիզմի հեղուկների ծավալը և ներականջային ճնշումը, որի շնորհիվ նոպաները կարող են դառնալ հազվադեպ:
Նոպայի ընթացքում կարող եք օգտագործել սրտխառնոցը և փսխումները, ինչպես նաև վերտիգոն և դրանց ուղեկցող անհանգստությունը մեղմացնող դեղեր: Երբեմն նաև նշանակվում են կորտիկոստերոիդներ և հակահիստամինային դեղեր:
Մենյերի հիվանդության բուժմամբ սովորաբար զբաղվում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել վիրահատություն, օրինակ՝ հավասարակշռության համար պատասխանատու նյարդի հատում և ներքին ականջի հեղուկների դատարկում (դրենաժ):
Լսողության կայուն կորստի դեպքում կարող են առաջարկվել լսողական սարքեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024