Ինչպես կարևոր է հղիության ընթացքում ձեր ֆիզիկական կամ մարմնական առողջությանը հետևելը, նույնքան կարևոր է նաև ձեր հոգեկան բարվոք վիճակը պահպանելը:
Եթե հոգեպես լավ եք զգում, ուրեմն ունեք լավագույն մեկնարկային վիճակը, որ հաջողությամբ անցկացնեք հղիության և ապագա ծննդաբերության հետ կապված ձեր կյանքի մեծ փոփոխությունները:
Ինչպե՞ս է հղիությունը ազդում ձեր հոգեկան առողջության և բարվոք վիճակի
Երեխա ունենալուն նախապատրաստվելը ձեր կյանքի ամենասպասված, սակայն և ամենադժվարին փորձություններից մեկն է: Ուստի մի զարմացեք, երբ այս շրջանում զգաք ձեր հուզական վիճակի տարաբնույթ փոփոխություններ:
Երբ տեղեկանում եք, որ հղի եք և սկսում եք ձեր 9-ամսյա «ուղևորությունը», ձեզ մոտ կարող են առաջ գալ որոշակի վախեր և անհանգստություններ: Սա նորմալ է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում եք վերահսկել ձեր զգացմունքներն ու հույզերը: Բազմաթիվ կանանց համար հղիությանը սթրեսով լի ժամանակաշրջան է, հատկապես, եթե դա իրենց կյանքում տեղի է ունենում առաջին անգամ:
Հղիությունն ինքնին մեծ սթրեսի աղբյուր է: Հորմոնային և ֆիզիկական փոփոխություններին հարմարվելուց բացի դուք կարող եք լրացուցիչ լարվածություն ունենալ, երբ սպասում եք հղիության (անտենատալ) թեստերի պատասխաններին, հատկապես, եթե նախկինում ունեցել եք անհաջող հղիություն, ինչպիսին է ինքնաբուխ վիժումը:
Այս և այլ պատճառներով, հղիությունը կարող է բարձրացնել հոգեկան առողջության տարբեր խնդիրների զարգացման հավանականությունը:
Հղիության ընթացքում հոգեկան առողջության և բարվոքության խնդիրները
Հղիության ընթացքում, որը նաև կոչվում է նաև նախածննդյան կամ անտենատալ շրջան, ինչպես նաև ծննդաբերությունից հետո, որը նաև կոչվում է հետծննդյան կամ պոստնատալ շրջան, և՛ կանայք և՛ նրանց զուգընկերները կարող են առնչվել հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրների հետ:
Որոշ մարդկանց մոտ կնոջ հղիությունը կարող է բերել հոգեկան որոշ հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են՝
- դեպրեսիա
- տագնապ
- բիպոլյար խանգարում (ավելի հազվադեպ):
Ավելի քան 10 կնոջից 1-ի և 20 տղամարդուց 1-ի մոտ կարող է զարգանալ նախածննդյան դեպրեսիա: Նախածննդյան անհանգստությունը նույնպես տարածված է, և բազմաթիվ մարդիկ միաժամանակ ունեն ինչպես տագնապ, այնպես էլ դեպրեսիա:
Որոշ գործոններ կարող են բարձրացնել հղիության ընթացքում տագնապի և դեպրեսիայի զարգացման ռիսկը, օրինակ՝
- ձեր հոգեկան առողջության հետ կապված նախկին խնդիրներ
- բավարար աջակցություն չստանալու զգացում
- հոգեկան ծանր ժամանակաշրջաններ, օրինակ՝ փոխհարաբերությունների խզում
- անցյալում կամ ներկայում վատ վերաբերմունքին, բռնությանը կամ բուլիինգին արժանանալը
- ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների հետ կապված խնդիրներ:
Հոգեկան առողջության խնդիր կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, ուստի այստեղ ամաչելու կամ ինքնամեղադրման որևէ պատճառ չկա:
Ե՞րբ է պետք դիմել օգնության
Հղիության ընթացքում պետք է հետևել ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությանը: Ուստի, ձեր արյան ճնշումից, մաշկային կամ այլ փոփոխություններից բացի նաև ուշադրություն դարձրեք ձեր հոգեկան վիճակին և բարվոքությանը: Փորձեք հասկանալ, թե կան արդյոք նշաններ, որոնք կարող են հուշել հոգեկան որևէ խնդրի առկայության մասին:
Հղիության ընթացքում կարող է դիտարկվել ձեր հոգեկան գործունեության վերելքներ և անկումներ, սակայն դիմեք ձեր բժշկին կամ նրա խորհրդով՝ հոգեկան առողջության ոլորտի մասնագետին, եթե՝
- մշտապես վատ ինքնազգացողություն ունեք, օրինակ՝ տխուր կամ անհանգստացած եք, որը տևում է ավելի երկար, քան երկու շաբաթ
- բացասական մտքերը և զգացումները սկսել են ազդել ձեր նորմալ գործունեության ունակության վրա
- ձեզ մոտ ի հայտ են եկել դեպրեսիայի նշաններ, օրինակ՝ կորցրել եք նախկին հետաքրքրությունը, ձեզ զգում եք անօգնական և հիասթափված, չեք կարողանում հաղթահարել ձեր վատ տրամադրությունը
- ժամանակի մեծ մասը զգում եք անհանգստություն կամ տագնապած եք
- սկսել եք ունենալ խուճապի նոպաներ կամ ձեզ մոտ ի հայտ են եկել կպչուն-սևեռուն վարքագծեր:
Հոգեկան բարվոքության կառավարման հմտություններ
Կան տարբեր միջոցներ, որոնք կարող են օգնել հղիության ընթացքում ձեր հոգեկան առողջությունը և բարվոքությունը պահպանելուն:
- Մի՛ ակնկալեք ձեզնից ավելի շատ, քան կարող եք: Եղեք իրատեսական: Հանգստացեք, երբ դրա կարիքը զգում եք:
- Փորձեք հղիության ընթացքում ձեր կյանքում մեծ փոփոխություններ չանել, օրինակ՝ բնակարանի փոփոխություն, անցում նոր աշխատանքի և այլն, քանի դեռ ստիպված եք գնալ այսպիսի քայլի:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ, որ ընտրեք ձեր հղիության ժամկետին առավել համապատասխանող վարժանքներ:
- Սնվեք կանոնավոր և ընտրեք առողջ կերակուրներ:
- Խուսափեք սթրեսն ալկոհոլի կամ թմրամիջոցների միջոցով հաղթահարելուց:
- Կապ հաստատեք այլ հղի կանանց հետ և փորձեք ստեղծել փոխօգնության հարաբերություններ:
- Ընդունեք ձեզ առաջարկվող օժանդակությունը: Խնդրեք օժանդակություն, եթե դրա կարիքն ունենք:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024