Skip to main content

Մետաստազ - Նորագոյացություններ

Մետաստազը չարորակ նորագոյացության զարգացման ուշ փուլն է, երբ քաղցկեղն իր առաջացման տեղից տարածվել է այլ շրջաններ։

Երբ սա տեղի է ունենում, բժիշկներն ասում են, որ քաղցկեղը մետաստազավորվել է, այսինքն՝ տարածվել է։ Բժիշկներն այսպիսի վիճակը նաև կարող են անվանել մետաստատիկ քաղցկեղ, տարածուն քաղցկեղ կամ 4-րդ աստիճանի քաղցկեղ։

Սակայն այս հասկացությունները կարող են ունենալ տարբեր նշանակություն։ Օրինակ, չափերով խիստ մեծացած, սակայն մարմնի այլ շրջան չտարածված քաղցկեղը նույնպես կարող է կոչվել տարածուն կամ տեղային զարգացած քաղցկեղ։ Խնդրեք ձեր բժշկին, որ բացատրի, թե դեպի ուր է ձեր քաղցկեղը տարածվել։

Ինչպե՞ս է զարգանում մետաստազը

Մետաստազներն ավելի հաճախ զարգանում են այն ժամանակ, երբ քաղցկեղային բջիջները պոկվում են գլխավոր ուռուցքից և մուտք գործում արյան հուն կամ ավշային համակարգ։ Այս համակարգերը շրջանառում են օրգանիզմի կենսահեղուկները։ Սա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները կարող են տեղափոխվել սկզբնական ուռուցքից ավելի հեռու ընկած շրջաններ և առաջացնել նոր ուռուցքներ՝ երբ հասնեն և աճեն մարմնի այլ շրջաններում։

Երբեմն մետաստազներ նաև կարող են առաջանալ, երբ որովայնի խոռոչում տեղակայված գլխավոր ուռուցքից առանձնացած քաղցկեղային բջիջներն ուղղակիորեն ցրվում են հարակից շրջաններ, օրինակ՝ դեպի լյարդ, թոքեր կամ ոսկորներ։

Մետաստազ
Ինչպես է առաջանում մետաստազը

Քաղցկեղի ցանկացած տեսակ կարող է տարածվել։ Տեղի կունենա դա, թե ոչ, կախված է մի քանի գործոններից, որոնցից են՝

  • քաղցկեղի տեսակ. որոշ քաղցկեղներ ավելի հավանական է, որ տարածվեն, քան մյուսները
  • քաղցկեղն մեծացման արագություն
  • քաղցկեղի «վարքը» նկարագրող այլ գործոններ, որը կարող է գտնել ձեր բժիշկը։

Ո՞ր շրջաններ կարող է տարածվել քաղցկեղը

Քաղցկեղը կարող է տարածվել օրգանիզմի գրեթե ցանկացած շրջան։ Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ տարածվում են որոշակի շրջաններ։ Օրինակ՝

  • կրծքագեղձի քաղցկեղը ավելի հաճախ տարածվում է դեպի ոսկորներ, լյարդ, թոքեր, կրծքավանդակի պատ և գլխուղեղ
  • թոքի քաղցկեղը հաճախ տարածվում է դեպի գլխուղեղ, ոսկորներ, լյարդ և մակերիկամներ
  • շագանակագեղձի քաղցկեղը հակված է տարածվելու դեպի ոսկորներ
  • հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղները ավելի հաճախ տարածվում են դեպի լյարդ և թոքեր։

Ավելի հազվադեպ, քաղցկեղը կարող է տարածվել դեպի մաշկ, մկաններ կամ այլ օրգաններ։ Քաղցկեղային բջիջները նաև կարող են թաղանթներով տարածվել թոքերի շուրջբոլորը՝ պլևրալ խոռոչ։ Նույն կերպ, քաղցկեղը կարող է տարածվել որովայնամզով պարփակված որովայնի խոռոչով։ Երբ քաղցկեղային բջիջներն այս շրջաններում առաջացնում են հեղուկի կուտակում, զարգանում են չարորակ պլևրալ արտաքիրտ (էքսուդատ) կամ չարորակ ասցիտ։

Արդյոք մետաստազը նույն առաջնային քաղցկեղի տեսակն է

Տարբեր շրջաներ տարածված քաղցկեղը ստանում է նույն անվանումը, ինչ ուներ սկզբնական (առաջնային) քաղցկեղը։ Օրինակ, դեպի լյարդ տարածված կրծքագեղձի քաղցկեղը լյարդում կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ։ Պատճառն այն է, որ քաղցկեղը սկսվել է կրծքագեղձում և պետք է օգտագործվեն կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները։

Ինչպե՞ս են բժիշկներն ախտորոշում մեստաստազը

Եթե ստանում եք ոչ մետաստազավորված քաղցկեղի դեմ բուժում, հավանաբար ունեք հսկողության պլան։ Սա ներառում է կանոնավոր այց բուժկենտրոն և ստուգումներ ու հետազոտություններ։ Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակվել որոշ հետազոտություններ, որ ստուգի հնարավոր մետաստազների առկայությունը։

Մետաստատիկ քաղցկեղը կարող է առաջացնել ախտանիշներ, օրինակ՝ ցավ կամ հևոց։ Երբեմն այս ախտանիշները կարող են բժշկին ուղղորդել, որ նշանակի մետաստազների հայտնաբերմանն ուղղված անհրաժեշտ հետազոտություններ։

Ինչպե՞ս են բժիշկները բուժում մեստաստազը

Մետաստազների բուժումը կախված է՝

  • սկզբնական (առաջնային) քաղցկեղից և դրա առաջացման շրջանից
  • այն հանգամանքից, թե ինչ չափով և որ շրջաններն է քաղցկեղը տարածվել
  • ձեր տարիքից և ընդհանուր առողջական վիճակից
  • բուժման մեթոդի ձեր նախընտրությունից։

Հետազոտողներն ավելի ու ավելի շատ տեղեկատվություն են ստանում այն մասին, թե մոլեկուլյար և գենետիկ մակարդակներում ինչպես կարող են մետաստազները տարբերվել սկզբնական քաղցկեղից։ Ահա թե ինչու մետաստազների բուժումը հաճախ տարբերվում է սկզբնական քաղցկեղի նշանակումներից։

Ձեր բուժումը կարող է ներառել քիմիոթերապիան կամ հորմոնային թերապիան։ Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում կարող են քննարկվել նաև վիրահատության և ճառագայթային թերապիայի (ռադիոթերապիայի) հնարավորությունները։ Բժիշկները կարող են փորձել բուժման մի մեթոդ և հետո անցնել մեկ այլ մեթոդի, երբ առաջին բուժումն այլևս արդյունավետ չէ։ Կամ կարող է նշանակվել բուժման տարբեր մեթոդների զուգակցում։

Բուժման տեսակները

Մետաստազների բուժման հիմնական տեսակներից են՝

  • բուժում, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա. բժիշկները սա անվանում են համակարգային բուժում, որը կարող է ներառել քիմիոթերապիան և այլ դեղամիջոցների նշանակումը, օրինակ՝ թիրախային թերապիան, հորմոնային թերապիան և իմունոթերապիան
  • բուն քաղցկեղի բուժում․ բժիշկները սա անվանում են տեղային բուժում, որը ներառում է վիրահատությունը, ճառագայթային թերապիան և բուժման այլ մեթոդներ։

Երբ ընտրում եք ձեր բուժման տեսակը, զրուցեք այն բժիշկների հետ, ովքեր ունեն մետաստատիկ քաղցկեղի բուժման փորձ։ Լավագույն բուժման ծրագրի վերաբերյալ բժիշկները կարող են ունենալ տարբեր կարծիքներ։ Հիշեք, որ բուժման մեթոդի վերաբերյալ դուք կարող եք որոնել երկրորդ կարծիք։

Արդյոք բուժումը կարո՞ղ է առողջացնել մետաստատիկ քաղցկեղը

Որոշ իրավիճակներում մետաստատիկ քաղցկեղը կարող է լիարժեքորեն բուժվել, բայց շատ ավելի հաճախ բուժումը վերջնականորեն չի վերացնում քաղցկեղը։ Սակայն բժիշկները կարող են բուժել այն՝ դանդաղեցնելով քաղցկեղի աճը և մեղմացնելով ախտանիշները։ Քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ հնարավոր է ապրել բազմաթիվ ամիսներ կամ տարիներ նույնիսկ մետաստատիկ հիվանդությունների զարգացումից հետո։

Բուժման արդյունավետությունը կախված է՝

  • քաղցկեղի տեսակից
  • քաղցկեղի տարածման չափից և տեղակայումից
  • քաղցկեղի չափերից
  • քաղցկեղի աճի արագությունից, որը կոչվում է քաղցկեղի ագրեսիվություն
  • առանձնահատուկ բուժումից
  • բուժման արդյունավետությունից։

Կարևոր է, որ ձեր բժիշկին հարցնեք բուժման նպատակների մասին։ Այս նպատակները կարող են բուժման ընթացքում փոփոխվել՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է քաղցկեղը արձագանքում ձեր բուժմանը։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչպես կարող են խնամող անձնակազմի կողմից կառավարվել ձեր ցավը, սրտխառնոցը և այլ կողմնակի ազդեցությունները։ Սա կոչվում է պալիատիվ խնամք և պետք է դառնա ցանկացած բուժման պլանի բաղկացուցիչ մասը։ Հետազոտությունները վկայում են, որ պալիատիվ խնամքը կարող է բարելավել կյանքի որակը և օգնել, որ ստացած բուժմամբ ավելի բավարարված զգաք։

Բուժում կլինիկական փորձարկմամբ

Կլինիկական փորձարկումներն առաջարկում են բուժումներ, որոնք դեռևս հանրությանը հասանելի չեն։ Կլինիկական փորձարկումը կարող է դառնալ մետաստազի հիմնական բուժումը կամ տարբերակներից մեկը։ Չափահաս մարդկանց միայն 3-5%-ն է մասնակցում կլինիկական փորձարկումներին։ Կլինիկական փորձարկմամբ առաջարկված բուժումը կարող է օգնել կամ չօգնել։ Սակայն, նույնիսկ եթե այն չի օգնում, հետազոտողներին տալիս է տվյալներ, որոնք կարող են օգնել ապագա հիվանդներին։ Եթե ձեզ հետաքրքրում է կլինիկական փորձարկումներին մասնակցելու միտքը, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ։

Երբ ապրում եք մետաստատիկ քաղցկեղով

Երբ քաղցկեղով ապրում եք երկար ամիսներ կամ տարիներ, բուժումը կազմակերպվում է որպես քրոնիկ կամ երկարատև ընթացքով հիվանդության վարում։ Ինչպես որևէ այլ քրոնիկ հիվանդություն, օրինակ՝ դիաբետ կամ սրտային անբավարարություն ունեցող մարդու, այնպես էլ այս դեպքում համար բուժումը կարևոր է։ Կարևոր է հետևել բուժման ծրագրին, որ այն լինի հնարավորինս արդյունավետ։

Հոդվածը հրապարակվել է՝ 16-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024