Բշտիկային զանգվածը հղիության կորստի հազվադեպ տեսակ է, որը դրսևորվում է պտղի չզարգանալով:
Եթե ձեզ մոտ զարգացել է հղիության կորստի այսպիսի վիճակ, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան սխալ եք արել կամ արել եք մի բան, որ չէր թույլատրվում:
Ի՞նչ է բշտիկային զանգվածը
Հղիությունը սկսվում է սպերմատոզոիդի կողմից ձվաբջջի բեղմնավորմամբ, որից հետո պտղաձուն տեղաշարժվում է արգանդ և ներդրվում լորձաթաղանթի մեջ: Բշտիկային զանգվածը զարգանում է, երբ ընկերք ձևավորող բջիջները նորմալ աճելու փոխարեն վերածվում են ոչ նորմալ բջիջների կույտի: Նման դեպքում խորիոնի թավիկները վերածվում են հեղուկով լի բշտիկների, իսկ բշտիկային զանգվածն արտաքնապես հիշեցնում է խաղողի ողկույզ, որի կենտրոնում երբեմն հայտնաբերում են պտղաձվի մնացորդներ:
Այսպիսի ոչ նորմալ (մոլար) հղիությունը կարող է լինել լրիվ կամ ոչ լրիվ:
- Լրիվ կամ ամբողջական բշտիկային զանգվածի դեպքում պտուղն ընդհանրապես չի զարգանում: Սա տեղի է ունենում, երբ սպերմատոզիոդով բեղմնավորվում է որևէ գենետիկական տեղեկատվություն (կորիզ) չունեցող ձվաբջիջ:
- Ոչ լրիվ կամ մասնակի բշտիկային զանգվածի դեպքում պտուղը կարող է զարգանալ, սակայն՝ ոչ լիարժեք, ուստի և կենսունակ չէ: Նման վիճակ զարգանում է, երբ նորմալ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու (այլ ոչ թե մեկ) սպերմատոզոիդով:
Բշտիկային զանգվածի պատճառները
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բշտիկային զանգված զարգանում: Սակայն հայտնի է, որ այն ավելի հաճախ ի հայտ է գալիս մինչև 20 տարեկան երիտասարդ և 35-40 տարեկան այն կանանց շրջանում, ովքեր նախկինում ունեցել են նույն շեղումը:
Բշտիկային զանգվածի ախտանիշները
Բշտիկային զանգվածով կանայք սովորաբար իրենց զգում են այնպես, ինչպես սովորական հղիները, քանի որ ոչ նորմալ ընկերքը հաճախ արտադրում է հղիության հորմոն համարվող մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մեծ քանակներ:
Որոշ կանանց մոտ կարող են զարգանալ սուր առավոտյան հիվանդագին վիճակ, երբեմն էլ՝ առաջին 3 ամսվա ընթացքում զգալի արյունահոսություն: Այլ դեպքերում կարող են ի հայտ գալ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և վահանաձև գեղձի խնդիրներ:
Ախտորոշում
Որոշ կանանց մոտ մոլար հղիության առկայությունը կարող է հայտնաբերվել նրանց հղիության առաջին գերձայնային հետազոտության ժամանակ: Այլ դեպքերում այս վիճակն ախտորոշվում է միայն պոստ ֆակտում՝ ինքնաբուխ վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից՝ աբորտից հետո:
Բուժում
Բշտիկային զանգվածը սովորաբար կարիք ունի վիրահատական միջամտությամբ հեռացվելու, որ կանխարգելվեն հնարավոր բարդությունները: Սա սովորաբար իրականացվում է հիվանդանոցային պայմաններում գինեկոլոգի կողմից, ով հեշտոցային մոտեցմամբ հեռացնում է արգանդի խոռոչում առկա բշտիկային հյուսվածքները: Այս միջամտությունը կոչվում է կուրետաժ (դիլատացիա և կուրետաժ, որը կարելի է թարգմանել որպես վզիկի լայնացում և արգանդի խոռոչի քերում): Հեռացված բջիջները կարող են ուղարկվել լաբորատոր թեստի:
Բշտիկային զանգվածի դեպքերի մեծ մասի համար լայնացումը և կուրետաժը բավարար է: Որոշ դեպքերում, երբ մնում է բշտիկային հյուսվածք, որն աճում է արգանդի ավելի խոր շրջաններ կամ տարածվում, կարող է անհրաժեշտ լինել իրականացնել այլ միջամտություն: Հազվադեպ բշտիկային հյուսվածքը կարող է փոխակերպվել խորիոկարցինոմա կոչվող քաղցկեղի, որը պահանջում է լրացուցիչ բուժում:
Եթե ապագայում հղիություններ չեք նախատեսում, բժիշկը կարող է ձեզ հետ քննարկել որպես բշտիկային զանգվածի բուժում արգանդի ամբողջական հեռացման նպատակահարմարությունը (հիստերէկտոմիա):
Վերահսկում
Համոզվելու համար, որ բշտիկային հյուսվածքը ձեր արգանդից ամբողջովին հեռացված է, բժիշկը կարող է խնդրել, որ կրկնակի ստուգեք ձեր արյան hCG մակարդակը՝ քանի այն չի նորմալացել: Նման դեպքում գուցե կարիք զգացվի, որ հանձնեք այս և այլ թեստերն առաջիկա 6-12 ամսվա ընթացքում:
Բշտիկային զանգվածը չի ազդում կրկին հղիանալու ձեր ունակության վրա: Սակայն պետք է համբերել, մինչև ձեր օրգանիզմն անհաջող հղիությունից հետո լիարժեքորեն վերականգնվի: Այսպիսի ժամանակային միջակայքն օգնում է, որ բժիշկը հասկանա, թե ձեր արյան hCG մակարդակն աճում է նոր հղիության, թե հին բշտիկային հյուսվածքների հաշվին:
Հուզական աջակցություն
Հղիության կորուստը կարող է լինել խիստ հիասթափեցնող ու տխրեցնող: Նման դեպքերում ձեզ կարող է օգնել հուզական օժանդակության միջոցառումները, օրինակ՝ փսիխոթերապևտի հետ խոսելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024