Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը կամ տոմոգրաֆիան (ՄՌՏ) գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ձեր ներքին օրգանների մանրակրկիտ պատկերները:
ՄՌՏ-ն խիստ օգտակար է տարբեր տեղակայման ուռուցքների (այդ թվում՝ քաղցկեղների), ողնաշարի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների, ինչպես նաև այնպիսի փափուկ հյուսվածքների վնասվածքների կամ հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են ուղեղը կամ սիրտը: Այն կարող է հայտնաբերել ձեր զարկերակների և երակների խնդիրները՝ առանց վիրահատական միջամտության: ՄՌՏ-ն օգտակար է նաև բժշկության որոշ ոլորտներում բուժման մեթոդն ընտրելիս և կազմակերպելիս:
Ի՞նչ է ՄՌՏ սքանավորումը
ՄՌՏ-ն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ, որ գեներացնի ձեր մարմնից ստացված ազդանշաններ, որոնք ընդունվում են ռադիոընդունիչի կողմից և համակարգչային ծրագրերի միջոցով արտածում ձեր ներքին օրգանների պատկերը:
ՄՌՏ սքանավորման առավելություններն են՝
- պատկերների մանրակրկիտություն
- ռենտգենյան ճառագայթման բացակայություն
- ցավերի բացակայություն:
Ե՞րբ է ՄՌՏ սքանավորումը նշանակվում
ՄՌՏ սքանավորումը կարելի է օգտագործել, որ հետազոտվեն հետևյալ օրգանները՝
- գլխուղեղ և ողնաշար
- ոսկրեր և հոդեր
- կրծքագեղձեր
- սիրտ և արյունատար անոթներ
- ներքին օրգաններ, օրինակ՝ լյարդ, արգանդ կամ շագանակագեղձ:
ՄՌՏ-ն սովորաբար նշանակվում է հետևյալ դեպքերում՝
- ուռուցքներ (ներառյալ՝ քաղցկեղներ)
- հոդերի վնասվածքներ կամ հիվանդություններ
- փափուկ հյուսվածքների վնասվածքներ
- ներքին օրգանների ախտահարումներ:
Բաներ, որոնք պետք է հաշվի առնել
Թեև ՄՌՏ սքանավորումը համարվում է հղիության համար անվտանգ հետազոտություն, այնուամենայնիվ արժի այս թեմայով զրուցել հետազոտող բժշկի հետ:
ՄՌՏ սքանավորման ժամանակ հետազոտվողը որոշ ժամանակ (ավելի քան 10 րոպե, որոշ դեպքերում՝ 1-2 ժամ) պետք է գտնվի սահմանափակ տարածքում, որը որոշ մարդկանց և հատկապես երեխաների համար կարող է դառնալ լուրջ խնդիր:
Սրտի արհեստական ռիթմավարով («փեյսմեյքեր»), օրգանիզմում մետաղական կոնստրուկցիաներով կամ իմպլանտներով մարդիկ չեն կարող անցնել ՄՌՏ հետազոտություն, քանի որ վերոնշյալ սարքերը մագնիսական դաշտերի ազդեցությամբ կարող են առաջացնել լուրջ խնդիրներ:
ՄՌՏ սքանավորման նախապատրաստությունը և ընթացքը
ՄՌՏ հետազոտությունից առաջ՝
- սնունդ ընդունելու կարիք չունեք
- ձեզ կարող են ներարկել կոնտրաստային նյութ (ներքին օրգանների ավելի մանրակրկիտ պատկերներ ստանալու համար)
- անպայման տեղեկացրեք բժշկին, եթե ձեր մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ
- մինչև հետազոտման սենյակ մտնելը ձեր մարմնի վրայից հեռացրեք մետաղական և արդուզարդի բոլոր առարկաները
- եթե հղի եք, ունեք երիկամային որևէ խնդիր կամ կարծում եք, որ փակ տարածության մեջ մնալը ձեզ համար կարող է խնդիր առաջացնել, զրուցեք այս թեմաներով հետազոտող բժշկի հետ:
ՄՌՏ հետազոտության ընթացքում՝
- դուք պառկելու եք հարմարավետ պատգարակի վրա, որը շարժելով բժիշկը կհարմարեցնի ձեր դիրքը
- հետազոտող անձնակազմը կարող է գտնվել հարևան սենյակում, սակայն դուք կարող եք ցանկացած ժամանակ բարձրախոսով շփվել միմյանց հետ
- ՄՌՏ սքաները խիստ աղմկոտ է, և դուք կարող եք ձեզ հետ բերել կամ տեղում խնդրել ականջակալ
- երեխաներին հավանաբար անհրաժեշտ կլինի ներարկել ընդհանուր անզգայացնող դեղեր, որ ապահովվի նրանց անշարժ պառկած վիճակը:
ՄՌՏ սքանավորման կողմնակի ազդեցությունները և բարդությունները
ՄՌՏ սքանավորուման հետ կապված կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներ չկան, բայցառությամբ այն դեպքերի, երբ հետազոտվողի մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ:
Երբ ՄՌՏ-ն կատարվում է կոնտրաստային նյութի ներարկմամբ, կարող են ի հայտ գալ վերջինիս հետ կապված կողմնակի ազդեցություններ (ալերգիկ ռեակցիա, երիկամների գործունեության վատացում և այլն):
ՄՌՏ սքանավորման այլընտրանքները
Եթե որևէ պատճառով ՄՌՏ սքանավորում չի կարող իրականացվել, որոշակի վերապահումներով այս հետազոտության փոխարեն կարող են անցկացվել ռենտգեն հետազոտություն, CT սքանավորում կամ գերձայնային հետազոտություններ (սոնոգրաֆիա):
Դիտեք նաև ՄՌՏ-ի վերաբերյալ տեսահոլովակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024