Skip to main content

Փակ քիթ - Քիթ-կոկորդ-ականջ

Քթի փակվածության զգացում առաջանում է, երբ քթի և հավելյալ խոռոչների հյուսվածքները և արյունատար անոթները դառնում են այտուցված և նույն խոռոչներում կուտակվում է ավելցուկային հեղուկ:

Փակ կամ «լցված» քիթը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել քթային արտադրությամբ կամ քթահոսությամբ (հարբուխ):

Քթի փակվածությունը սովորաբար մեծ տարիքի երեխաներին և չափահասներին զուտ անհանգստացնող երևույթ է, այլ ոչ թե լուրջ գանգատ: Սակայն փակ քիթը կարող է լուրջ բնույթ ստանալ երեխաների համար, եթե խանգարում է քունը կամ նորածինների համար, եթե դժվարացնում է կրծքի կաթի ծծումը:

Պատճառներ

Քիթը կարող է փակվել քթի խոռոչի հյուսվածքները գրգռող կամ բորբոքող ցանկացած պատճառից: Քթի փակվածության և քթահոսության տարածված պատճառներից են վարակները (օրինակ՝ մրսածություն, գրիպ կամ սինուսիտ) և ալերգիաները (ալերգիկ հարբուխ): Երբեմն այս երևույթները կարող են առաջանալ հրահրիչ գործոնների ազդեցությամբ, օրինակ՝ ծխախոտի ծուխ կամ ավտոմեքենայի արտանետումներ: Նման վիճակը կոչվում է ոչ ալերգիկ ռինիտ (հարբուխ) կամ վազոմոտոր ռինիտ (հարբուխ):

Ավելի հազվադեպ քիթը կարող է փակվել քթի խոռոչում աճած ուռուցքի պատճառով (օրինակ՝ պոլիպ):

Քթի փակվածություն այլ հնարավոր պատճառներից են՝

  • ալկոհոլի օգտագործում
  • Չարգ-Ստրաուսի համախտանիշ (էոզինոֆիլային գրանուլոմատոզ պոլիանգիիտ)
  • քթի փակվածության դեմ սփրեյների գերօգտագործում
  • քթի միջնապատի թեքվածություն (ծռում)
  • օդի չորություն
  • մեծացած ադենոիդներ
  • սնունդ, հատկապես՝ կծու կերակրատեսակներ
  • քթում օտար մարմին
  • գրոնուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների գրանուլոմատոզ)
  • հորմոնային շեղումներ
  • դեղամիջոցներ, օրինակ՝ բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), էրեկտիլ խանգարման, դեպրեսիայի, ցնցումների և այլ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ
  • քթային պոլիպ
  • ոչ ալերգիկ ռիտինտներ (հարբուխ)՝ քթի քրոնիկ փակվածություն, որը կապված չէ ալերգիաների հետ
  • մասնագիտական ասթմա
  • հղիություն
  • շնչառական (ռեսպիրատոր) սինցիտիալ վիրուս (ՌՍՎ)
  • քնի ապնոէ
  • վահանաձև գեղձի հիվանդություններ:

Ե՞րբ այցելել բժշկին

Չափահասներ

  • գանգատները շարունակվում են ավելի քան 10 օր
  • ունեք ջերմություն
  • ունեք դեղնականաչավուն քթային արտադրություն և հարքթային ծոցերի շրջանում ցավ կամ բարձր ջերմություն (կարող է վկայել բակտերիալ վարակի մասին)
  • ունեք արյունային բնույթի քթային արտադրություն կամ գանգուղեղային տրավմայից հետո մշտական մաքուր արտադրություն:

Երեխաներ

  • երեխան 2 ամսականից փոքր է և ունի ջերմություն
  • երեխայի քթային արտադրությունը կամ փակվածությունը դժվարացնում են սնունդ ընդունելը կամ բերում են դժվարաշնչության:

Բուժում

Քթի փակվածության բուժումը կախված է պատճառից: Սովորաբար պատճառը վերացնելով քթով շնչառությունն աստիճանաբար վերականգնվում է:

Ինքնօգնություն

Մինչև բժշկին այցելելը փորձեք այս պարզ միջոցները:

  • Փորձեք նուրբ ձևով մաքրել-դատարկել քթի խոռոչը:
  • Խուսափեք հայտնի ալերգեններից (ալերգիկ ռեակցիա առաջացնող գործոններ):
  • Եթե ունեք կայուն ջրիկ քթահոսություն, փռշտոց և ջրակալած կամ քոր եկող աչքեր, ամենայն հավանականությամբ գանգատները կապված են ալերգիայի հետ, և առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային դեղամիջոցները կարող են օգտակար լինել (անպայման ծանոթացեք տեղեկատվական ներդիրին և խորհրդակցեք բժշկի հետ, թե որ դեղը կարող է տվյալ իրավիճակում առավել օգտակար լինել):
  • Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում օգտագործեք ռետինե ծայրատով ներարկիչ՝ հեռացնելու կուտակված քթային արտադրությունը:

Հետքթային հոսքը մեղմացնելու համար (երբ ավելցուկային թուքը կամ լորձը կուտակվում են ըմպանի ետնամասում) փորձեք հետևյալ միջոցները՝

  • խուսափեք տարածված գրգռիչներից, օրինակ՝ ծխախոտի ծուխ կամ օդի խոնավության կտրուկ փոփոխություն
  • խմեք առատ ջուր, որը կօգնի քթային արտադրության ջրիկացմանը
  • փորձեք քթային աղային սփրեյներ կամ ողողման հեղուկներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024