Skip to main content

Պտուկից արտադրություն - Կանանց առողջություն

Պտուկից արտադրությունը վերաբերվում է կրծքագեղձի պտուկից որևէ տեսակի հեղուկի արտահոսքին:

Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պտուկից արտադրությունը նորմալ երևույթ է: Այն ավելի հազվադեպ հանդիպում է այն կանանց մոտ, ովքեր հղի կամ կերակրող մայր չեն: Պտուկից արտադրությունը կարող է անհանգստության առիթ չլինել, սակայն ավելի խելամիտ է համոզվելու համար այցելել բժշկին և տեղեկացնել նրան: Եթե պտուկից արտադրությունն է ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ, բժշկին այցելելը պարտադիր է:

Ի՞նչ են պտուկները

Պտուկը կրծքագեղձի (կաթնագեղձ) կենտրոնական մասում գլնվող արտացցվածք է, որի վրա կա 12-15 կաթնածորան։ Պտուկը և պտուկը շրջապատող մաշկն ավելի մուգ է (կոչվում է արեոլա), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ:

Սեռահասուն կնոջ մոտ յուրաքանչյուր կաթնագեղձը բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից՝ բաժանված փուխր շարակցական և ճարպային հյուսվածքների ենթաշերտերով։ Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից և, մոտենալով բլթի շուրջը, կազմում են ծորաններ: Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում:

Կրծքով կերակրման ժամանակ (կաթնատվություն կամ լակտացիա) ծորանները լայնանում են և իրենց մեջ կաթ են կուտակում։ Դրանք ունեն կծկվելու ունակություն:

Հղիության երկրորդ կեսում գեղձային բջիջները սկսում են արտադրել սեկրետ և ծննդաբերելուց ոչ շատ առաջ սկսվում է խիժի (կոլոստրում) արտազատումը։ Լիարժեք կաթի ինտենսիվ արտադրությունը սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրերին:

Ի՞նչ է պտուկից արտադրությունը

Արտադրություն կարող է լինել մեկ կամ երկու կրծքի պտուկներից: Այն կարող է դրսևորվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ կրծքերին կամ պտուկներին սեղմելիս:

Պտուկից արտադրությունը կարող է լինել կաթնանման-սպիտակ, թափանցիկ, դեղին, կանաչ, շագանակագույն կամ էլ արյունային: Իրենից կաթ չներկայացնող արտադրությունը պտուկից դուրս է գալիս նույն կաթնածորաններով, որոնցով անցնում է կաթը, ընդ որում, կարող են ներառվել ինչպես միայն մեկ, այնպես էլ բազմաթիվ ծորաններ:

Պտուկից արտադրությունը կարող է լինել փոփոխական խտության՝ սկսած թանձր և կպչունից մինչ նոսր ու ջրիկ:

Պատճառներ

Ինչպես նշվեց, պտուկից արտադրությունը հղիության կամ կրծքով կերակրման փուլերում կրծքագեղձի (կաթնագեղձի) նորմալ գործունեության մի օղակն է: Այն կարող է կապված լինել նաև դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնային տեղաշարժերի և ֆիբոզ-կիստոզ փոփոխությունների հետ, որը կանանց շրջանում ավելի հայտնի է մաստոպաթիա» անվան ներքո: Կաթնային արտադրությունը նորմալ է ազդում երկու կրծքագեղձերի վրա և կարող է շարունակվել կրծքով կերակրումը դադարեցնելուց հետո մինչև 2-3 տարի:

Պապիլոման ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցք է, որը կարող է կապված լինել արյունային արտադրության հետ: Պապիլոմայով պայմանավորված պտուկից արտադրությունը հաճախ սկսվում է ինքնուրույն և ներառում միայն մեկ կաթնածորանը: Թեև արյունային արտադրությունը կարող է ինքնուրույն վերանալ, այնուամենայնիվ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք ախտորոշիչ մամոգրաֆիա կամ կրծքագեղձի սոնոգրաֆիա՝ ճշտելու պատճառը: Երբեմն պապիլոման հաստատելու և քաղցկեղը ժխտելու համար կարող է առաջանալ բիոպսիայի անհրաժեշտություն: Եթե բիոպսիայով պապիլոման հաստատվում է, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել վիրաբույժի խորհրդատվության՝ քննարկելու բուժման տարբերակները:

Հաճախ պտուկից արտադրությունը ծագում է որևէ բարորակ հիվանդության պատճառով: Սակայն հնարավոր է նաև կրծքագեղձի քաղցկեղի առկայություն, հատկապես, եթե՝

  • դուք ձեր կրծքագեղձում շոշափում եք որևէ ուռուցքային կամ կասկած հարուցող գոյացություն
  • ախտահարված է միայն մեկ կրծքագեղձը
  • պտուկից արտադրությունը պարունակում է արյուն կամ թափանցիկ է
  • պտուկից արտադրությունն ի հայտ է գալիս ինքնաբուխ և կայուն է
  • պտուկից արտադրությունը դուրս է գալիս միայն մեկ կաթնածորանով:

Պտուկից արտադրության հնարավոր այլ պատճառներից են՝

  • հղիություն և կրծքով կերակրում
  • հակաբեղմնավորիչ հաբերի ընդունում
  • կրծքագեղձի վարակ (մաստիտ)
  • հարծորանային (պերիդուկտալ) մաստիտ
  • ծորանային կարցինոմա in situ (DCIS)
  • Պեջետի հիվանդություն (կաթնագեղձի ներծորանային քաղցկեղ)
  • ներզատական (էնդոկրին) խանգարումներ
  • կրծքագեղձի գերխթանում
  • կաթնահոսություն (գալակտոռեա)
  • աբսցես (թարախակույտ)
  • կրծքագեղձի տրավմա կամ վնասվածք
  • կաթնածորանի էկտազիա (լայնացում)
  • որոշ դեղերի ընդունում
  • պրոլակտինոմա՝ հիպոֆիզի ադենոմա (բարորակ ուռուցք), որն արտադրում է պրոլակտին կոչվող հորմոն:

Ե՞րբ այցելել բժշկին

Պտուկից արտադրությունը խիստ հազվադեպ է լինում կրծքագեղձի քաղցկեղի նշան: Սակայն, այն կարող է լինել բուժում պահանջող մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկը:

Եթե տեսնում եք դաշտաններ և պտուկներից արտադրությունը հաջորդ դաշտանից հետո ինքնուրույն չի անհետանում և ինքնաբուխ սկսվում է, այցելեք ձեր բժշկին և հետևեք նրա խորհուրդներին:

Եթե դուք ձեր կյանքի հետդաշտանադադարի փուլում եք և ունեք ինքնաբուխ արտադրություն ձեր մեկ կրծքագեղձի միայն մեկ կաթնածորանից, առանց հետաձգելու այցելեք բժշկին:

Մինչև բժշկին այցելելը, մի՛ փորձեք հաճախակի շոշափել ձեր կրծքագեղձերը և ստուգել, թե արդյոք կրծքերը կամ պտուկները սեղմելուց արտադրություն հոսում է, քանի որ գերխթանումն ինքը կարող է առաջացնել կայուն արտադրություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024