Հետաքրքրասեր երեխաները հաճախ փոքր առարկաները կամ իրերը մտցնում են իրենց ականջը, որ տեսնեն, թե ինչքան խորը դրանք կարող են անցնել (օրինակ՝ փոքր խաղալիքներ, խաղալիքի մասեր և այլն)։
Այլ դեպքում, երեխան կարող է իր ականջն ինչ-որ բան մտցնել՝ փորձելով մեղմացնել քորը։
Լսողական ուղիներում կարող են հայտնվել նաև այլ առարկաներ կամ իրեր, օրինակ՝
- բամբակե փայտիկներ
- ականջակալների մարտկոցներ
- քարեր կամ մրգերի կորիզներ
- փաթաթած, ծալված կամ կտրտված թղթեր
- միջատներ
- սերմեր (օրինակ՝ արևածաղկի)։
Կախված նրանից, թե ինչ է հայտնվել ականջում և ինչքան ժամանակ է անցել դեպքից, օտար մարմիններն ականջում կարող են առաջացնել՝
- ցավ
- տվյալ ականջում ծանրալսություն կամ լսողության կորուստ
- ականջից արտադրություն կամ այտուցվածություն, եթե օտար մարմինն ականջի մեջ մնացել է երկար ժամանակ։
Ի՞նչ անել, եթե ականջում օտար մարմին է հայտնվել
Եթե օտար մարմինն ականջից ինքնուրույն դուրս չի գալիս, կարիք ունեք հանդիպելու ձեր բժշկին։
Դուք կարող եք փորձել ձեր գլուխը մի քանի անգամ կտրուկ թեքել դեպի նույն կողմի ուսը, որ օտար մարմինը դուրս գա ականջից։ Եթե ձեր ականջի մեջ միջատ է հայտնվել, կարող եք մի փոքր ձիթապտղի ձեթ կամ մանկական ձեթ կաթացնել ձեր ականջի մեջ և թեքվել այդ կողմի վրա, որ ձեթն արտահոսի դուրս։
Նշվածից բացի մի՛ փորձեք ինքնուրույն ձեր ականջից հանել օտար մարմինը, այլապես կարող եք ավելի խորացնել այն և պատճառել ավելի մեծ վնաս։
Մինչև բժշկին կամ ականջաբանին այցելելը՝
- ուշադիր եղեք, որ ձեր գլուխը մնա հնարավորինս անշարժ և նվազի օտար մարմնի ավելի խորանալը
- եթե ականջից արտահոսք կա, մի՛ փորձեք բամբակե խցանով փակել ձեր ականջը
- եթե ականջից արյուն է հոսում, ամբողջ ականջը փակեք մաքուր վիրակապով
- եթե ցավեր ունեք, խորհուրդ հարցերեք ձեր բժշկից, թե ինչ ցավազրկող դեղ կարող եք խմել։
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024