Ցավազրկողները թերևս ամենահանրաճանաչ դեղամիջոցներն են, որոնք այդպիսին դարձել են միաժամանակ ցավազրկող, ջեմիջեցնող և հակաբորբոքային ազդեցությունների շնորհիվ:
Թույլից մինչև չափավոր ցավերի դեպքում, օրինակ՝ գոտկատեղի ցավեր կամ գլխացավեր, Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ հակաբորբոքային դեղերը կարող են բավարար արդյունք տալ: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ բոլոր ցավազրկող դեղերն էլ ունեն կողմնակի ազդեցություններ:
Սովորական ցավազրկողներ
Դեղատներում վաճառվում են դեղատոմս չպահանջող բազմաթիվ ցավազրկող դեղամիջոցներ, օրինակ՝ Ացետամինոֆեն, Իբուպրոֆեն կամ Ասպիրին, դրանց և այլ լրացուցիչ բաղադրիչներ պարունակող համակցված (կոմբինացված) պատրաստուկներ:
Այն, որ ցավազրկող դեղերի գնման համար բժշկի կողմից դուրս գրված դեղատոմս չի պահանջվում, բնավ չի նշանակում, որ դրանք անվնաս են և չունեն որևէ կողմնակի ազդեցություն: Յուրաքանչյուր դեղ ընդունելուց առաջ ձեր բժշկից ճշտեք, թե ինչքանով է այն անհրաժեշտ ձեզ և ինչ կողմնակի ազդեցությունների հետ կարող եք առնչվել:
Անպայման ժամանակ հատկացրեք և ծանոթացեք գնված դեղի պիտակին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցուցումներին, հակացուցումներին, դեղաչափերին և կողմնակի ազդեցություններին:
Ուշադիր եղեք նաև, եթե ունեք ալերգիա, որևէ քրոնիկ հիվանդություն կամ ընդունում եք մեկ այլ դեղամիջոց:
Ացետամիոֆեն
Ճիշտ օգտագործելու դեպքում Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) արդյունավետ է թեթևից մինչև չափավոր ուժգնության ցավերի ժամանակ: Եթե Ացետամինոֆե եք ընդունելու, ստուգեք, թե արդյոք մինչ այդ ձեր խմած պատրաստուկները չեն պարունակել նույն ակտիվ նյութը, քանի որ մեծ դեղաչափերը կարող են առաջացնել լուրջ բարդություններ: Օրինակ, հոդաբորբերի կամ մրսածության ու գրիպի համակցված դեղերի մեծ մասի ակտիվ բաղադրիչներից մեկը հենց Ացետամինոֆենն է:
Ացետամինոֆեն կարող է նշանակվել նաև երեխաներին՝ սկսած 1 ամսականից: Նման դեպքերում դեղը սովորաբար նշանակվում է ոչ թե իր ցավազրկող, այլ՝ ջերմիջեցնող ազդեցության համար:
Ացետամինոֆենի գերդոզավորման հարցն առավել ուշադրություն է պահանջում մանկահասակ երեխաների պարագայում: Եթե մեկանգամյա ընդունման կամ օրական դեղաչափերի հարցում համոզված չեք, խորհրդակցեք այդ մասին ձեր բժշկի հետ և խստորեն հետևեք դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկի հրահանգներին:
Իբուպրոֆեն
Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիլ և այլն) համարվում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ), որը հաջող կերպով մեղմացնում է թույլից մինչև չափավոր ուժգնության ցավերը: Որպես կանոն, Իբուպրոֆենը և համանման հակաբորբոքայինները չեն նշանակվում ստամոքսի խնդիրներով, բարձր արյան ճնշմամբ (հիպերտենզիա), սրտային և երիկամային հիվանդություններով, ասթմայով մարդկանց: Դիմեք ձեր բժշկին, եթե ստիպված եք հակաբորբոքայիններ ստանալ մեկ շաբաթից ավելի ժամանակահատվածում:
Որպես ցավամոքիչ և ջերմիջեցնող դեղ Իբուպրոֆեն կարելի է տալ 3 ամսականից մեծ կամ 5 կգ-ից ավելի բարձր քաշ ունեցող մանկահասակ երեխաներին: Ուշադիր եղեք, որ երեխային տրվի ճիշտ դեղաչափ: Նման դեպքերում խորհրդակցեք ձեր բժշկի հետ և խստորեն հետևեք դեղատուփի պիտակի հրահանգներին: Խուսափեք Իբուպրոֆենից, եթե ձեր երեխայի մոտ ախտորոշել են ասթմա:
Ասպիրին
Ասպիրին կարելի է ընդունել թույլից մինչև չափավոր ուժգնության ցավերի դեպքում: Խուսափեք Ասպիրինից, եթե ունեք մարսողության խանգարում, ռեֆլյուքս կամ խոցային հիվանդություն: Մի՛ տվեք Ասպիրին մինչև 16 տարեկան երեխաներին:
Ուժեղ ցավազրկողներ (թմրամիջոցներ)
Կոդեին
Կոդեինն ափիոնային թմրամիջոց է, որի փոքր դեղաչափերը Ացետամինոֆենի հետ զուգակցելիս կարելի է ստանալ ուժեղ ցավազրկող ազդեցություն: Կոդեինը միայնակ չի արտադրվում, այլ մտնում է որոշ պատրաստուկների բաղադրության մեջ:
Մորֆին
Մորֆինը և մյուս մորֆինանման դեղերը (օրինակ՝ Օքսիկոդոն, Ֆենտանիլ և այլն) համարվում են ուժեղ թմրաբեր ցավազրկողներ: Դրանք նշանակվում են ուժեղ քրոնիկ ցավի բուժման մեջ (քաղցկեղ և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024