Առողջական խնդիրներ

Պասիվ ծխելը և երկրորդային ծուխը

Պասիվ ծխելը և երկրորդային ծուխը

Time Read 4 րոպե

Պասիվ կամ երկրորդային ծխելը տեղի է ունենում, երբ չծխող մարդը ստիպված է շնչել այլ մարդկանց ծխախոտի գլանակի, սիգարի կամ ծխամորճի ծուխը:

Այս անցանկալի երևույթը հայտնի է նաև որպես «ոչ կամավոր» ծխել: Դուք կարող եք դառնալ պասիվ ծխող, եթե գտնվում եք նույն այն սենյակում, տանը, ավտոմեքանայում կամ հանրային տարածքում, որտեղ կան ծխողներ: Ծխախոտի ծուխը պարունակում է թունավոր նյութեր, որոնք կարող են վնասել այն շնչող ցանկացած մարդու, մասնավորապես, մանկահասակ և ավելի մեծ երեխաների ու հղի կանանց առողջությունը:

Որտեղի՞ց է առաջանում երկրորդային ծուխը

Ծխախոտի ծուխ կարող է առաջանալ՝

  • ծխախոտի գլանակների, ծխամորճերի և ծխախոտային այլ արտադրանքների այրվող ծայրերից
  • ծխողների թոքերից, քթերից կամ բերաններից:

Արդյոք «պասիվ գոլորշին» ստեղծո՞ւմ է երկրորդային ծուխ

Այլ մարդկանց էլ. գլանակների կամ «վեյփերի» (vapes) գոլորշին նույնը չէ, ինչ պասիվ ծխելը, քանի որ այն չի պարունակում ծխախոտի ծուխ: Այնուամենայնիվ, պասիվ գոլորշին, միևնույն է, կարող է վնասել ձեր առողջությունը, քանի որ էլ. գլանակների գոլորշին պարունակում է նիկոտին և այլ թունավոր նյութեր, այդ թվում՝ ֆորմալդեհիդ և նիտրոզամիններ, որոնք կապված են թոքային հիվանդությունների և քաղցկեղի հետ:

Ի՞նչ կարող է անել պասիվ ծխելը

Պասիվ ծխելը կարող է նորածինների, երեխաների և չափահասների մոտ բարձրացնել վաղաժամ մահվան ռիսկը: Ծխախոտի ծուխը պարունակում է հարյուրավոր թունավոր միացություններ, այդ թվում՝ շուրջ 70 քաղցկեղ առաջացնող նյութեր: Վնասակար է ծխի նույնիկ փոքր քանակը:

Նորածինների մոտ պասիվ ծխելը կարող է պատճառել երեխայի հանկարծակի մահվան համախտանիշ, որն ըստ երևույթին կապված է կյանքի առաջին ամիսներն ապրող երեխայի գլխուղեղի և շնչառության վրա ծխում պարունակվող թունավոր նյութերի ներգործությամբ:

Պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկվող մանկահասակ և ավելի բարձր տարիքի երեխաները կարող են ձեռք բերել այլ հիվանդություններ ևս, օրինակ՝

  • մանկական քաղցկեղ
  • ասթմա
  • շնչառական համակարգի, այդ թվում՝ թոքերի սուր վարակներ
  • ականջի խնդիրներ:

Չափահաս մարդկանց մոտ երկրորդային ծուխը կարող է բարձրացնել հետևյալ հիվանդությունների ու վիճակների ռիսկը՝

Հղի կանանց մոտ երկրորդային ծխի բացասակայն հետևանքներից կարող են լինել՝

  • չծնված նորածնի (պտղի) թոքերի զարգացման դանդաղում
  • վաղաժամ ծննդաբերություն
  • նորածնի ցածր կշիռ:

Ովքե՞ր են ավելի բարձր ռիսկի խմբում

Նորածինները և մանկահասակ երեխաները երկրորդային ծխի նկատմամբ ունեն ավելի բարձր ռիսկ, քանի որ չեն կարող հսկել կամ հեռանալ ծխով լի միջավայրից:

Ռիսկի խմում կարելի է դասել նաև այն մարդկանց, ովքեր ապրում են մեծ թվով ծխող մարդկանց միջավայրում:

Ինչպե՞ս կրճատել պասիվ ծխելու ներգործությունները

Երկրորդային ծխից լիարժեք պաշտպանվելու միակ ճանապարհը ձեր տներում և ներսի փակ տարածքներում մարդկանց ծխելն արգելելն է:

Զարգացած երկրներում կան փակ և հանրային նշանակության տարածքներում ծխելն արգելող խիստ օրենքներ: Որպես կանոն, ծխախոտի ծխից «ազատ» տարածքներ են համարվում մսուր-մանկապարտեզները, դպրոցները և մյուս բոլոր կրթօջախները, գրասենյակները, մշակութային կենտրոնները, խանութները, ավտոկանգառները, կայարաններն ու օդանավակայանը, հանրային տրանսպորտը և այլն: Որոշ երկրներում ծխելն արգելված է նաև ավտոմեքենաներում, այլ տեղեր ծխելու սահմանափակումը գործում է, եթե մեքենայում կան անչափահասներ:

Ձեզ և ձեր երխային երկրորդային ծխից պաշտպանելու համար՝

  • երբեք թույլ մի տվեք և համառորեն պահանջեք, որպեսզի ձեր բնակարանում ընդհանրապես չծխեն
  • խնդրեք ձեր զուգընկերոջը, ընտանիքի անդամներին կամ ընկերներին, որ նրանք ծխեն դրսում (այլ սենյակում կամ բաց պատուհանի մոտ ծխելը բավարար չէ)
  • օգնեք և աջակցեք ծխող մարդկանց, որպեսզի հրաժարվեն այս վնասակար սովորույթից:

Նույն կերպ, խնդրեք ձեր գործընկերներին կամ ընտանիքի անդամներին, որ իրենց էլ. գլանակները կամ վեյփերները «ծխեն» դրսում:

Ինչպե՞ս նպաստել երկրորդային ծխի կանխարգելմանը, եթե ինքս ծխող եմ

Առաջին հերթին, եթե ծխող եք, խորհեք դրանից ձերբազատվելու մասին: Եթե ինքնուրույն չի հաջողվում, դիմեք օգնության:

Չծխող մարդկանց ձեր ծխից պխշտպանելու համար՝

  • հետևեք օրենքին, պահպանեք կարգը և մի ծխեք փակ և հանրային նշանակության տարածքներում
  • երբեք մի ծխեք տանը, այլ դուրս եկեք բակ և ծխեք այլ մարդկանցից, հատկապես մանկահասակ և ավելի մեծ տարիքի երեխաներից հեռու վայրերում
  • ծխելու համար տնից դուրս գալիս հագեք «ծխելու» ժակետ կամ վերնազգեստ և տուն վերադառնալիս հանեք այդ զգեստը և թողեք դրսում
  • երբեք մի ծխեք խաղահրապարակների շրջակայքում, որտեղ կարող են լինել երեխաներ և հղի կանայք
  • այգիներում և այլ վայրերում (որպեղ ծխելն արգելված չէ) մինչև ծխելը բավականին հեռացեք մարդկանցից
  • հարգեք ծխախոտի ծուխ չշնչելու այլ մարդկանց իրավունքը:

Եթե կրծքով կերակրող մայր եք, ամեն կերպ փորձեք հրաժարվել ծխախոտից կամ, հակառակ դեպքում, առավելագույնս քչացրեք ձեր գլանակների թիվը: Ծայրահեղ դեպքում, աշխատեք ձեր հերթական գլանակը ծխել կերակրելուց հետո և ոչ թե առաջ: Նիկոտինի մակարդակը ձեր կրծքի կաթում վերջին գլանակից 90 րոպե անց կրճատվում է շուրջ 50%-ով:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով