Ընկերքը կամ պլացենտան հղիության ընթացքում վճռորոշ դեր է խաղում: Իմացեք, թե ինչ է անում ընկերքը, այն խնդիրները, որոնք կարող են ազդել հղիության այս օրգանի վրա և ինչպես է այն ծննդաբերվում:
Եթե հղի եք, կարող եք հետաքրքրվել, թե կոնկրետ ի՞նչ է ընկերքը, ի՞նչ գործ է այն անում և ի՞նչ գործոններ կամ վիճակներ կարող են ազդել հղիության այս որոշիչ օրգանի վրա: Ահա թե ինչ պետք է իմանալ այս կարևոր օրգանի մասին:
Ի՞նչ գործառույթ ունի ընկերքը
Ընկերքն օրգան է, որը ձևավորվում է արգանդում հղիության ընթացքում: Ընկերքը կապված է զարգացող երեխայի հետ խողովակի նման կառուցվածքով, որը կոչվում է պորտալար: Պորտալարի միջոցով ընկերքը զարգացող երեխային (պտղին) ապահովում է թթվածնով և սննդանյութերով: Այն նաև երեխայի արյունից հեռացնում է նյութափոխանակության արգասիքները և այլ թափոնային նյութերը:
Ընկերքը կցված է արգանդի ներքին պատին։ Առավել հաճախ այն կպած է արգանդի վերին, կողմնային, առջևի կամ հետին պատերին։ Հազվադեպ, ընկերքը կարող է ամրանալ արգանդի ստորին հատվածում (արգանդի հատակում): Երբ դա տեղի է ունենում, ընկերքը կարող է արգելափակել արգանդը հեշտոցին միացնող անցուղին, որը կոչվում է արգանդի վզիկ: Եթե ընկերքը գտնվում է արգանդի վզիկի բացվածքի մոտ, այն հայտնի է որպես ցածրադիր ընկերք կամ ընկերքի ցածր տեղակայում: Եթե այն մասամբ կամ ամբողջությամբ ծածկում է վզիկի բացվածքը (ներքին օղ), առաջացնում է մի վիճակ, որը կոչվում է առաջադիր ընկերք կամ ընկերքային առաջադրություն (պլացենտա պրեվիա):
Ի՞նչը կարող է ազդել ընկերքի առողջության վրա
Բազմաթիվ գործոններ կարող են վատ անդրադառնալ ընկերքի առողջական վիճակի վրա: Ահա որոշ օրինակներ:
- Հղի կնոջ տարիքը. որոշ հիվանդություններ, որոնք ազդում են ընկերքի վրա, ավելի տարածված են ավելի մեծ տարքով կանանց շրջանում, հատկապես՝ 40 տարեկանից հետո:
- Ծննդաբերությունից առաջ պտղաջրերի հեռացում. Հղիության ընթացքում զարգացող երեխան շրջապատված և ծածկված է հեղուկով լցված հյուսվածքային շերտով, որը կոչվում է պտղապարկ (ամնիոտիկ պարկ): Եթե պտղապարկը արտահոսում կամ պատռվում է նախքան ծննդաբերական գործունեության սկիզբը, նման վիճակը հայտնի է որպես պտղաջրերի վաղաժամ արտահոսք: Սա բարձրացնում է ընկերքի հետ կապված խնդիրների ռիսկը:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). այս վիճակը կարող է հանգեցնել ընկերքի արյունամատակարարման վատթարացման:
- Երկվորյակային (զույգ) կամ այլ բազմապտուղ հղիություն. մեկից ավելի երեխաներով հղի լինելը կարող է բարձրացնել ընկերքի հետ կապված որոշ խնդիրների ռիսկը:
- Արյան մակարդելիության խանգարումներ. որպես կանոն, արյունը պնդանումէ և դառնում է մի զանգված (մակարդուկ կամ թրոմբ), որ օգնի կտրվածքներից արյունահոսության վերահսկմանը: Այս գործընթացը կոչվում է մակարդում: Երբեմն օրգանիզմի ներսում առաջանում են արյան մակարդուկներ՝ հանգեցնելով տարբեր առողջական խնդիրների: Այն վիճակները, որոնք հանգեցնում են արյան մակարդելիության խիստ թուլացման (առաջացնելով արյունահոսություն) կամ կտրուկ բարձրացման (ձևավորելով մակարդուկներ), մեծացնում են ընկերքի հետ կապված որոշ խնդիրների զարգացման ռիսկը:
- Նախկինում վիրահատություն արգանդի վրա. կեսարյան հատումը, ֆիբրոդ (միոմա) կոչվող ուռուցքների հեռացման վիրահատությունը և արգանդի այլ վիրահատությունները բարձրացնում են ընկերքի վրա ազդող որոշ խնդիրների ռիսկը:
- Նախկին հիվանդություններ, որոնք ազդել են ընկերքի վրա. ընկերքի հետ կապված առողջական խնդիրներ ունենալու ռիսկը կարող է ավելի մեծ լինել, եթե նախորդ հղիության ընթացքում ունեցել եք ընկերքի հետ կապված խնդիրներ:
- Հոգեներգործուն նյութերի օգտագործում. որոշ վիճակներ, որոնք կարող են ազդել ընկերքի վրա, ավելի տարածված են կոկաին ծխող կամ օգտագործող հղիների մոտ:
- Որովայնի շրջանի տրավմա. հղի կնոջ փորին հասցված հարվածը մեծացնում է ընկերքի արգանդից շուտ առանձնանալու (շերտազատման) հավանականությունը: Ռիսկի գործոններից են ավտովթարից կամ լուրջ ընկնելուց ստացված վնասվածքները:
Որո՞նք են ընկերքի հետ կապված առավել տարածված վիճակները և խնդիրները
Ընկերքի վրա ազդող ամենատարածված հիվանդություններն ու վիճակները հետևյալն են:
- Ընկերքի անջատում (շերտազատում). սա այն դեպքն է, երբ ծննդաբերությունից առաջ (վաղաժամ) ընկերքը մասամբ կամ ամբողջությամբ անջատվում է արգանդի պատի ներքին մակերեսից: Մասնակի շերտազատման դեպքում արգանդի պատից անջատվում է ընկերքի ինչ-որ հատված, իսկ ամբողջական շերտազատման դեպքում արգանդի պատից անջատվում է ամբողջ ընկերքը: Ընկերքի շերտազատման դեպքում զարգացող երեխան կարող է բավարար քանակությամբ թթվածին և սննդանյութեր չստանալ: Հղի կինը կարող է նշել մեջքի կամ ստամոքսի ցավ և հեշտոցից արյունահոսություն: Ընկերքի շերտազատումը կարող է հանգեցնել անհետաձգելի իրավիճակի, երբ երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ժամկետից վաղ ձեռնարկել ծննդալուծման միջոցառումներ:
- Սերտաճած ընկերք (պլացենտա ակրետա). առավել հաճախ, երեխայի ծնվելուց հետո ընկերքն առանձնանում է արգանդի պատից։ Ընկերքի սերտաճման դեպքում դրա մի մասը կամ ամբողջ ընկերքն ամուր կպած է արգանդին: Այս վիճակն առաջանում է, երբ ընկերքի արյունատար անոթները և այլ մասերը աճում են արգանդի պատի մեջ: Վիճակը հաճախ ախտորոշվում է հենց ծննդաբերության վերջին փուլում և կարող է առաջացնել ծննդաբերության ժամանակ արյան ծանր կորուստ: Երբեմն, ընկերքը խոր ներաճում է՝ հասնելով արգանդի պատի մկանային շերտ կամ սերտաճում է արգանդի պատի ողջ երկայնքով: Նման դեպքերում բժիշկը հավանաբար խորհուրդ կտա կեսարյան հատում, որին հաջորդում է արգանդի հեռացման վիրահատություն: Սա կոչվում է կեսարյան հատմամբ հիստերէկտոմիա (C-հիստերէկտոմիա):
- Պահված ընկերք. հեշտոցային ծննդաբերության դեպքում ընկերքն առավել հաճախ «ծնվում է»՝ արգանդից արտամղվում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Սակայն, եթե ծննդաբերությունից հետո 30 րոպեի ընթացքում ընկերքը չի հեռանում, նման վիճակը հայտնի է որպես ընկերքի պահում: Ընկերքի պահումը կարող է առաջանալ, երբ ընկերքը հայտնվում է մասամբ փակված արգանդի վզիկի հետևում: Կամ դա կարող է առաջանել, երբ ընկերքը դեռ կպած է արգանդի պատին: Առանց բուժման, պահված ընկերքը կարող է առաջացնել լուրջ վարակ կամ կյանքին սպառնացող արյան կորուստ: Բուժումը կարող է ներառել դեղորայք՝ ընկերքի դուրս մղման համար կամ ընկերքի հեռացման միջամտություն:
Որո՞նք են ընկերքի հետ կապված խնդիրների ախտանիշները
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե հղիության ընթացքում ունեք հետևյալ ախտանիշներից մեկնումեկը՝
- հեշտոցային արյունահոսություն, հատկապես, եթե այն առատ է
- որովայնային ցավեր
- մեջքի (գոտկատեղի) ցավեր
- արգանդի մկանների կծկումներ և թուլացումներ, որոնք նաև կոչվում են արգանդի կծկանքներ:
Ի՞նչ կարող եմ անել ընկերքի վրա ազդող խնդիրների ռիսկը կրճատելու համար
Իրականում, ընկերքի հետ կապված առողջական խնդիրների մեծ մասը հնարավոր չէ ուղղակիորեն կանխել: Այնուամենայնիվ, դուք կարող եք քայլեր ձեռնարկել առողջ հղիության ձեր հնարավորությունները մեծացնելու համար:
- Հետևեք հղիության ձեր բոլոր ստանդարտ այցերին և ստուգումներին:
- Աշխատեք ձեր բժշկի հետ՝ կառավարելու առկա առողջական խնդիրները, օրինակ՝ բարձր արյան ճնշումը:
- Մի՛ ծխեք և մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ: Եթե ծխելուց հրաժարվելու հարցում օգնության կարիք ունեք, խոսեք ձեր բժշկի հետ:
- Եթե մտածում եք կեսարյան հատման հարցի շուրջ, հարցրեք ձեր բժշկին հնարավոր ռիսկերի մասին:
Եթե նախորդ հղիության ընթացքում ունեցել եք ընկերքին վնաս տվող խնդիր և պլանավորում եք մեկ այլ հղիություն, խոսեք ձեր բժշկի հետ: Հարցրեք նույն խնդրի հետ կրկին առնչվելու ռիսկը նվազեցնելու ուղիների մասին: Նաև տեղեկացրեք ձեր բժշկին, եթե անցել եք արգանդի որևէ վիրահատություն:
Ինչպե՞ս է ընկերքը «ծնվում»
Եթե ձեր երեխային ծննդաբերում եք հեշտոցով, կարճ ժամանակ անց դուք նաև կծննդաբերեք ընկերքը: Սա հայտնի է որպես ծննդաբերության երրորդ փուլ:
Երեխային լույս աշխարհ բերելուց հետո դուք շարունակում եք թեթև կծկանքներ ունենալ: Ձեր բժիշկը կարող է դեղամիջոց տալ, որը կոչվում է Օքսիտոցին (Պիտոցին): Սա օգնում է ձեր կծկանքների շարունակությանը, ինչպես նաև նվազեցնում է երեխային ծննդաբերելուց հետո արյունահոսության ռիսկը: Ձեր բժիշկը կամ մանկաբարձը նաև կարող են մերսել ձեր որովայնի ստորին հատվածը՝ որը խթանում է արգանդի կծկանքները և օգնում հեշտոցով ընկերքի ավելի հեշտ արտամղմանը: Ձեզանից կարող է պահանջվել, լարեք ձեր ուժերը՝ ընկերքը դեպի դուրս մղելու համար:
Եթե անցնում եք կեսարյան հատում, ձեր բժիշկն այս վիրահատության ընթացքում ձեռքով կհեռացնի ընկերքը:
Ընկերքի դուրս գալուց հետո ձեր բժիշկը ստուգում է ընկերքը՝ համոզվելու, որ այն անվնաս է: Ընկերքի ցանկացած կտոր, որը մնացել է ներսում, պետք է հեռացվի արգանդից՝ արյունահոսությունը և վարակը կանխելու համար: Եթե հետաքրքրված եք, խնդրեք, որ ցույց տան ձեր ընկերքը: Որոշ մշակույթներում ընտանիքներն ընկերքը թաղում են հատուկ վայրում:
Եթե հղիության ընթացքում ընկերքի վերաբերյալ հարցեր ունեք, խոսեք ձեր բժիշկների հետ: Նրանք կարող են օգնել ձեզ, որ ավելի լավ ըմբռնեք ընկերքի դերը հղիության մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2024
Վերջին վերանայում՝ 20-05-2024