Վիժումից հետո հղիությունը կարող է լինել սթրեսային և շփոթեցնող: Ե՞րբ է հղիանալու լավագույն ժամանակը: Ի՞նչ չափ ունի կրկին վիժելու հավանականությունը: Իմացեք վիժումից հետո հղիանալու վերաբերյալ կարևոր տեղեկություններ:
Մտածու՞մ եք վիժումից հետո նորից հղիանալու մասին: Դուք կարող եք անհանգստանալ, թե ինչու եք կորցրել նախորդ հղիությունը: Կարող եք նաև երկմտել, թե երբ նորից փորձել: Ահա վիժումից հետո հղիության վերաբերյալ մի քանի տարածված հարցերի պատասխանները:
Ի՞նչն է առաջացնում վիժում
Վիժումը կամ ինքնաբուխ վիժումը հղիության չնախատեսված կորուստ է մինչև 20-րդ շաբաթը: Բազմաթիվ վիժումներ տեղի են ունենում, քանի որ պտուղը չի աճում այնպես, ինչպես ակնկալվում էր:
Քրոմոսոմները պատասխանատու են հղիության վաղ կորստի ավելի քան 50%-ի համար: Քրոմոսոմներն առկա են օրգանիզմի յուրաքանչյուր բջիջում: Դրանք հրահանգում են օրգանիզմի գեներին, թե ինչպես աճել և զարգանալ: Եթե սաղմի զարգացման ընթացքում առկա է քրոմոսոմների անսովոր քանակություն, դա կարող է հանգեցնել վիժման: Քրոմոսոմների հետ կապված խնդիրներն ավելի հաճախակի են դառնում, երբ հղի կնոջ տարիքը մեծանում է:
Երբեմն վիժման պատճառն առողջական խնդիրն է: Օրինակներից են են վատ վերահսկվող շաքարային դիաբետը և այնպիսի խնդիրները, որոնք ազդում են արգանդի վրա: Այնուամենայնիվ, հաճախ վիժման պատճառը հայտնի չէ:
Հայտնի դարձած հղիությունների մոտ 10%-ից 15%-ն ավարտվում է վիժումով: Սակայն վիժումների թիվը, հավանաբար, ավելի մեծ է: Բազմաթիվ վիժումներ տեղի են ունենում նախքան հղի կինն իր հղիության մասին իմանալը:
Իմացե՛ք ավելին ինքնաբուխ վիժման մասին:
Ինչքա՞ն է մեկ այլ վիժման հավանականությունը
Հղիների մեծ մասը, ովքեր վիժում են, նման խնդրի հետ առնչվում է միայն մեկ անգամ: Շատերը շարունակում են առողջ հղիություններ ունենալ:
Մեկ վիժումից հետո ապագա հղիության դեպքում վիժման ռիսկը մոտ 20% է: Երկու անընդմեջ վիժումից հետո հերթական վիժման ռիսկը հասնում է մոտ 25%-ի, իսկ երեք կամ ավելի անընդմեջ վիժումներից հետո՝ մոտ 30%-40%-ի:
Ո՞րն է վիժումից հետո հղիացման լավագույն ժամանակը
Վիժումը կարող է առաջացնել կորստի ուժեղ զգացում: Դուք և ձեր զուգընկերը նաև կարող եք տխուր, անհանգիստ կամ մեղավոր զգալ: Քայլեր ձեռնարկեք՝ միասին այս դժվար ժամանակը հաղթահարելու մասին: Եթե դեպրեսիվ եք, խոսեք ձեր բժշկի հետ հավանական բուժման մասին:
Զույգերի մեծ մասին առաջարկվում է, որ վիժումից հետո երկու շաբաթ սեռական հարաբերություններով չզբաղվեն: Նպատակը հնարավոր վարակի կանխարգելումն է: Բայց դուք կարող եք հղիանալ վիժումից երկու շաբաթ անց:
Երբ զգաք, որ պատրաստ եք մեկ այլ հղիության, խնդրեք ձեր բժշկին, որ ուղղորդի ձեզ: Մեկ վիժումից հետո գուցե կարիք չլինի սպասել՝ նորից փորձելու համար: Երկու կամ ավելի վիժումներից հետո բժիշկը կարող է առաջարկել, որ նախքան հղիանալն անցնեք որոշ հետազոտություններ:
Կա՞ն արդյոք վիժումից հետո հղիացման փորձերից առաջ հատուկ հետազոտություններ
Եթե անընդմեջ ունեցել եք երկու կամ ավելի վիժումներ, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետազոտվել, որ փորձեք գտնել հավանական պատճառը՝ նախքան նորից հղիանալը:
- Արյան թեստեր. ձեր արյան նմուշի անալիզը կարող է օգնել պարզելու, թե արդյոք ձեր հորմոնները կամ իմունային համակարգը չեն գործում այնպես, ինչպես պետք է:
- Քրոմոսոմային թեստեր. դուք և ձեր զուգընկերը՝ երկուսդ էլ կարող եք ձեր արյունը ստուգել՝ պարզելու, թե արդյոք վիժումների պատճառը ձեր քրոմոսոմներն են: Եթե առակա է վիժման հյուսվածք կա, այն նույնպես կարող է թեստավորվել:
Ձեզ նաև կարող են առաջարկվել նաև այլ հետազոտություններ, ինչպիսիք են գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որոնք կարող են հայտնաբերել արգանդի վրա ազդող խնդիրներ:
Եթե ձեր վիժումների պատճառը հնարավոր չէ գտնել, մի՛ հանձնվեք: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր ունեն մեկից ավելի վիժումներ, ի վերջո կարողանում են առողջ հղիություններ ունենալ:
Ի՞նչ կարելի է անել՝ բարելավելու առողջ հղիության հավանականությունը
Իրականում, հաճախ որևէ բան հնարավոր չէ ձեռնարկել վիժումը կանխելու համար: Սակայն, առողջ ապրելակերպի ընտրություն կատարելը կարող է բարերար ազդեցություն թողնել ինչպես ձեր, այնպես էլ ձեր չծնված երեխայի համար: Ձեր բժշկի ցուցումով օգտագործեք ամենօրյա նախածննդյան վիտամինային կամ ֆոլաթթվի հավելումներ: Սա պետք է սկսվի հղիանալուց մի քանի ամիս առաջ:
Հասեք առողջ քաշի նախքան նորից հղիանալը: Հղիության ընթացքում եղեք ֆիզիկապես ակտիվ և առողջ սնվեք։ Սահմանափակեք կոֆեինը օրական մինչև 200 մգ, ինչը կազմում է մոտ 1-2 բաժակ սովորական սուրճ: Մի՛ խմեք ալկոհոլ, մի՛ ծխեք և մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ:
Ի՞նչ հույզեր կարող են տեղ գտնել ուշ հղիացման ժամանակ
Երբ վիժումից հետո նորից հղիանաք, հավանաբար կլինեք և ուրախ, և անհանգստացած: Կրկին հղիանալը կարող է օգնել, որ վերգտնեք ձեր նախկին հոգեկան վիճակը: Բայց դուք դեռ կարող եք անհանգստանալ և ընկճվել նույնիսկ առողջ երեխայի ծնվելուց հետո:
Խոսեք ձեր զգացմունքների և հույզերի մասին: Դիմեք ձեր զուգընկերոջը, ընտանիքի և ընկերների օգնությանը: Եթե դժվարանում եք հաղթահարել ձեր անհանգիստ կամ ընկճված վիճակը, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ հոգեկան ոլորտի խորհրդատուին:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2024
Վերջին վերանայում՝ 10-05-2024