Առողջական խնդիրներ
Հղիության վաղ նշանները

4 րոպե
Կանոնավոր ամենամսյա դաշտանային ցիկլ ունեցող կանանց համար հղիության ամենավաղ և առավել հավաստի նշանը չկայացած դաշտանն է։
Վաղ հղիության որոշ նշանները և ախտանիշները թվարկված են ստորև, սակայն դուք պետք է հաշվի առնեք, որ յուրաքանչյուր կին տարբերվում է մյուսից և ոչ բոլոր կանանց մոտ կարող են դրսևորվել այս հոդվածում ներկայացված նշանները։
Հղիության վաղ նշանները
Չկայացած դաշտան կամ դաշտանի ուշացում
Եթե ձեր դաշտանը չի սկսվում ձեր ակնկալած օրերին, դա կարող է լինել հղիության նշան, սակայն կան այլ պատճառներ ևս, որոնք կարող են հետաձգել ձեր հերթական դաշտանը։ Օրինակներից են հիվանդությունները, սթրեսը և ֆիզիկական գերլարվածությունը։
Որոշ դեպքերում հղի կանանց մոտ կարող է դիտարկվել սակավարյուն դաշտան։
Սրտխառնոց և փսխումներ
Դուք կարող եք զգալ ինքնազգացողության վատացում և սրտխառնոց, որին կարող է հաջորդել նաև փսխումը: Այսպիսի գանգատները հայտնի են որպես «առավոտյան սրտխառնոց», քանի որ ավելի հաճախ դրանք ի հայտ են գալիս առավոտյան արթնանալուց հետո, սակայն կարող են առաջանալ ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամին։ Եթե ձեր սրտխառնոցը մշտական է և որևէ կերպ չի մեղմանում, դիմեք ձեր բժշկին։
Խիստ հոգնածության զգացում
Հղիության ընթացքում, հատկապես առաջին 12 շաբաթներին ընդհանուր թուլությունը, աշխատունակության անկումը և նույնիսկ խիստ հոգնածության կամ ուժասպառության զգացումները բավականին տարածված են։ Նման գանգատների պատճառը օրգանիզմում ընթացող հորմոնային տեղաշարժերն են, որոնք կարող են առաջացանել նաև հուզական շեղումներ և հիասթափության զգացումներ։
Կրծքերի փոփոխություններ
Հղիանալիս ձեր կրծքերը կարող են մեծանալ և կարող եք ունենալ կրծքագեղձերի լարվածության զգացում այնպես, ինչպես ձեր դաշտանին նախորդող օրերին։ Կարող են ի հայտ գալ նաև կրծքերում ծակծկոցների զգացում կամ գերզգայունություն (օրինակ՝ դիպչելիս): Կրծքի երակները կարող են դառնալ ավելի տեսանելի, իսկ պտուկները՝ մգանան և դառնան ցցուն։
Հաճախամիզություն
Ձեզ մոտ կարող է առաջանալ միզելու ցանկության հաճախացում, այդ թվում՝ գիշերային ժամերին։ Սա կարող է պատճառվել հղիության հորմոններով և սովորաբար անհետանում է մի քանի ամսվա ընթացքում։
Այլ նշաններ
Հղիության այլ նշաններից են՝
- փորկապություն
- առանց որևէ ցավի կամ գրգռվածության առկայության հեշտոցային արտադրության ուժեղացում
- համային զգացողության փոփոխություններ, բերանում արտասովոր (հաճախ՝ մետաղական) համ
- սնունդ ընդունելու սովորույթների և վարքի փոփոխություններ, օրինակ՝ նոր մթերքների նկատմամբ բարձրացած հետաքրքրություն կամ հակում և նախկինում գերադասելի սննդամթերքներից կամ ըմպելիքներից հրաժարում
- եթե ծխող եք, ապա ծխախոտի նկատմամբ հետաքրքրության կորուստ
- հոտառության զգայունության բարձրացում (սրվածություն), օրինակ՝ սննդամթերքների կամ խոհանոցային հոտերի նկատմամբ։
Արդյոք ես հղի՞ եմ
Եթե կարծում եք, որ հղիացել եք, առանց ուշացնելու ստուգեք՝ արդյոք իրականում հղի եք, թե ոչ։ Կան հղիությունը հաստատող (կամ ժխտող) մի շարք մեթոդներ։
Մեզի հետազոտություններ
Դուք կարող եք դեղատնից գնել տան պայմաններում օգտագործվող հղիության մեզի ստրիպներ, որոնք մեծ զգայունությամբ հաստատում են հղիության կարգավիճակը՝ ըստ ձեր մեզում հայտնաբերված hCG հորմոնի։ Նման ստրիպներ օգտագործելիս՝
- համոզվեք, որ խստորեն հետևում եք տվյալ ստրիպի օգտագործման ցուցումներին
- առավելագույն հավաստի պատասխան ստանալու համար ստուգեք հղիությունը ձեր ակնկալվող (բայց ուշացած) դաշտանից մեկ շաբաթ հետո
- եթե ընդունում եք «հղիանալու» (պտղաբերության) դեղեր կամ եթե ձեր տարիքը բարձր է, կարող են ստացվել կեղծ պատասխաններ
- հղիության ստրիպի արդյունքը քննարկեք ձեր բժշկի հետ։
Դուք կարող եք հղիությունը որոշող մեզի հետազոտություն անցնել նաև որևէ լաբորատոր կենտրոնում։
Արյան հետազոտություններ
Արյան հետազոտությունը կարող է ձեզ տրամադրել ավելի հավաստի պատասխան նույնիսկ հղիության վաղ շրջանում։ Այս նպատակի համար բժիշկը կարող է ձեզ ուղեգրել արյան մեջ hCG հորմոնի հետազոտման ձեր ակնկալվող (սակայն ուշացած) դաշտանից անմիջապես հետո։
Ներքին զննում
Ուշացած դաշտանից առնվազն 2 շաբաթ անց բժիշկը կարող է կատարել ձեր այսպես կոչված «ներքին զննում»՝ ստուգելու ձեր արգանդի և արգանդի պարանոցի (արգանդի ամենաստորին մասի) վիճակը։ Հղիության ժամանակ պարանոցը սովորաբար փոփոխում է գույնը և դառնում է ավելի փափուկ, իսկ առաջին մի քանի շաբաթվա ընթացքում սկսում է մեծանալ արգանդը։ Այնուամենայնիվ, բազմաթիվ բժիշկներ հղիության առկայությունը հաստատում են միայն արյան վերոնշյալ հետազոտությունից հետո։
Ծննդաբերության ժամկետ
Եթե արդեն հաստատ գիտեք, որ հղի եք, բժիշկը և բուժքույրը կարող են օգնել ձեզ, որ հաշվարկեք ակնկալվող ծննդաբերության ժամկետը։ Դուք կարող եք օգտագործել մեր կայքում տեղադրված գործիքը այդ օրն ինքնուրույն գտնելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2019 վերանայվել է՝ 22-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: