Հղիության ընթացքում հորմոնային փոփոխությունները կարող են ազդել ձեր մազերի վրա՝ դարձնելով դրանք ավելի խիտ կամ ավելի նոսր:
Ձեր մազերն ունեն բնական կյանքի ցիկլ: Յուրաքանչյուր մարդու մազն աճում է, հետո մնում 2-3 ամիս, որից հետո պոկվում և փոխարինվում է նոր մազով, որն աճում է մաշկի մեջ ընկղմված նույն մազարմատից (կամ մազի սոխուկից, որը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլով): Հղիության ժամանակ այս ցիկլը փոփոխվում է:
Ձեր մազերը կարող են խտանալ
Բազմաթիվ կանանց մոտ հղիության մոտ 15-րդ շաբաթվա մեջ գլխի մազերը դառնում են ավելի խիտ, փարթամ և փայլուն:
Նման փոփոխության պատճառն այն չէ, որ յուրաքանչյուր մազն առանձին վերցրած հաստացել է: Պարազպես մազի աճի փուլի տևողությունը երկարել է, հետևաբար՝ մազաթափության արագությունը նվազել:
Մազերի այսպիսի փոփոխության հիմնական «մեղավորը» հղիության ընթացքում իգական էստրոգեն հորմոնի շատացումն է:
Ձեր մազերը կարող են նոսրանալ
Որոշ կանայք կարող են նկատել, որ հղիության ընթացքում մազաթափությունն արագացել է: Նման վիճակն ուղեկցվում է նաև մազերի որակի անկմամբ. դրանք դառնում են բարակ, հեշտ կոտրվող և խամրած: Երբեմն նաև կարող է ի հայտ գալ թեփ: Մազերի նման փոփոխությունների պատճառը դարձյալ էստրոգենն է, ավելի ճիշտ՝ այս հորմոնի քչացումը:
Մազերի նոսրացումը և որակի անկումն ավելի հաճախ կապված են հետևյալ իրավիճակների հետ՝
- համակցված հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբերի ընդունման կտրուկ դադարեցում (որոնք պարունակում են էստրոգեն)
- հղիության հանկարծակի ընդհատում՝ աբորտ (արհեստական վիժում), ինքնաբուխ վիժում կամ մեռելածնություն (մահացած պտուղ)
- հղիության ընթացքում կտրուկ հորմոնային շեղումներ և հավասարակշռության խախտում:
Կանանց շրջանում նաև տարածված երևույթ է, որ հղիությունից հետո ի հայտ է գալիս մազաթափություն (երբ էստրոգենը վերադառնում է իր նորմալ մակարդակին): Այս վիճակը կարող է շարունակվել ծննդաբերությունից հետո մինչև 3-4 ամիս:
Պետք չէ հղիության ընթացքում երևան եկած մազաթափությունը դարձնել անհանգստանալու առիթ, քանի որ մազերն իրենց սովորական աճին և որակին վերադառնում են ձեր երեխայի 12 ամսական տարիքում:
Կարո՞ղ եմ մազերս ներկել հղիության ընթացքում
Մազի ներկեր օգտագործելը պետք է որ զարգացող երեխային որևէ վնաս չպատճառի, քանի որ մազերը չեն կարող ներծծել այնքան թունավոր քիմիական նյութեր, որ դառնան երեխայի համար վտանգավոր: Մյուս կողմից, այդ ներկերի մեծ մասը չնչին քանակով են թունավոր քիմիական նյութեր պարունակում:
Այնուամենայնիվ, այս թեմային նվիրված բավարար գիտական տվյալներ չկան, ուստի դուք կարող եք նախընտրել, որ հղի վիճակում ընդհանրապես որևէ շփում չունենաք քիմիական նյութերի հետ, հատկապես հղիության առաջին եռամսյակի (առաջին 12 շաբաթվա) ընթացքում:
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք ներկել ձեր մազերը, նվազեցրեք քիմիական նյութերի հետ ձեր շփումը հետևյալ եղանակներով՝
- եթե ինքնուրույն եք ներկում ձեր մազերը, հագեք ձեռնոցներ
- համոզվեք, որ մինչև ջրով պարզաջրելը ներկանյութը ձեր մազերի վրա չեք պահել ավելի երկար, քան նախատեսված է
- ներկեք ձեր մազերը լավ օդափոխվող սենյակում
- մազերը ներկելուց հետո լավ պարզաջրեք և լվացեք ձեր գանգամաշկը
- հետևեք ներկանյութի տուփում առկա հրահանգներին
- մի՛ խառնեք տարբեր ներկանյութեր
- ցանկալի է, որ մինչև մազերը ներկելը կատարեք ալերգիայի մաշկային թեստ:
Եղեք շատ ուշադիր, եթե գլխի մազերի խնամքի համար ցանկանում եք օգտագործել քիմիական միջոցներ: Օրինակ, մազերն ուղղող որոշ նյութեր կարող են պարունակել ֆորմալդեհիդ: Թեև որևէ տվյալ չկա, որ այս նյութը կարող է վնասել ձեր երեխային, սակայն հայտնի է, որ այն քաղցկեղածին է, ուստի պետք է բացառվի:
Եթե համոզված չեք, թե հղիության ընթացքում ձեր մազերը խնամելիս ինչ մեթոդներից կարելի է օգտվել կամ որ մեթոդն է անվտանգ, խոսեք այդ մասին ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2020
Վերջին վերանայում՝ 17-05-2024