Հղիության ընթացքում կարող եք նկատել, որ ձեր մաշկը և մազերը ենթարկվում են որոշակի փոփոխությունների:
Որոշ կանանց դեմքին կարող են առաջանալ մուգ բծեր, և հորմոնային փոփոխությունները կարող են մաշկը դարձնել քիչ ավելի մուգ: Այլ կանանց մոտ մարմնի, հատկապես՝ որովայնի շրջանում (որտեղ մաշկը ձգվում է մեծացող երեխային «տեղավորելու» համար) կարող են ի հայտ գալ ձգվող նշաններ:
Խլոազմա. դեմքի մուգ բծեր
Որոշ հղի կանանց դեմքին, ավելի հաճախ՝ այտի վերին մասում, քթին, շրթունքներին կամ ճակատին կարող են զարգանալ տարբեր երանգների շագանակագույն անկանոն գծագրությամբ բծեր, որոնք կոչվում են խլոազմաներ: Երբեն դրանց անվանում են մելազմաներ կամ հղիության դիմակ: Միաձուլվելով, մգացած բծերը կարող են հասնել զգալի մեծության։
Խլոազմայի առաջացումը կապում են իգական սեռական հորմոնների կողմից գունակագոյացնող (պիգմենտ արտադրող) բջիջների խթանման հետ, որոնք սկսում են արտադրել ավելի մեծ քանակի մելանին պիգմենտ, երբ մաշկը ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը: Որոշ կանանց մոտ այսպիսի բծեր առաջանում են, երբ սկում են ընդունել համակցված հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբեր:
Դեմքի մուգ բծերն ավելի հաճախ առաջանում են այն հղի կանանց մոտ, ովքեր ապրում են արևի բարձր ճառագայթմամբ տարածաշրջանում և ունեն թուխ՝ բաց շագանակագույն մաշկ:
Այս մգացած բծերը սովորաբար աստիճանաբար անհետանում են ծննդաբերությունից հետո մի քանի ամսվա ընթացքում, թեև որոշ կանանց մոտ կարող են մնալ մի քանի տարի:
Խլոազմայի առաջացման հավանականությունը կարող է նվազել, եթե հղիության կամ հակաբեղմնավորիչ հաբեր խմելու ընթացքում արևի տակ մնալիս ամեն օր օգտագործեք մաշկի արևապաշտպան քսուքներ: Ընդ որում, արևայրուքը պետք է կանխարգելել ոչ միայն հղիության ժամանակ, այլև նաև դրանից հետո, քանի որ մաշկային մուգ բծերը կարող են ժամանակ առ ժամանակ կրկին հայտնվել:
Մաշկային փոփոխություններ
Հղիության ընթացքում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունների պատճառով ձեր պտուկները և դրանց շուրջբոլորը (արեոլա) կարող են դառնալ ավելի մուգ: Ձեր մաշկը նույնպես կարող է դառանալ քիչ թուխ՝ զուգակցվելով մաշկային մուգ բծերի (խլոազմա) հետ կամ առանց դրանց: Ձեր խալերը և պեպենները նույնպես կարող են ավելի մգանալ: Որոշ կանանց մոտ կարող է որովայնի վրա (որովայնի առաջային գծով) հայտնվել մգացած գիծ, որը կոչվում է սև գիծ (linea nigra):
Մաշկային այս փոփոխությունները ֆիզիոլոգիական բնույթի են և ծննդաբերությունից հետո աստիճանաբար անհետանում են, թեև պտուկները կարող են մնալ քիչ մգացած:
Ձգվող նշաններ
Բազմաթիվ կանանց մոտ հղիության ընթացքում զարգանում են ձգվող նշաններ (ստրիա), սովորաբար՝ վերջին 3 ամիսների ընթացքում: Դրանք կոսմետիկ դեֆեկտներ են, որոնք սովորաբար առաջանում են ձեր որովայնի կամ երբեմն՝ ազդրերի վերին մասերի կամ կրծքագեղձերի վրա:
Ձգվող նշանների առաջացումը կապված է հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնային փոփոխությունների հետ, որոնք բերում են մաշկի էլաստինի և կոլագենի արտադրության կրճատման: Արդյունքում, մաշկի մակերեսային շերտը չի հասցնում ձգվել արագ աճող ենթամաշկային հյուսվածքների հետ, որի հետևանքով մաշկը բարակում է:
Ձգվող նշանները վնասակար կամ վտանգավոր չեն, և ձեր մաշկն աստիճանաբար կձգվի և ձգվող նշանները կանհետանան՝ երբեմն իրենցից հետո թողնելով սպիտակավուն սպիներ: Որոշ կանայք ծննդաբերությունից հետո դիմում են կոսմետոլոգիական բուժման (լազերային հարթեցում, ներարկային մեզոթերապիա, քիմիական փիլինգ և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2020
Վերջին վերանայում՝ 17-05-2024