Առողջական խնդիրներ
Հղիության թեստ

2 րոպե
Եթե կարծում եք, որ հղի եք, կարող եք ձեր հղիությունը հաստատել կամ ժխտել՝ օգտվելով հղիության հայտնաբերման լաբորատոր հետազոտությունից։
Հղիության թեստը հղիության առկայության (կամ բացակայության) որոշումն է լաբորատոր հետազոտության միջոցով։
Ինչպե՞ս է թեստը որոշում ձեր հղիությունը
Հղիության թեստի էությունը մեզի կամ արյան մեջ «մարդու խորիոնային գոնադոտրոպին» կոչվող հորմոնի որոշումն է (ՄԽԳ, անգլերեն հապավումը՝ HCG, ռուսերեն՝ ХГЧ)։
Այս հորմոնը արտադրվում է հղիության ընթացքում և կարող է հայտնաբերվել կնոջ ձվաբջջի բեղմնավորումից արդեն իսկ 10 օր հետո, երբ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդի պատի մեջ։ Ըստ որում, hCG հորմոնը նախ հայտնվում է արյան մեջ, որից հետո միայն՝ մեզի։
Եթե ձեր արյան կամ մեզի մեջ հայտնաբերվում է ՄԽԳ, շատ հավանական է, որ դուք հղի եք։
Հղիության թեստը տնային պայմաններում
Դեղատներում վաճառվում են մեզի միջոցով հղիության որոշման ստրիպներ, որոնց նպատակը մեզի մեջ ՄԽԳ հորմոնի հայտնաբերումն է։
Տարբեր արտադրողների հղիության ստրիպները կարող են ունենալ որոշ առանձնահատկություններ, ուստի ճիշտ կլինի ուշադիր ծանոթանալ տուփում առկա տեղեկատվական թեթիկին։ Սակայն, ընդհանուր առմամբ, այդ ստրիպներով հղիության փաստը արձանագրվում է՝ ելնելով գունային կամ գծային ցուցանիշներից։ Կան նաև թվային (digital) ստրիպներ, որոնք հետազոտության արդյունքի ընթերցելը դարձնում են առավել հեշտացված։
Որոշ արտադրողներ պնդում են, որ իրենց արտադրանքը հղիությունը փաստը որոշում է 99% ճշտությամբ։ Սա ոչ միշտ կարող է ճշգրիտ լինել, և մի մոռացեք, որ դուք կարող եք լինել սխալմունքի 1%-ի մեջ։
Նաև իմացեք, որ ինչպես բոլոր նմանատիպ լաբորատոր թեստերը, հղիության ստրիպը նույնպես կարող է տալ «կեղծ-դրական» (երբ թեստը դրական պատասխան է տալիս հղիության բացակայության պայմաններում) կամ «կեղծ-բացասական» պատասխաններ (երբ փաստացի հղիության պայմաններում ստացվում է բացասական արդյունք)։
Հղիության թեստի արդյունքներն ավելի հավաստի դարձնելու համար խորհուրդ է տրվում համբերել մինչև ակնկալվող դաշտանից մեկ շաբաթ առաջ։ Նաև կարելի է թեստն անցկացնել առավոտյան մեզում, որում hCG հորմոնի մակարդակն ամենաբարձրն է։
Ցանկացած՝ դրական կամ բացասական պատասխանի դեպքում հետազոտությունը կարելի է կրկնել մի քանի օր անց և արդյունքները քննարկել բժշկի հետ։
Հղիության լաբորատոր որոշում
Հղիության լաբորատոր հայտնաբերումն ավելի զգայուն և ճշգրիտ արդյունքներ է տալիս, քան վերևում նկարագրված մեզի ստրիպը։ Այս հետազոտությամբ ոչ միայն որոշվում է արյան մեջ ՄԽԳ հորմոնի առկայությունը, այլև չափվում է վերջինիս մակարդակը։
ՄԽԳ-ի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել Մեդեքս-Lab բաժինը։
Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2018 վերանայվել է՝ 17-01-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: