Լաբ թեստեր

Խոր. գոնադոտրոպին

HCG Total

Ընդհանուր նկարագրություն

Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության սպեցիֆիկ հորմոն է:

Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (HCG կամ HCB+beta) շուրջ 46 կԴա մոլեկուլյար կշռով գլիկոպրոտեին է, որն արտադրվում է ընկերքի սինտիցիո-տրոֆոբլաստում: Այն կազմված է երկու ենթամիավորներից՝ ալֆա և բետա: Ալֆա-ենթամիավորը հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի, ֆոլիկուլախթանիչ հորմոնի և լյուտեինացնող հորմոնի նույն ալֆա-ենթամիավորն է, մինչդեռ այս հորմոնի իմունոմետրիկ որոշման համար կիրառվող բետա-ենթամիավորը (β-HCG) յուրահատուկ է:

β-HCG-ի մակարդակը բեղմնավորվելուց հետո արդեն 6-8-րդ օրերին թույլ է տալիս հայտնաբերել հղիությունը (β-HCG-ի մակարդակը մեզում հասնում է ախտորոշիչ մակարդակի 1-2 օր ավելի ուշ, քան արյան շիճուկում):

Հղիության առաջին եռամսյակում HCG-ը ապահովում է պրոգեստերոնի և էստրոգենների սինթեզը, որոնք անհրաժեշտ են ձվարանի դեղին մարմնի կողմից հղիության պահպանման կողմից: HCG-ը ազդում է դեղին մարմնի վրա այնպես, ինչպես լյուտեինացնող հորմոնը: Սա ընթանում է այնքան ժամանակ, քանի դեռ «պտուղ-ընկերք» կոմպլեքսը ստանում է ինքնուրույն ապահովելու հորմոնային ֆոնը: Արական սեռի պտղի մոտ HCG-ը խթանում է Լեյդիգի բջիջները, որոնք իրենց հերթին արտադրում են արական տիպի սեռական օրգանները ձևավորվելու համար անհրաժեշտ տեստոստերոնը:

HCG-ի սինթեզն ընթանում է տրոֆոբլաստի բջիջների կողմից՝ սաղմի իմպլանտացիայից հետո և շարունակվում է ողջ հղիության ընթացքում: Հղիության նորմալ ընթացքի դեպքում, հղիության 2-5-րդ շաբաթականների ընթացքում β-HCG-ի մակարդակը կրկնապատկվում է յուրաքանչյուր 1,5 օրը մեկ: HCG-ի մակարդակն իր առավելագույնին է հասնում հղիության 10-11-րդ շաբաթականների ընթացքում, որից հետո այն սկսում է դանդաղ նվազել: Բազմապտուղ հիղության ժամանակ HCG-ի մակարդակի բարձրացումը համեմատական է պտուղների թվին:

HCG-ի մակարդակի նվազեցումը կարող է վկայել սպառնացող վիժման դեպքում էկտոպիկ հղիության մասին: Այլ թեստերի հետ HCG-ի մակարդակի որոշումը (ալֆա-ֆետոպրոտեին և ազատ էստրադիոլ՝ հղիության 15-20-րդ շաբաթականների ընթացքում՝ այսպես կողչված« եռակի թեստ») կիրառվում է պտղի զարգացման շեղումների ռիսկի պրենատալ գնահատման մեջ:

Հղիությունից բացի, HCG-ը կիառվում է նաև որպես օնկոմարկեր՝ ամորձիների գերմինատիվ բջիջների և տրոֆոբլաստիկ հյուսվածքների և սերմնաբշտերի HCG-ակտիվ ուռուցքների ախտորոշման ժամանակ:

Հետազոտության ցուցումներ

Կանայք

  • ամենորեա
  • հղիության վաղ ախտորոշում
  • արտաարգանդային հղիության կասկած
  • հղիության վիրահատական ընդհատման լիարժեքության գնահատում
  • հղիության ընթացքի դինամիկ հսկողություն
  • հղիության ընդհատման կասկած
  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշում՝ խորիոնէպիթելոմաներ և այլն
  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ընթացքի դինամիկ հսկողություն
  • պրենատալ ախտորոշում (հղիության երկրորդ տրիմեստրի եռակի թեստ)

Տղամարդիկ

  • ամորձիների ուռուցքների տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

«Խոր. գոնադոտրոպին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Մեթոդի բարձր զգայունությունը թույլ է տալիս հղիությունն ախտորոշել դաշտանի արդեն 1-2-օրյա հետաձգման ժամանակ, սակայն, կախված կանանց մոտ HCG-ի սինթեզման արագության անհատական տարբերություններից, կեղծ-բացասական պատասխաններից խուսափելու համար ավելի ճիշտ է հետազոտությունն իրականացնել դաշտանի հետաձգման 3-5-րդ օրերից ոչ վաղ:

Կասկածելի պատասխան ստանալիս կարիք է զգացվում հետազոտությունը կրկնել 2-3 օր անց: Արտաարգանդային հղիությունը դադարեցնող վիրահատությունից հետո, վիրահատության լիարժեքությունը գնահատելու համար թեստը կարելի է կրկնել միջամտությունից 1-2 օր անց:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին (ժամը 8:00-11:00 միջակայքում), քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը` ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ անց: Կարելի է ընդունել ջուր: Հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մՄՄ/մլ (միլի Միջազգային Միավոր/միլիլիտր, mIU/mL)

Այլընտրանքային չափման միավոր

U/L (միավոր/լիտր)

Միավորների փոխակերպում

մՄՄ/մլ = Մ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • տղամարդիկ՝ մինչև 2,6 մՄՄ/մլ
  • ոչ հղի կանայք, պրեմենոպաուզայի շրջանում՝ մինչև 5,3 մՄՄ/մլ
  • ոչ հղի կանայք, պոստմենոպաուզայի շրջանում՝ մինչև 8,3 մՄՄ/մլ

Հղի կանայք

  • 9 շաբաթական ( 63803-151410) մՄՄ/մլ
  • 10 շաբաթական (46509-186977) մՄՄ/մլ
  • 12 շաբաթական (27832-210612) մՄՄ/մլ
  • 14 շաբաթական (13950-62530) մՄՄ/մլ
  • 15 շաբաթական (12039-70971) մՄՄ/մլ
  • 17 շաբաթական (8175-55868) մՄՄ/մլ
  • 18 շաբաթական (8099-58176) մՄՄ/մլ
  • 19 շաբաթական (3300-40000) մՄՄ/մլ
  • 20 շաբաթական (2500-32000) մՄՄ/մլ
  • 21 շաբաթական (1800-25000) մՄՄ/մլ
  • 22-40 շաբաթական (1800-59000) մՄՄ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

HCG մակարդակի բարձրացում

Տղամարդիկ և ոչ հղի կանայք

  • խորիոնկարցինոմա, խորիոնկարցինոմայի ռեցիդիվ
  • խորիոնադենոմա, խորիոնադենոմայի ռեցիդիվ
  • սեմինոմա
  • ամորձու տերատոմա
  • ստամոքս-աղիքային տրակտի նորագոյացություններ (այդ թվում՝ կոլոռեկտալ քաղցկեղ)
  • թոքերի, երիկամների, արգանդի և այլնի նորագոյացություններ
  • հետազոտություն՝ աբորտից 4-5 օրվա ընթացքում
  • HCG-ի պրեպարատների ընդունում

Հղի կանայք

  • բազմապտուղ հղիություն
  • ձգձգվող տևողության հղիություն
  • ռեալ և հաշվարկված հղիության ժամկետների անհամապատասխանություն
  • հղիների վաղ տոքսիկոզ, գեստոզ
  • մոր մոտ շաքարային դիաբետ
  • պղտի քրոմոսոմային արատ (առավել հաճախ՝ Դաունի համախտանիշ, պտղի զարգացման բազմաթիվ արատներ)
  • սինթետիկ գեստագենների ընդունում

HCG մակարդակի նվազեցում

Հղի կանայք

  • արտաարգանդային հղիություն
  • չզարգացող հղիություն
  • հղիության ընդհատման վտանգ (հորմոնի մակարդակը կտրուկ ընկնում է նորմայի 50%-ից ցածր)
  • քրոնիկ պլացենտար անբավարարություն
  • հղիության իսկական երկարաձգում
  • պղտի անտենատալ մահ (II-III տրիմեստրներում)

Կեղծ բացասական պատասխաններ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Human Chorionic Gonadotropine

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HCG Total

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: