Ձեր երեխայի զարգացմանը նպաստելուց սկսած մինչև հղիությունից հետո քաշի կորուստը՝ իմացեք, թե ամիսներ տևող հղիության այս ժամանակաշրջանում ինչու է կարևոր քաշի ավելացումը:
Առողջ ապրելակերպի սովորությունները կարող են օգնել, որ լավագույնս կառավարեք հղիության ընթացքում ձեր քաշի ավելացումը և նպաստեք ձեր երեխայի առողջությանը: Բացի այդ, հղիության ընթացքում սննդի խելամիտ ընտրություն կատարելը կարող է հեշտացնել ձեր երեխային ծննդաբերելուց հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելը:
Հղիության ընթացքում քաշի ավելացման ուղեցույցներ
Հղիության ընթացքում քաշի ավելացման համար գոյություն չունի եզակի մոտեցում բոլոր hղի կանանց համար: Հղիության ընթացքում քաշի համապատասխան ավելացումը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ ձեր նախահղիության քաշից և մարմնի զանգվածի ցուցանիշից կամ գործակցից (ՄԶՑ, անգլերեն՝ BMI): Ձեր և ձեր երեխայի առողջական վիճակը նույնպես դեր է խաղում: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե որ տարբերակն է լավագույնս համապատասխանում ձեր իրավիճակին:
Հաշվի առեք հղիության ընթացքում քաշի ավելացման հետևյալ ընդհանուր ուղեցույցները:
Քաշը հղիությունից առաջ | Առաջարկվող քաշի ավելացում |
---|---|
Աղբյուր․ ԱՄՆ Ազգային հետազոտական խորհրդի ինստիտուտ | |
Թերքաշ (ՄԶՑ 18,5-ից ցածր) | մոտ 13-ից մինչև 18 կգ |
Առողջ քաշ (18,5-24,9 ՄԶՑ) | մոտ 11-ից մինչև 16 կգ |
Ավելորդ քաշ (25-29,9 ՄԶՑ) | մոտ 7-ից մինչև 11 կգ |
Գիրություն (30 և ավելի ՄԶՑ) | մոտ 5-ից մինչև 9 կգ |
Երբ ունեք երկվորյակ կամ այլ բազմապտուղ հղիություն
Եթե ունեք երկվորյակ (զույգ) կամ այլ բազմապտուղ հղիություն, ամենայն հավանականությամբ ձեզ հարկավոր կլինի ավելի շատ քաշ հավաքել: Կրկին, աշխատեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե որ տարբերակն է լավագույնս համապատասխանում ձեր իրավիճակին:
Հաշվի առեք հղիության ընթացքում քաշի ավելացման հետևյալ ընդհանուր ուղեցույցները, եթե ունեք բազմապտուղ հղիություն:
Քաշը հղիությունից առաջ | Առաջարկվող քաշի ավելացում |
---|---|
Աղբյուր․ ԱՄՆ Ազգային հետազոտական խորհրդի ինստիտուտ | |
Թերքաշ (ՄԶՑ 18,5-ից ցածր) | մոտ 23-ից մինչև 28 կգ |
Առողջ քաշ (18,5-24,9 ՄԶՑ) | մոտ 17-ից մինչև 25 կգ |
Ավելորդ քաշ (25-29,9 ՄԶՑ) | մոտ 14-ից մինչև 23 կգ |
Գիրություն (30 և ավելի ՄԶՑ) | մոտ 11-ից մինչև 19 կգ |
Երբ ունեք ավելորդ քաշ
Հղիությունից առաջ ավելորդ քաշը մեծացնում է հղիության տարբեր բարդությունների ռիսկը, ինչպիսիք են գեստացիոն (հղիության) դիաբետը, հղիության ընթացքում բարձր արյան ճնշման (հիպերտենզիվ) խանգարումները, այդ թվում՝ պրեէկլամպսիան, կեսարյան հատման անհրաժեշտությունը և վաղաժամ ծննդաբերությունը:
Թեև հղիության ընթացքում որոշակի չափով քաշի ավելացում խորհուրդ է տրվում հղիությունից առաջ ավելորդ քաշ ունեցող կամ գեր կանանց, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ գիրություն ունեցող կանայք կարող են ապահով կերպով ավելի քիչ քաշ հավաքել, քան առաջարկվում է ուղեցույցներով: Այս հարցի վերջնական պատասխանը պահանջում է ավելի շատ հետազոտություն:
Աշխատեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե որքան քաշ է պետք ավելացնել հղիության ընթացքում: Ձեր բժիշկը կարող է առաջարկել ուղեցույց սնվելու և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ, ինչպես նաև մոտեցնումներ՝ ուղղված հղիության ընթացքում ձեր քաշի կառավարմանը:
Երբ թերքաշ եք
Եթե մինչև հղիությունը ունեցել եք նորմայից պակաս քաշ, հղիության ընթացքում կարևոր է, որ խելամիտ կերպով քաշ հավաքեք: Առանց լրացուցիչ քաշի, ձեր երեխան կարող է ծնվել ժամկետից վաղ (վաղաժամ ծննդաբերություն) կամ ավելի փոքր, քան ակնկալվում էր:
Երբ ավելացնում եք չափից շատ քաշ
Հղիության ընթացքում չափից շատ քաշ հավաքելը կարող է մեծացնել ձեր երեխայի առողջական խնդիրների ռիսկը, ինչպիսիք են միջինից զգալիորեն մեծ ծնվելը և ծննդաբերական բարդությունները, օրինակ՝ գլխի ծննդաբերությունից հետո երեխայի ուսի «լռվելը» (ուսի դիստոցիա): Հղիության ընթացքում ավելցուկային քաշի ավելացումը նաև կարող է դժվարացնել ծննդաբերությունից հետո առողջ քաշի պահպանման ջանքերը:
Ո՞ւ է ուղղվում հղիության ընթացքում քաշի ավելացումը
Ենթադրենք, ձեր երեխան կշռում է մոտ 3-ից 3,6 կիլոգրամ (7 կամ 8 ֆունտ): Սա միայն մասամբ է պայմանավորում հղիության ընթացքում ձեր քաշի ավելացումը: Իսկ մնացա՞ծը: Մեր օրինակի համար ձեր քաշի ավելացման այլ աղբյուրներից կարող են լինել՝
- ավելի մեծ կրծքագեղձեր՝ մոտ 0,5-ից 1,4 կգ (1-ից 3 ֆունտ)
- ավելի մեծ արգանդ՝ մոտ 0,9 կգ (2 ֆունտ)
- ընկերք՝ մոտ 0,7 կգ (1,5 ֆունտ )
- պտղաջրեր (ամնիոտիկ հեղուկ)՝ մոտ 0,9 կգ (2 ֆունտ)
- արյան ծավալի ավելացում՝ մոտ 1,4-ից 1,8 կգ (3-ից 4 ֆունտ )
- հեղուկի ծավալի ավելացում՝ մոտ 0,9-ից 1,4 կգ (2-ից 3 ֆունտ)
- ճարպային պաշարներ՝ մոտ 2,7-ից 3,6 կգ (6-ից 8 ֆունտ):
Կիլոգրամների ավելացումը
Առաջին եռամսյակում կանանց մեծամասնության համար պետք չէ շատ քաշ հավաքել: Սա լավ նորություն է, եթե պայքարում եք առավոտյան սրտխառնոցի դեմ:
Եթե հղիությունը սկսում եք առողջ քաշով, առաջին մի քանի ամիսներին պետք է ավելացնել ընդամենը մոտ 0,5-ից 1,8 կիլոգրամ (1-ից 4 ֆունտ): Դուք կարող եք դրան հասնել՝ պարզապես հետևելով առողջ սննդակարգին, ուստի ավելորդ կալորիաների կարիք չունեք:
Քաշի կայուն աճն ավելի կարևոր է հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում, հատկապես, եթե սկսել եք առողջ քաշով կամ թերքաշ եք: Ըստ ուղեցույցների, մինչև ծննդաբերությունը դուք շաբաթական մոտ 0,5 կիլոգրամ (1 ֆունտ) պետք է քաշ հավաքեք: Օրական լրացուցիչ 300 կալորիան՝ կես սենդվիչը և մեկ բաժակ յուղազերծված կաթը, կարող է բավարար լինել այս նպատակին հասնելու համար: Ավելորդ քաշ ունեցող կամ գեր կանանց համար ուղեցույցներն առաջարկում են շաբաթական մոտ 0,2 կգ (1/2 ֆունտ) քաշի ավելացում՝ երկրորդ և երրորդ եռամսյակում: Փորձեք ձեր սննդակարգում ավելացնել մի բաժակ ցածր յուղայնությամբ կաթ կամ մեկ ունցիա պանիր և մեկ չափաբաժին թարմ մրգեր:
Ձեր բժշկի հետ աշխատելը
Ձեր բժիշկն ուշադիր հետևելու է ձեր քաշին: Դուք կարող եք ստանձնել ձեր դերը՝ հետևելով առողջ սննդակարգին: Բացի այդ, հղի կանանց մեծ մասի համար խորհուրդ է տրվում շաբաթվա օրերի մեծ մասում լինել ֆիզիկապես ակտիվ, օրինակ՝ առնվազն 30 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժանքներ կատարել, ինչպիսիք են արագ քայլքը կամ լողալը: Այնուամենայնիվ, նախքան որևէ վարժանքների ծրագիր սկսելը, խոսեք ձեր բժշկի հետ: Եվ անպայման հետևեք ձեր նախածննդյան (պրենատալ) այցերի ժամանակացույցին:
Հղիության ընթացքում քաշի ավելացումը ճիշտ մակարդակի վրա պահելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդներ առաջարկել կալորիաների ավելացման կամ անհրաժեշտության դեպքում՝ նվազեցման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024