Դաշտաններից առաջ օրգանիզմում ջրի պահպանումը կարող է վերածվել հոգնեցուցիչ խնդրի: Հասկացեք, թե ինչ կարող է օգնել ազատվելու այս նախադաշտանային ախտանիշից:
Արդյո՞ք ջրի պահպանումը ձեզ համար կանոնավոր նախադաշտանային ախտանիշ է: Ահա ձեզ ավելի լավ զգալու խորհուրդներ:
Ինչո՞ւ է տեղի ունենում ջրի պահպանումը
Ջրի նախադաշտանային պահպանումը, հավանաբար, պայմանավորված է հորմոնային տատանումներով: Ձեր սննդակարգը նույնպես կարող է դեր խաղալ:
Դաշտան տեսնող կանանց մեծամասնությունն ունենում է դաշտաններին 1-2 օր նախորդող որոշակի ախտանիշներ, ինչպիսին է փքվածությունը (փորափքանք, մետեորիզմ): Մյուսները պարբերաբար նշում են ախտանիշներ դաշտանի սկսվելուց հինգ օրվա ընթացքում, որոնք կարող են ազդել նրանց առօրյայի վրա: Սա կոչվում է նախադաշտանային համախտանիշ (ՆԴՀ) կամ պրեմենստրուալ սինդրոմ (ՊՄՍ):
Իմացե՛ք ավելին նախադաշտանային համախտանիշի մասին:
Գանգատների մեղմացման խորհուրդներ
Ջրի նախադաշտանային պահպանումը նվազեցնելու համար կատարեք այս քայլերը:
- Սահմանափակեք աղը ձեր սննդակարգում. շատ աղի մթերքներ ուտելը կարող է վատթարացնել ջրի պահպանումը:
- Մագնեզիում. մագնեզիումի հավելումների ընդունումը կարող է օգնել ջրի պահպանման մեղմացմանը: Որևէ հավելում օգտագործելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ:
- Միզամուղներ (դիուրետիկներ)․ այս դեղամիջոցները կարող են օգնել օրգանիզմում հեղուկի կուտակման նվազեցմանը: Նկատի ունեցեք, որ միզամուղների հետ միասին ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունելը, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե և այլն) կարող է առաջացնել երիկամների վնասում: Երբեք մի՛ օգտագործեք միզամուղներ՝ առանց նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելու:
Կան որոշ տվյալներ այն մասին, որ կանոնավոր աերոբիկ վարժությունները և ռելաքսացիայի մեթոդները, ինչպիսիք են շնչառական վարժությունները, մեդիտացիան, յոգան և մերսումը, կարող են նվազեցնել ՆԴՀ-ի ախտանիշները:
Ե՞րբ մտածել այլ տարբերակների մասին
Եթե ձեզ շարունակում է անհանգստացնել ամեն ամիս կրկնվող օրգանիզմում ջրի պահպանումը, դիմեք ձեր բժշկին: Նա կարող է առաջարկել ձեզ մի քանի ամիս լրացնել ախտանիշների օրագիր: Սա կարող է օգնել հասկանալու, որ ձեր ախտանիշները կապված են ձեր դաշտանային ցիկլի, այլ ոչ թե այլ պատճառների հետ: Բժիշկը նաև կարող է օգնել, որ միասին որոշեք ձեզ համար լավագույն բուժումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2024
Վերջին վերանայում՝ 14-07-2024