Եթե ձեզ առաջարկել են վիրահատական բուժում և դուք տվել եք ձեր համաձայնությունը, ճիշտ կլինի օրեր առաջ նախապատրաստվել ակնկալվող միջամտությանը։
Վիրահատությանը նախապատրաստվելը ներառում է բուն վիրահատության օգուտների, ռիսկերի, արդյունքների և հետևանքների, հիվանդանոցային բուժման և հետվիրահատական վերականգնման ընթացքի ու տևողության մասին նախապես լիարժեք տեղեկանալը, ակնկալվող ծախսերը նախատեսելը և ձեր առօրյա կյանքին վերաբերող այլ անհրաժեշտ հարցերին նախապես լուծումներ պատրաստելը։
Վիրահատությունից օրեր առաջ
Համոզվեք, որ հստակ գիտեք, թե ինչ վիրահատության եք ենթարկվելու և լիարժեք պատկերացնում եք, թե ինչու է ձեզ նշանակված հենց այդ վիրահատությունը: Հարցերք ձեր բժշկին նաև այն մասին, թե վիրահատական բուժմամբ առողջական ինչ խնդիրներ են լուծվելու, ինչ խնդիրներ չեն լուծվելու և վիրահատության ընթացքում և դրանից հետո ինչ վտանգներ և կողմնակի հետևանքներ կարող են զարգանալ՝ նույնիսկ խիստ փոքր հավանականությամբ։
Ընդհանուր առմամբ, վիրահատությունները կատարվում են ընդհանուր կամ տեղային անզգայացման ներքո։ Խոսեք ձեր վիրաբույժի հետ անզգայացման մեթոդի և դրան նախապատրաստվելու մասին, քանի որ չի բացառվում, որ ձեր անեսթեզիոլոգին տեսնեք միայն վիրահատությունից մեկ օր առաջ կամ բուն վիրահատության օրը։
Եթե օգտագործում եք դեղեր, քննարկեք ձեր ընտանեկան բժշկի և վիրաբույժի հետ հետնախավիրահատական և հետվիրահատական շրջանում դրանց ընդունման նպատակահարմարությունը։ Շատ կարևոր է ճշտել, թե արդյոք դրանք պետք է շարունակել ստանալ նույն դեղաչափերով, թե պետք է փոփոխել կամ ժամանակավորապես դադարեցնել դեղի ընդունումը, ինչպիսիք են Ասպիրինը, հակաբորբոքային դեղերը, հակամակարդիչները և այլն։
Ընդ որում, տեղեկացրեք վիրաբույժին ձեր կողմից պարբերաբար ընդունվող բոլոր, այդ թվում՝ առանց դեղատոմսի նշանակվող դեղամիջոցների մասին։ Խոսքը միայն խմելու կամ ներարկման ձևով ընդունվող դեղերի մասին չէ, այլ նաև՝ քսուքների, նրբաքսուքների (կրեմների), գելերի և այլն։ Չմոռանաք տեղեկացնել բուսական և այլ հավելումների մասին:
Նույն կերպ, եթե դուք ունեք շաքարային դիաբետ, բժիշկը կարող է ձեզ առաջարկել ամենօրյա դեղերի կամ սննդակարգի որոշ փոփոխություններ։
Եթե ծխող եք, հնարավորության դեպքում հրաժարվեք ծխախոտից։ Դա կարող է օգնել անզգայացման հետ կապված ռիսկերի նվազեցմանը և բարձրացնել հետվիրահատկան շրջանի ավելի հարթ ընթացքի հավանականությունը։
Եթե ամեն օր ալկոհոլ եք օգտագործում, սպասվող վիրահատությունից օրեր առաջ ընդունվող խմիչքների քանակի կրճատումը նույնպես կարող է բարերար ազդեցություն թողնել հետվիրահատական ընթացքի վրա։
Վիրահատությունց մեկ օր առաջ
Եթե պլանային վիրահատությունն ընթանալու է ընդհանուր ազգայացման ներքո, վիրաբույժը ձեզ կառաջարկի բուն միջամտությունից ժամեր անց դադարեցնել սննդի և հեղուկների ընդունումը։ Դեպքերի մեծ մասի ժամանակ վիրահատությունից 2 ժամ առաջ ձեզ կարող են թույլատրել ջրի կամ թեյի ընդունումը։ Բոլոր դեպքերում, զրուցեք այս մասին ձեր անեսթեզիոլոգի և վիրաբույժի հետ։
Նույն կերպ, վիրահատությունից մինչև 2 ժամ առաջ ձեզ հավանաբար թույլ կտան մի փոքր ջրով ընդունել ձեր ամենօրյա դեղերը։ Կրկին, պարզաբանեք այս հարցը ձեր բժիշկների հետ։
Վիրահատությունից հետո
Հարցրեք բժշկին, թե որքան է տևելու ձեր հիվանդանոցային բուժումը։ Որոշ դեպքերում դուք կարող եք տուն վերադառնալ վիրահատությունից ընդամենը մի քանի ժամ հետո, այլ դեպքերում հիվանդանոցում ձեր մնալը կարող է տևել օրեր և անգամ շաբաթներ։ Հիվանդանոցային բուժման և հետվիրահատական վերականգնման ընթացքը և տևողությունը հիմնականում կախված են ձեր հիվանդությունից, ուղեկցող առողջական խնդիրներից և բուն վիրահատական միջամտության բարդությունից։
Հետվիրահատական շրջանի թիվ մեկ խնդիրը սովորաբար վիրահատական վերքի շրջանի ցավն է։ Նման դեպքերում մի փորձեք «հերոսություն» անել. տեղեկացրեք ձեր բժշկին կամ բուժքույրերին, եթե հետվիրահատական ցավերը դարձել են ուժեղ և անհանգստացնող։
Հիշեք, որ վիրահատությունից հետո ձեր աշխատունակությունը կարող է վերականգնվել հիվանդանոցից դուրս գրվելուց օրեր կամ նույնիսկ շաբաթներ հետո։ Պլանավորեք ձեր առօրյա կյանքը և կազմակերպեք ձեր տնային խնամքը և վերականգնումը՝ այդ մասին տեղեկացնելով ձեր բուժող բժշկին։
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024