Եթե 12 ամիս կամ ավելի երկար ժամանակվա ընթացքում կանոնավոր չպաշտպանված սեռական հարաբերությամբ հղիանալու ձեր փորձերը հաջողության չեն հասնում, ժամանակն է, որ այցելեք ձեր բժշկին:
Եթե դուք 35-ն անց կին եք կամ կարծում եք, որ կամ դուք կամ ձեր զուգընկերն ունեք պտղաբերության որևէ խնդիր, այցելեք ձեր բժշկին 6 ամսվա անհաջող փորձերից հետո:
Պտղաբերության խնդիրը կարող է առաջ գալ, եթե դուք տարել եք վիրահատություն, որը վնասել է ձեր վերարտադրողական օրգանները կամ ունեք որևէ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, օրինակ՝ քլամիդիա:
Պտղաբերության խնդիրներով բազմաթիվ զույգեր շարունակում են կնոջ հղիանալու փորձերը՝ անպտղության բուժմամբ կամ առանց դրա: Եթե այցելել եք ձեր բժշկին հղիության հետ կապված խնդիրների կապակցությամբ, նա կարող է հարցնել, թե ինչքան ժամանակ եք դուք փորձել հղիանալ:
Եթե անպաշտպան կանոնավոր սեռական հարաբերությունների միջոցով հղիանալու ձեր փորձերը չեն անցնում մեկ տարին և որևէ պատճառ չկա, որ ձեր բժիշկը կասկածի անպտղության լուրջ պատճառի մասին, նա կարող է առաջարկել, որ շարունակեք ձեր փորձերը՝ մինչև բնական ճանապարհով հաջողության հասնելը:
Կանոնավոր սեռական հարաբերությունը նշանակում է, որ ամսվա ընթացում դուք հարաբերվում եք առնվազն յուրաքանչյուր 2-3 օրը մեկ: Դուք պետք է նաև սովորեք, թե ինչպես կարելի է կանխատեսել մոտակա ձվազատումը (օվուլյացիա), որ իմանաք, թե երբ է ձեր հղիանալու հավանականությունն ամենաբարձրը:
Եթե, այնուամենայնիվ, ավելի քան 12 ամսվա ընթացքում կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունները չեն բերում ցանկալի հղիության, ձեր բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ, որ հասկանա, թե ինչն է ձեզ մոտ բեղմնավորումը չհաջողվելու պատճառը:
Եթե հետազոտությունների արդյունքներով պարզվում է, որ դուք կամ ձեր զուգընկերն ունեք անպտղություն, ձեր բժիշկը կարող է առաջարկել բուժման տարբեր մեթոդներ, օրինակ՝ արտամարմնային բեղմնավորում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024