Գրադարան
Միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբ («մինի հաբ»)
3 րոպե
Միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբը կամ «մինի հաբը», ինչպես հուշում է անվանումը, նախատեսված է անցանկալի հղիությունը կանխարգելելու համար:
«Մինի հաբը» լավ հնարավորություն է այն կանանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ընդունել այլ տեսակի բեղմնականխիչ դեղեր, օրինակ՝ կրծքով կերակրման ժամանակաշրջանում: «Մինի հաբի» գլխավոր թերությունն այն է, որ բավարար բեղմնականխիչ ազդեցություն դրսևորելու համար դուք ստիպված եք խիստ հետևողականորեն՝ ամեն օր նույն ժամին խմել այս հաբը:
Ի՞նչ է «մինի հաբը»
«Մինի հաբն» օրական խմվող դեղ է, որն օգնում է ձեզ, եթե ցանկանում եք կանխարգելել անցանկալի հղիությունը: Այս դեղի լրիվ անվանումն է «միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբ» և ստացել է առօրյա «մինի հաբ» անվանումը, քանի որ, ի տարբերություն համակցված հակաբեղմնավորիչ հաբի, պարունակում է միայն մեկ ակտիվ (ազդող) նյութ՝ պրոգեստոգեն:
«Պրոգեստոգենները» (պորգեստոգեններ կամ գեստագեններ) իգական սեռական հորմոնների մի ենթատեսակի հավաքական անվանումն է, որոնք արտադրվում են գլխավորապես ձվարանների դեղին մարմնի և մասամբ մակերիկամների կեղևի, իսկ հղիության ընթացքում՝ նաև պտղի ընկերքի կողմից: Դրանք ունեն միակ բնական պրոգեստերոն հորմոնին նմանվող ազդեցություններ: Պրոգեստերոնից բացի մնացած բոլոր պրոգեստոգենները սինթետիկ ծագման են և հաճախ անվանվում են «պրոգեստիններ»:
«Մինի հաբը» անցանկալի կամ չնախատեսված հղիությունը կանխելու հնարավորություն է տալիս այն կանանց, ովքեր չեն կարող ընդունել համակցված հակաբեղմնավորիչ հաբ, օրինակ՝ կրծքով կերակրման ժամանակաշրջանում կամ այլ առողջական խնդիրներ ունենալիս:
Ինչպե՞ս է «մինի հաբն» ազդում
«Մինի հաբը» արգանդի վզիկի լորձը դարձնում է ավելի մածուցիկ, իսկ մածուցիկ լորձը խոչընդոտում է սպերմատոզոիդների տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ ու ձվաբջջի բեղմնավորումը:
Որոշ կանանց մոտ «մինի հաբը» նաև առաջին հերթին կանխարգելում է ձվարանների կողմից ձվազատումը (օվուլյացիա):
«Մինի հաբի» առավելությունները և թերությունները
«Մինի հաբի» գլխավոր առավելություններից են՝
- կարող է օգտագործվել կանանց մեծ մասի կողմից, ներառյալ նրանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող խմել համակցված հակաբեղմնավորիչ հաբ
- ցածր դեղաչափով հաբ է, որը չի պարունակում էստրոգեն, հետևաբար՝ չունի համակցված հաբի հետ կապված ռիսկերի մի մասը:
Նույն հաբի հիմնական թերություններից են՝
- պահանջում է ամեն օր նույն ժամին խիստ հետևողականորեն ընդունում՝ միայն 3-ժամյա թույլատրելի (սակայն՝ ոչ ցանկալի) շեղմամբ
- կարող է առաջացնել անկանոն դաշտանային ցիկլ
- ի տարբերություն պահպանակի, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ), օրինակ՝ ՄԻԱՎ-ից:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել ամենօրյա դեղաչափը
Եթե ձեր հերթական հաբի ընդունման նախատեսված պահից անցել է ոչ ավելի, քան 3 ժամ, ապա խմեք ձեր հերթական դաղաչափը: Շարունակեք խմել ձեր օրական հաբը և մոտակա 48 ժամվա ընթացքում օգտվեք հակաբեղմնավորիչ մեկ այլ տարբերակից (օրինակ՝ պահպանակ), քանի դեռ չեք ստացել «մինի հաբի» երեք հաջորդական դեղաչափեր:
Ե՞րբ է «մինի հաբն» առավել լավ ազդում
«Մինի հաբն» առավել ազդեցություն է դրսևորում, եթե ընդունվում է պատշաճ կերպով: Սակայն ոչ բոլոր կանայք են հետևում ամենօրյա ընդունման ռեժիմին, և դա է պատճառը, որ «մինի հաբ» խմող 10 կանանցից մեկը կարող է հղիանալ:
Փսխումը կամ փորլուծությունը կարող են խոչընդոտել խմած հաբի նորմալ ներծծմանը:
Որոշ դեղեր կամ խոտաբույսեր նույնպես կարող են փոխազդել և խանգարել «մինի հաբի» պատշաճ ազդեցությանը, ուստի տեղեկացրեք ձեր բժշկին ձեր կողմից ընդունած բոլոր դեղերի և հավելումների մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2020 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: